«Կանացիությունը կնոջ հաջողության գրավականն է».Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի փոխտնօրեն Զառա Մալայան (Photo)

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել ամենավարկանիշային ու հեղինակավոր կանանց։ Կանանց, ովքեր ոգեշնչում են, մոտիվացնում հաջողության իրենց պատմություններով;

Այսօրվա մեր հերոսուհին  Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի  փոխտնօրեն Զառա Մալայանն է։  Որպես իսկական նոր ժամանակների կին նա ոչ միայն հիանալի  համատեղում է  մեծ բժշկական կենտրոնի ղեկավար պաշտոնը,  սիրով լի ընտանիքի ու մայրության  հետ, այլև երկրորդ մասնագիտություն է ձեռք բերել Ամերիկյան համալսարանում և իրականացրել  բարեգործական ծրագրեր, որանց շնորհիվ  Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում  հնարավորություն  է ստեղծվել անվճար բժշկական օգնություն ստանալ,  հատկապես՝ երեխաներին:

«Կանացիությունը  կնոջ հաջողության գրավականն է» ,- ասում է հմայիչ ժպիտով մեր  զրուցակիցը։

-Տիկի՛ն Մալայան, Դուք  երկար տարիներ ղեկավար պաշտոն եք զբաղեցնում Ս․Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում։ Կին-ղեկավարներ հաճախ ենք հյուրընկալել,  ի՞նչ առանձնահատկություններ ունի առողջապահական հաստատության կառավարումը։
-Առողջապահական հիմնարկների կառավարման մասին խոսելիս նախ պետք է հաշվի առնել մի շատ կարևոր
հանգամանք՝ այստեղ դիմում են առողջական խնդիր ունեցող մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն, ում կյանքի
որակն ընկել է։ Եվ բուժկենտրոն այցելելիս նրանք ցանկանում են, որ իրենց լսեն, հասկանան ու լուծեն իրենց
խնդիրը։ Իհարկե, առաջինը որակյալ պրոֆեսիոնալ բուժ ծառայությունները: Բժշկական որակյալ ծառայությունների մատուցումից զատ՝ շատ կարևոր է բարեհամբույր և անսահման համբերատար վերաբերմունքը յուրաքանչյուր այցելուի հանդեպ բուժհաստատության ողջ անձնակազմի կողմից՝
ընդունարանի աշխատակցից մինչև ադմինիստրացիա։ Այսինքն՝ բուժհաստատության ներսում պետք է տիրի
փոխադարձ հարգանքի և ներդաշնակության մթնոլորտ։
– Ինչպե՞ս կգնահատեք մեր հասարակության կողմից բժշկի հանդեպ ունեցած վերաբերմունքը, շփման մշակույթը, որքանո՞վ է բժիշկը պաշտպանված։
-Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ՝ անկախ մասնագիտությունից, ցանկանում է իրեն գնահատված զգալ։
Իսկ բժշկությունը ամենաբարդ մասնագիտություններից մեկն է, որովհետև դրա կրողները պատասխանատու են
աշխարհում ամենաթանկի՝ առողջության, մարդկային կյանքի համար, և պաշտպանված լինելը նրանց համար շատ
կարևոր է, ինչը մեր հասարակության մեջ թերի կողմեր ունի։
Պետք է քաջ գիտակցել, որ բժիշկը երջանիկ է այն ժամանակ, երբ իր հիվանդին առողջացած է տեսնում՝
արժանանալով նրա բարձր գնահատականին։ Սակայն պետք է նկատել, որ բժշկության մեջ գոյություն ունեն
հետվիրահատական բարդություններ, որոնք բժիշկը ոչ միշտ է կարող կանխատեսել։ Եվ որքան էլ հիվանդները
տեղեկացվում են այդ մասին մինչև վիրահատությունը, միևնույնն է, գտնվում են մարդիկ, ովքեր չեն ցանկանում
հաշվի նստել այդ փաստի հետ։ Օրինակ՝ մեր կենտրոնում հիվանդները ստորագրում են փաստաթուղթ այն մասին,
որ տեղյակ են հնարավոր բարդությունների մասին։ Սակայն դա երաշխիք չէ, որ բարդությունների դեպքում հիվանդը
չի բողոքելու․ մարդիկ տարբեր են և յուրովի են ընկալում ամեն բան՝ դրսևորելով ոչ ստանդարտ վարք։
Կարծում եմ՝ բժշկի իրավունքների պաշտպանության հետ կապված մենք ևս անելիքներ ունենք։

-Որքանո՞վ եք Դուք՝ որպես փոխտնօրեն, կանգնած Ձեր բժշկի կողքին նմանատիպ իրավիճակներում։

-Թող անհամեստ չհնչի, բայց կարծում եմ՝ ես բնույթով արդարամիտ մարդ եմ, և ճշմարտությունն ինձ
համար ամենակարևոր արժեքն է, որով առաջնորդվում եմ։ Մեր կենտրոնի բժիշկները իսկական պրոֆեսիոնալներ
են, և ես միայն հպարտանում եմ նրանց կատարած աշխատանքով։ Երբ որևէ բողոք եմ ստանում, փորձում եմ
բացատրել հիվանդին կամ նրա հարազատներին ճշմարտությունը և հավասարակշռել երկու կողմերի
հարաբերությունները։

– Հաջողվո՞ւմ է խնդիրները  թողնել աշխատավայրում ու «չտանել» տուն։ 

-Անկեղծ ասեմ՝ հեշտ չէ, որովհետև դու անընդհատ փորձում ես պահել ներքին հավասարակշռությունդ,
ձգտում խնդիրները թողնել աշխատավայրում և չտանել տուն, չծանրաբեռնել ընտանիքի անդամներին դրանցով։
Բայց եթե ընտանիքդ հասկանում է քեզ, աջակցում, ապա դա լիցքաթափում է քեզ, լցնում դրական էներգիայով, ուժ
տալիս, որ առավել արդյունավետ աշխատես։ Նրանց խորհուրդները ես սիրով եմ լսում և բարձր գնահատում։

-Գիտեմ, որ երկրորդ  մասնագիտություն եք ձեռք բերել , ընտանքի, ծանրաբեռնված աշխատանքի հետ դա կարծես անհավանական է թվում ։
-Այո, պետք է նշեմ, որ ինձ հաջողվեց ստանալ երկրորդ մասնագիտություն․ ավարտեցի Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, ինչին այդքան էլ հեշտ չէր հասնել աշխատանքի և ընտանիքի հետ համատեղ։ Եվ երկրորդ՝ չլինելով բժիշկ՝ հաջողվել է ձեռք բերել բավականին խորը գիտելիքներ ինչպես
ակնաբուժության, այնպես էլ բուժ. կառավարման գործընթացում:

-Տիկի՛ն Մալայան ինչպե՞ս եք բաշխում Ձեր սերը, նվիրվածությունը ընտանիքի և աշխատանքի միջև այն
պարագայում, երբ աշխատում եք Ձեր ՝ հայրական ընտանիքի ստեղծած կենտրոնում։
-Ընտանիքն ինձ համար միշտ առաջին տեղում է՝ թե՛ իմ ստեղծած ընտանիքը, թե՛ հայրական։ Սիրո
բաշխումը բավականին դժվար է, հատկապես, երբ փորձում ես այն հավասար բաշխել։ Իմ կյանքում այնպես է
ստացվել, որ ես աշխատում եմ հորս, քրոջս հետ, և իմ սերը նրանց գործնականում ամեն օր հաղորդելու
հնարավորություն ունեմ․ փորձում եմ թեթևացնել նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հնարավորինս
զերծ պահել այլ խնդիրներից, ինքս հարթել դրանք, որպեսզի իրենք զբաղվեն իրենց՝ առանց այդ էլ բարդ բժշկական
աշխատանքով։
Իսկ իմ փոքրիկ ընտանիքում որպես կին և մայր՝ ամեն օր փորձում եմ ավելին անել, ավելին տալ,
հատկապես՝ որդուս, ով արդեն հասել է հասունության որոշակի տարիքի, ում փորձում եմ և՛ մայր, և՛ ընկեր լինել։

-Ե՞րբ է կինը իրեն երջանիկ զգում։
-Կարծում եմ՝ յուրաքանչուր կին երջանիկ է, երբ սիրված է և սիրում է։ Շատ կարևոր է նաև, որ նրա
ընտրյալը իր տեսակով, սերը արտահայտելու դրսևորումներով լինի այնպիսին, ինչպիսին կինն է ցանկանում,
քանի որ մենք՝ կանայքս, շատ ենք կարևորում ոչ միայն ինչ-ը, այլ նաև ինչպես-ը…

– Ի՞նչ է կանացիությունն ըստ ձեզ։
-Իմ կարծիքով կանացիությունը պետք է լինի ի ծնե՝ այն կա՛մ կա, կա՛մ չկա: Կանացիությունը
արտահայտվում է ամեն ինչում՝ խոսելու, հագնվելու ոճի, շարժուձևի նաև փոխհարաբերություններում:

– Ի՞նչ է գեղեցիկը Ձեզ համար, որտե՞ղ կամ ո՞ր երևույթների մեջ եք այն գտնում։
-Շատ հաճելի հարց: Սիրում եմ գեղեցիկը նկատել և դրա մասին խոսել: Ես դեռ մանկուց սիրել եմ ամեն
ինչի գեղեցիկը՝ լինի մարդ, զգեստ, մեքենա, տուն… ցանկացած մանրուք: Մինչ այսօր, երբ տեսնում եմ ոչ
խնամված կամ, ըստ իս, անճաշակ հագնված մարդկանց կամ կահավորանք միշտ սկսում եմ մտածել՝ ինչը կփոխեի:
Գեղեցիկը փորձում եմ գտնել ամեն ինչում, իսկ վերջերս նաև մարդկանց հետ փոխհարաբերություններում:

-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը կին-տղամարդ հարաբերություններում, որպեսզի միշտ հետաքրքիր լինի իր
տղամարդու համար։
-Գիտեք, ժամանակի ընթացքում ամեն ինչ սովորական է դառնում, հարաբերությունները՝ նույնպես, այդ
պատճառով կինը երբեմն պետք է անկանխատեսելի լինի, թեև պետք է նշեմ, որ ոչ բոլոր տղամարդիկ են ունակ
ընդունելու կնոջ՝ այդ անչափ հետաքրքիր և գայթակղիչ տեսակը։
-Որո՞նք են Ձեր կյանքի ամենաերջանիկ ակնթարթները։
-Իհարկե, յուրաքանչյուր կնոջ կյանքում ամուսնությունն ու մայրության բերկրանքն ամենաերջանիկ
պահերն են կյանքում։ Սակայն դրանցից զատ՝ ես ունեմ մանկության, պատանեկության հետ կապված գեղեցիկ
հիշողություններ, որոնցից մեկը կպատմեմ Ձեզ։ Իմ մեջ վառ տպավորվել է մի դրվագ․ խորհրդային տարիներին
գեղեցիկ զգեստներն ու տարբեր իրերը շուկայում լայն տարածում չունեին, դրանք շատ դժվարությամբ էին ձեռք
բերվում։ Ես 10-րդ դասարանում էի սովորում, երբ հայրս առաջին անգամ մեկնեց ԱՄՆ՝ գործուղման, և
վերադարձավ 3 ճամպրուկ գեղեցիկ զգեստներով իմ և քրոջս համար։ Մեր երջանկությանը չափ ու սահման չկար,
հատկապես՝ իմ, քանի որ զգեստների մեծամասնությունը իմ չափսով էին։ Իհարկե, ես զգեստների պակաս չունեի,
սակայն այդ տարիքի աղջկա համար դա մի անասելի տոն էր, որը երբեք չի մոռացվի։
-Հաճա՞խ եք սիրո խոստովանություն անում ։
-Հաճախ չեմ ասում, որ սիրում եմ, բայց զգացմունքս շատ խորն է և արտահայտվում է արարքների միջոցով։
Օգտվելով այս առիթից՝ ուզում եմ իմ բոլոր հարազատներին՝ հայրական ընտանիքիս անդամներին և իմ փոքր
ընտանիքին ասել, որ իրենք իմ կյանքի առաջին և վերջին սերն են։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...