Չէի մտածում ամուսնանալու մասին, հայրենիքի փրկությունից զատ ոչինչ չկար ուղեղումս.Հիշում են Շուշիի ազատագրմանը մասնակցած կանայք. Ֆոտոշարք

s

28  տարի առաջ  այս օրը Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ը նշվում է որպես Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր։

Wnews.am-ն առանձնացրել է Շուշիի ազատագրմանը մասնակցած հայ կանանց հիշողությունները բեկումնային  իրադարձության մասին:

«Շուշին ազատագրելուց հետո առաջինը եկեղեցի գնացինք»,- հիշում է  Աղավնի Սահակյանը, ով Արցախյան պատերազմի տարիներին բուժքույր է աշխատել,  մասնակցել է ԼՂՀ Շուշիի, Մարտակերտի, Աղդամի շրջանների, Ստեփանակերտի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, բազմաթիվ ազատամարտիկների կյանքեր փրկել։

«Առաջինը Շուշիում մարտական ընկերոջ հետ կոտրել ենք ադրբեջաներեն գրությամբ ցուցանակները: Դրանից հետո մեր հաղթանակը կարծես լիարժեք էր»։

Արցախյան պատերազմի մասնակից կանանց ՀԿ-ի նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանն ասում  է. «Շուշիի ազատագրումը մի աննկարագրելի բան էր: Այն անառիկ ամրոց  է և  առանց Շուշին ազատագրելու չեր կարելի ակնկալել ընդհանրապես Ղարաբաղի ազատագրումը»:  Տիկին Սերոբյանը ծառայության տարիների ընթացքում ընդամենը երկու անգամ է ընտանիքին այցելել, այն էլ մեկ օրով` Երևանում գործով գտնվելու ընթացքում: Մարտի դաշտ գնալիս երեխաները 4 և 7 տարեկան էին: Վերադարձին` գտնում է արդեն մեծացած զավակների: Հիշում է, որ դուստրն այնքան էր կարոտել մայրիկ բառին, որ առանց պատճառի գնում-գալիս «մամա» էր ասում:

Շուշիի ազատագրմանը  մասնակցած Կարինե Դանիելյանը խոստովանում է. «Երբեք չեմ մտածել ամուսնանալու եւ ընտանիք կազմելու մասին: Հայրենիքի փրկությունից զատ ոչինչ չկար ուղեղումս: Ժամանակ էլ չկար դրա մասին մտածելու, թշնամին չէր սպասում…»:

Երբ սկիզբ  առավ Արցախյան շարժումը, Կարինեն  մի օր մորն ասում է. « Ես էլ պիտի զինվորագրվեմ, չեմ կարող տանը նստել» :

«Մի օր մի «կամազ» եկավ, կանայք էին մեջը, նրանք էլ էին եկել զինվորագրվելու: Տարբեր տարիքի էին: Ոմանք որպես զինվոր, ոմանք որպես բուժքույր, ոմանք էլ՝  որպես խոհարար անդամագրվեցին վաշտին: Վարդուհի, Գայանե, Արեգա, Եվգենյա, Անահիտներ, Մարգարիտաներ… Կանայք բոլորն էլ պատրաստակամ էին, գիտեին, որ պատերազմում «չամիչ» չեն բաժանում»,- պատմում է տիկին Կարինեն:

Շուշիի ազատագրմանը մասնակցած կանանց լուսանկարները.

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...