Լրագրություն և ձեռագործություն. երկու սիրելի աշխատանքների մեկտեղումը (Photo)

Մասնագիտությամբ ժուռնալիստ Անժելա Հարությունյանը «Harutyunyan handmade design» բրենդի
հիմնադիրն է։ Երիտասարդ լրագրողի ընկերությունը մի քանի տարի է, ինչ զբաղվում է ձեռագործ իրերի
պատրաստմամբ և վաճառքով։ Անժելան Wnews.am-ի հետ զրույցում  պատմեց, թե ինչ դժվարություններ է ենթադրում սեփական բրենդի ստեղծումը և ինչպես է համատեղել երկու՝ միանգամայն տարբեր
մասնագիտությունները։

Ինչպես սկսեց ամեն ինչ
Մայրս փոքր ժամանակ ինձ ձեռագործության դասեր էր տվել։ 2014 թվականին, երբ դեռ ուսանող էի, տանը հին
շյուղեր գտա ու, մանկությանս փորձերը վերհիշելով, մի երկու բան կարողացա գործել: Դրանից հետո մորս ու
հորաքրքոջս օգնությամբ աշխատանքներս ավելի ու ավելի որակյալ էին ստացվում։ Ձեռագործությամբ զբաղվելը օրս
ավելի հագեցած դարձնելու և ֆինանսական ինքնուրույնության հասնելու շատ կարևոր փորձ էր։ Ես լրագրող եմ և իմ մասնագիտությամբ էլ աշխատում եմ, բավականին լավ վարձատրվում, բայց գործելուց
հրաժարվելու միտք անգամ չունեմ: Աշխատանքային զբաղվածության պատճառով գործերի երկտեղումը մի քիչ բարդ է,
բայց միշտ ասում եմ՝ էն երջանիկներից եմ, ով սիրելի աշխատանքը համատեղում է սիրելի արվեստի հետ:
Պարբերաբար շնորհակալություն եմ հայտնում այն մարդուն, ում շնորհիվ սկզբում պարզապես ստիպված էի
ձեռագործությամբ զբաղվել: Արածս երբեք հերոսություն չեմ համարել, հիմա էլ չեմ համարում: Ես անում եմ այն, ինչն  ինձ հաճելի  է:

Առաջին պատվերը պետք է անթերի ստացվեր
Լավ հիշում եմ՝ առաջին ձեռագործ իրը հյուսքերով գլխազարդ էր: Նման գլխազարդեր կրելը տարիներ առաջ շատ
թրենդային էր: Ամեն դետալի վրա մանրակրկիտ աշխատք էի տանում, որպեսզի հնարավորինս անթերի ստացվեր:

Թելն ընտրելը կարևոր արարողություն է
Առհաասարակ թել ընտրելը շատ կարևոր արարողություն է: Վերջին անգամ թելերի խանութում 1 ժամ 40 րոպե եմ
անցկացրել: Պետք է նշեմ, որ թելերի ընտրությունը պայմանավորված է ներկայացվող տեսականիով. ունենք և՛
ձմեռային, և՛ ամառային տեսականի, յուրաքանչյուրի համար իրեն հատուկ թել է ընտրվում: Ամռանը հիմնականում
լավ մշակված բամբակյա թելեր ենք օգտագործում, ձմռանը՝ կիսաբուրդ, բուրդ, անգորա, մանկական հակաալերգիկ
թելեր: Սովորաբար խորհրդակցում ենք նաև հաճախորդի հետ՝ նրանց նախասիրությունները հասկանալու համար: Որոշ
ժամանակ առաջ ընկերներիցս մեկը, տեսնելով գործածս տոպերը, հետաքրքրվեց, թե՞ ինչպես ու ինչն եմ ես արել:
Պատասխանիցս հետո զարմացած արձագանքեց. «ո՞նց, միայն թելից էս հրաշք բանն ես ստացել»: Էս խոսքերից ավելի
ոգեշնչող՝ մեկ էլ գոհ հաճախորդն է, որն, օրինակ, մի սեզոնի ընթացքում 5 պատվեր է անում: Իսկ նման մարդիկ լինում են։

Անհաղթահարելի չէ ոչ մի դժվարություն
4 տարի է՝ ինչ գոյություն ունի իմ բրենդը: Ինչպես սկզբնական շրջանում, այնպես էլ հիմա՝
աշախատում եմ օնլայն հարթակում: Այս պահին միայն մեկ չհաղթահարված դժվարություն կա՝ դեռևս չունեմ
սեփական խանութ, դա էլ պարզապես ժամանակի հարց է:
Չկա մի օր, որ չմտածեմ ջերմ մթնոլորտով ու արվեստով լի փոքրիկ անկյան մասին, որտեղ անձամբ եմ կարողանալու
շփվել  բրենդի գնորդների հետ:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...