10 միտք ՝ ինչ անել կարանտինի ընթացքում

Քիչ առաջ հրապարակված պարետատան որոշմամբ ևս 10 օրով կերկարացվի կարանտինի խստացված ռեժիմը։  Պարբերաբար covid-19-ի դեպքերի մասին նյութեր կարդալու, Worldometers-ով վիճակագրությունն ուսումնասիրելու և դեպրեսիվ մտքերի փոխարեն առաջարկում եմ 10 տարբերակ՝ կարանտինի ընթացքն ավելի արդյունավետ ու առանց  լարվածության անցկացնելու համար։ Ցանկացած պարագայում դրական մտքերն ու լավ տրամադրվածությունն ավելի արդյունավետ են , քան սթրեսներն  ու պանիկան։

Եվ այսպես, ինչ կարող եմ առաջարկել սեփական փորձով․

1․ Առավոտյան մարզվել/ վազել

Մարզումները ոչ միայն բարձրացնում են իմունիտետը, այլև դրական լիցքեր են հաղորդում, այնպես որ, մի՛ մոռացեք դրանց մասին։ Առավոտյան միացրեք ձեր սիրելի երաժշտութունը և սկսեք մարզվել։ Կարող եմ առաջարկել հետևյալ լայֆհակը՝ մարզվեք այն հագուստով , որը կրում էիք մարզասրահում, այդպես ավելի լավ կտրամադրվեք մարզումներին։ Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշեց կարանտինի ընթացքում առավոտյան վազքի մշակույթ ձևավորելու մասին, միայն թե պետք է խստորեն պահել հետևյալ  պայմանները, վազելու գնալ ձեր տան տարածքում գտնվող այգում,  ունենալ անպայման ձևաթերթիկ և  անձնագիր, պահպանել սոցիալական հեռավորություն։

2․ Առողջ սնվել

Հնարավոր է, որ նախկինում խիստ զբաղվածության պատճառով չէիք հասցնում հետևել սննդակարգին, հիմա առողջ սնվելու իսկական ժամանակն է։ Ինչի՞ց սկսել․․․կարդացեք մեր Գեղեցկություն բաժինը, առողջ սնունդի թեմայով մենք բազմաթիվ նյութեր ունենք, կամ հետևեք այս թեմայով գրող բլոգերներին, ընդհանրապես, ինֆորմացիան համացանցում չափազանզ շատ է, կարևորը՝ ձեր սկսելու որոշումն է։ Թող ձեզ մոտիվացնի այն միտքը, որ առողջ սնունդը ևս բարձրացնում է իմունիտետը։

3. Ֆիլմեր դիտել/ գրքեր կարդալ

Անկեղծ ասած, ես երազում էի ժամանակ գտնել և հանգիստ դիտել «Օսկարի» նոմինացված  այս տարվա ֆիլմերը կամ կարդալ գրքերը, որոնք նվեր եմ ստացել, իհարկե ես չէի պատկերացնում, որ  այսպիսի պայմաններում կգտնեմ այդ ժամանակը, բայց, ինչէ ․․․ Ֆիլմերի և գրքերի Wnews.am-ի ցանկը բավականին մեծ է , կարող եք ընտրել ահա այստեղ՝ գրքեր և ֆիլմեր։

4․ Օնլայն դասընթացներ

Այս օրերին հեղինակավոր մի շարք  ինստիտուտներ առաջարկում են  առցանց մասնակցել անվճար դասընթացների։ Անպայման օգտվեք այս հնարավորությունից, ընտրեք ձեզ հետաքրքրող ոլորտն ու նոր բան սովորեք։ Օրինակ  Ֆրանսիայի նորաձևության ինստիտուտն անվճար առցանց դասընթաց է սկսում նորաձևության բիզնեսի հիմունքների մասին: Մանրամասներին ծանոթանալու և  գրանցվելու համար, անցեք հետևյալ հղումով։  Իսկ այ lingust.ruում կարելի է անվճար օտար լեզուներ սովորել։

5. Նախաճաշ-ճաշ-ընթրիք ընտանիքի բոլոր անդամների հետ

Մեր ընտանիքում հազվադեպ էր ստացվում հավաքվել մեկ սեղանի շուրջ․ բոլորս տարբեր ժամերի էինք գնում աշխատանքի և տարբեր ժամերի գալիս տուն, հիմա այդ բացը լրացնում ենք մեծ հաճույքով։ Ընդհանրապես, կարանտինը հրաշալի հնարավորություն  է ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար։

6․ Խաղեր

Շարունակեմ ընտանիքի թեման։ Ներբեռնեք խմբով խաղալու համար նախատեսված մի քանի խաղ և երեկոյան խաղացեք ընտանիքի անդամների հետ ։ Օրվա մեր ամենասիրելի հատվածն է՝  ծիծաղում ենք,  վիճում, «պայքարում» հաղթանակի համար․․․վերհիշեք պանտամիման ,  Alias-ը և  լավ ժամանակ անցկացրեք ընտանիքի հետ։

7․ Մեդիտացիա 

Ես սիրում եմ մեդիտացիոն երաժշտություն միացնել և  մտածել լավ բաների մասին, վերհիշել  հաճելի կամ զվարճալի պահեր, մտածել նպատակներիս մասին կամ ուղղակի ազատվել բոլոր մտքերից ՝ լիարժեք լիցքաթափվելով և խաղաղվելով։ Հատկապես աշխարհի տարբեր ծայրերից մտահոգիչ լուրերի ֆոնին, այդ հանգստությունն անհրաժեշտ է դառնում։ Պարտադիր չէ ամբողջովին կտրվել իրականությունից, պարզապես մտածեք, թե ինչ հրաշալի բաներ եք անելու կարանտինից հետո, ուղղակի լցվեք դրական էներգիայով ։

8․ Տեսազանգ ընկերների հետ

Կարևոր պայման է՝ տեսազանգի ժամանակ չխոսել կորոնավիրուսի մասին, եթե արտերկրում ապրող ձեր ընկերների հետ եք զրուցում, հնարավորինս խուսափեք հարցեր տալ կամ պատմել միմյանց երկրներում տիրող իրավիճակի մասին։ Ընկերների հետ խմբակային տեսազանգի իմաստը դրական էներգիան է, միասին անցկացրած ժամանակը վերհիշելը, «ջրիկություններ» անելն ու միասին ինչ որ բան պատրաստելը, շատ ծիծաղելը։ Այսպիսի տեսազանգերից հետո այնքան դրական էներգիա ես ստանում, որ բավականացնում է հաջորդ ողջ օրվա ընթացքում։

9․ Գրեք ձեր բոլոր նպատակները

Ես հավատում եմ, որ նպատակներն անպայման իրականանում են, իսկ երբ  գրի ես առնում, դրանք ավելի հավանական և մոտ են թվում։ Գրեք այն ամենն , ինչ ուզում եք անել  ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Կետ առ կետ նկարագրեք ձեր իդեալական կյանքը ՝ հիմա, կարանտինից հետո և ընդհանրապես, միշտ։ Վստահեցնում եմ, այս տարբերակն աշխատում է, չգիտեմ, ինչպես, բայց աշխատում է։

10․ Արեք այն, ինչ վախենում էիք անել 

Ինչ որ մեկն ուզում է գիրք գրել, մյուսը՝  սեր խոստովանել,  բլոգ վարել, ուզում է օտար լեզու սովորել, փոխել մասնագիտությունը, նոր մասնագիտություն սովորել, թարմացնել ռեզյումեն։ Հիմա լավագույն ժամանակն է ։ Եկեք ճիշտ օգտագործեք կարանտինի մեր ազատ ժամանակը ։ Ի դեպ՝  առաջարկում եմ օգտվել coursera.org կայքից, որտեղ  3800 օնլայն  դաս կա 400 մասնագիտությունների համար մինչև հուլիսի 31-ը։

Գայանե Շահինյան

Instagram` @gayane.shahinynn

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...