Կանանց մեկամսյակը՝ որպես մարքեթինգային քարոզարշավի լավագույն գործիք նորաձևության ապրանքանիշերի համար

 

Wnews.am-ի  Petoor Insider  բաժնում հայկական  Petoor ապրանքանիշը շարունակում է պատմել նորաձևության ոլորտի մասին՝ մասնագիտական տեսանկյունից։ Այս անգամ Petoor-ի թիմն անդրադարձել է  կանանց մեկամսյակին և այդ ընթացքում մարքեթինգային քայլերին։

Մարտի 8-ով ընդունված է սկսել գարնանային տոների շարքը, և ամենատարբեր ոլորտների
ընկերությունների համար, Ամանորի տոներից հետո, սա վաճառքներն ակտիվացնելու լավագույն առիթն է,
որ մարքեթինգի բաժիններն ակտիվորեն գործածում են: Սակայն…

Կնոջ պաշտամու՞նք, թե՞ կանանց հավասարություն
Պարզապես կանանց նվիրված կամ գեղեցկության, սիրո տոն լինելուց բացի կարևոր է հիշել մարտի 8-ի
իրական նշանակությունը, որը համաշխարհային բրենդերն իրենց մարքեթինգային արշավներում մինչ օրս
օգտագործում են ըստ նշանակության՝ ի տարբերություն հետխորհրդային շրջանի երկրների, այսինքն՝ նաև
մեր երկրի:
Կանանց միջազգային օրը պատմականորեն նշվել է բազմաթիվ երկրներում որպես կանանց
համաձայնության օր՝ նվիրված հավասար իրավունքների և էմանսիպացիայի հայտարարագրմանը:
Եկեք տեսնենք, թե 2019-20 թթ.-ի համար ինչ արշավներ են առաջարկում աշխարհում մարտի 8-ի առիթով:
Just do it – Dream crazier
Աշխարհահռչակ Nike ընկերությունը հանրությանը ներկայացրեց մի հոլովակ, որում նկարահանվել են
բոլոր այն մարզիկ կանայք, ովքեր լուրջ խոչընդոտներ են հաղթահարել իրենց սպորտային
հաջողություններին հասնելու համար: Ուզում եմ երկու կարևոր հանգամանք շեշտել այստեղ. առաջինը՝
հաղորդագրության գլխավոր փոխանցողը Սերենա Վիլիամսն է, իսկ երկրորդը՝ հոլովակի տեսարաններից
մեկում անգամ երևում է Adidas ընկերության լոգոտիպը, մի փաստ, որ ցույց է տալիս, թե Nike-ի համար
սոցիալական պատասխանատվության պահն որքան ավելի կարևոր է եղել, քան բրենդային շահը. սա
ուղղակի հանճարեղ է մարքեթինգի տեսանկյունից:

#BodyProudMums

Վերջին ժամանակներս որոշ դժվարությունների առաջ կանգնած Mothercare ընկերությունը մի մեծ
դրական քայլ է կատարում իր սպառողներին ընդառաջ իր նոր քարոզարշավով, որ հանդես է գալիս
#BodyProudMums հեշթեգով: Արշավին մասնկացել են տասը երիտասարդ կանայք, ովքեր
լուսանկարվել են իրենց նորածին երեխաների հետ, իսկ լուսանկարները չեն ենթարկվել որևէ թվային
ֆոտոխմբագրման:

Քարոզարշավի նպատակն է այսպիսով գրավել սպառողների ուշադրությունը և նրանց փոխանցել
ընկերության տարբեր խանութներում անցկացվող միջոցառումների մասին հղումներ, միջոցառումներ, որ
կոչված են թեթևացնելու երիտասարդ մայրերին հուզող խնդիրներ ու օգնելու նրանց իրական կյանքում:

#MoreWomen
Բրիտանական Elle ամսագիրը դեռ անցյալ տարվա նոյեմբերից սկսել է մեծ քարոզարշավ, որի ժամանակ
օգտագործված են լուսանկարներ քաղաքականությունից, բիզնեսի, առողջապահության ոլորտից և այլն:
Լուսանկարներում ջնջվում են բոլոր տղամարդ գործիչները և հստակ երևում է , թե քանի կին է
մասնակցում կարևոր որոշումների ընդունմանը: Բացի այդ քարոզարշավն ուղղված է կանանց միջև
դարավոր մրցակցության մասին միֆի վերացմանը, կազմակերպիչները կոչ են անում ուշադրություն
դարձնել, թե որքան կանայք են միմյանց սատարելով հասնում ավելի մեծ հաջողությունների: Արշավն
այնքան առաջ գնաց, որ Elle-ը սկսեց կոչ անել միանալ իրենց, ուղարկել ընկերուհիների,
գործընկերուհիների հետ խմբային լուսանկարներ, այն կանանց հետ, ովքեր յուրաքանչյուրի ուժն ու
թիկունքն են կազմում, հրապարակել լուսանկարները սոցցանցերում համապատասխան հեշթեգի նշումով և
հետևյալ հաղորդագրությամբ. «Մի կնոջ հաջողությունը ուժ է տալիս բոլոր մնացած կանանց»:

Տարածված տարբերակներ
Կանանց և տղամարդկանց իրավահավասարության թեման զարգացնելու և վեր հանելու ստեղծագործ կամ,
ինչպես ընդունված է ասել՝ կրեատիվ ուղիներ էլի կան, կարելի է դիտարկել էլի մի շարք օրինակներ համաշխարհային պրակտիկայից: Եթե նման աշխատանքային ռեսուրսներ չունեք, բայց ունեք ցանկություն
անդրադառնալու այս թեմային, կարող եք դիմել ավելի ստանդարտ մեթոդների. բազմաթիվ ընկերություններ
պարզապես համագործակցում են բարեգործական կազմակերպությունների հետ, համատեղ փոքր արշավներ
են անում, հրավիրում են անհատ դիզայներների կամ այլ ոլորտի արվեստագետների, իհարկե՝ կանանց,
որպեսզի վերջիններս ստեղծեն օրինակ՝ օրիգինալ տպագրությամբ կամ հաղորդագրությամբ շապիկներ, իսկ
վերջիններիս վաճառքից առաջացած գումարն էլ ուղղում են բարեգործության: Իրականում միջոցները շատ-
շատ են, եթե կա ցանկություն իսկապես ներգրավվելու համաշխարհային գաղափարական հոսանքների մեջ,
բայց…

Մի խաբեք
Իրականում այսօր մարքեթինգի բոլոր հայտնի թրեյներներն ասում են, որ ձեր գործունեության
հաջողության թիվ մեկ գրավականը անկեղծությունն է, երբեք մի փորձեք խաբել ձեր հաճախորդներին: Եվ,
իսկապես, կան բրենդեր, որ սոցիալական պատասխանատվությունն օգտագործում են միմիայն որպես
գովազդային քարոզարշավները հաջողելու միջոց, դրանցից ոմանց նույնիսկ վերագրվում է «կեղծ
ֆեմինիստներ» պիտակը, պետք չէ նաև մոռանալ, որ այսօրվա հաճախորդն այլևս միամիտ չէ, բանիմաց է,
կողմնորոշված սեփական ցանկությունների և իր համար կարևոր առաջնահերթությունների հարցում:
Այնպես որ, սոցիալական պատասխանատվության ցանկացած ձև, որ կուզենաք ստանձնել, իսկ դրանից
հետո նաև ներկայացնել ձեր հաճախորդներին, պետք է համապատասխանի ձեր գործունեությանը, այն
իմիջային նկարագրին, որ ձևավորված է սպառողների գիտակցության մեջ ձեր բրենդի մասին, համահունչ
լինի այն քաղաքականությանը, որ դեռ ամենասկզբից որդեգրել է ձեր ընկերությունը:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...