Սերգեյ Փարաջանովի 3 կանայք. (Photo)

«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»: Ժան-Լյուկ Գոդար

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ լեգենդար տղամարդկանց կյանքի գլխավոր կանանց։ Այս անգամ կանդրադառնանք 20-րդ դարի խոշորագույն կինոռեժիսորներից մեկին` Սերգեյ Փարաջանովին:

Փարաջանովի առաջին սերը եղել է Նիգյարը. ծնունդով Մոլդովայից թաթարուհի աղջիկը։

Նրանք ծանոթացել էին Մոսկվայի հանրախանութներից մեկում։  Երկուսն էլ ուսանող էին: Մի քանի ամիս տևած սիրավեպն ավարտվեց ամուսնությամբ։ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր, որտեղ չընդունեցին  աղջկա այլադավան ամուսնուն։ Երբ եղբայրներն իմացան, որ նա առանց հարազատներին տեղյակ պահելու ամուսնացել է, Փարաջանովից խոշոր գումար պահանջեցին։ Ուսանող Փարաջանովն այդքան գումար չուներ, սակայն խոստացավ վճարել՝ հույսը դնելով հոր օգնության վրա։ Հայրը մերժեց նրան:  Աղջկա հարազատները պահանջեցին հեռանալ ամուսնուց և վերադառնալ հայրենիք։ Նիգյարը չհնազանդվեց: Փարաջանովի առաջին սերն ավարտվեց ողբերգությամբ. համաձայն  թաթարական նահապետական բարքերի, հարազատները անհնազանդ աղջկան նետեցին  գնացքի տակ։

Փարաջանովը չմոռացավ Նիգյարին  մինչև կյանքի վերջ, թեև արտաքուստ նրա անձնական կյանքը  լավ էր դասավորվում։ Մոլդովական թեմային անդրադառնալը հիշատակի յուրօրինակ տուրք էր սիրելի կնոջը:

1950-ական թվականների կեսերին  Փարաջանովը Կիևում ամուսնացավ Սվետլանա Շչերբատյուկի հետ։ 

Ծնվեց նրանց որդին՝ Սուրենը, ով մոր պես շիկահեր էր և Փարաջանովին շատ քիչ էր նման։

Սերգեյին շատ դժվար էր ապրել ընտանիքում։ Նա անկանխատեսելի, տարօրինակ մարդ էր։ Երբ սկսվում էին Փարաջանովի խենթությունները, Թբիլիսիի հարևաններն ասում էին․ «Խենթն ազատության մեջ է»։ Նա ստիպում էր կնոջը ևս մասնակցել իր խենթություններին․ պահանջում էր, որ  խնձորները մաքրվեն յուրահատուկ ձևով, կոտլետներն ափսեի մեջ դրվեն յուրահատուկ ձևով, բաժակը սեղանին դրվի յուրահատուկ ձևով։

Սվետլանա Շչերբատյուկն այդպես էլ չկարողացավ համակերպվել ամուսնու խենթություններին և 1961 թվականին, վերցնելով որդուն, հեռացավ տնից։

Փարաջանովի երկրորդ կինը պատմում է, որ իրենց առաջին հանդիպումը կայացել է օպերայում.

«Ես սովորում էի 10-րդ դասարանում եւ շատ էի սիրում բալետը։ Թատրոն էի եկել «Դոն Կիշոտ» ներկայացման պրեմիերային, հանդիպեցի կովկասյան արտաքինով երիտասարդի, ով երկու կանանց հետ էր. նրանցից մեկին ես ճանաչում էի։ Ես բարեւեցի եւ Փարաջանովն օգտվեց դրանից, որպեսզի ծանոթանա ինձ հետ։ Նա ինձ առաջարկեց տուն ուղեկցել եւ հարցրեց, թե քանի տարեկան եմ։ Ես պատասխանեցի` 16, «ինչ սարսափելի է»» արձագանքեց նա։ «Ինչու՞». հարցրի ես, «որովհետեւ ես 30 տարեկան եմ»,- պատասխանեց Փարաջանովը։  Նա հարցնում էր, թե  ինչ գրքեր եմ սիրում, որ դերասանները եւ գրողներն են ինձ դուր գալիս… Նա գրեց իմ համարն ու խոստացավ անպայման զանգահարել։ Ես շատ տպավորված էի մեր հանդիպումից, բայց ինձ ոչ ոք չզանգեց։ Քիչ-քիչ սկսեցի մոռանալ նրան։  Եվ հանկարծ իմ ծննդյան նախօրեին Սերգեյը մեր տուն եկավ ու մենք սկսեցինք հանդիպել։ Ես ավարտում էի դպրոցը, քննություններ հանձնում, պատրաստվում էի ինստիտուտ ընդունվել։ Եվ ահա մեծ սեր…

Որպես այդպիսին, հարսանիք չենք ունեցել։ Մենք թաքուն գրանցեցինք մեր ամուսնությունը. ծնողներս իմ երիտասարդ տարիքի պատճառով համաձայնություն չտվեցին, խնդրեցին սպասել երկու տարի։

1955թ. գաղտնի գրանցվեցինք։ Սերգեյը երազում էր, որ մենք ամուսնանանք եկեղեցով, սակայն ես կոմսոմոլուհի էի և չհամաձայնեցի։

Ավելի ուշ, երբ ես եւ Սերգեյը բաժանվեցինք, նա երկրորդ անգամ ինձ ամուսնության առաջարկ արեց եւ հայտարարեց, որ մեզ պետք է ամուսնացնի Հայաստանի կաթողիկոսը, սակայն ամուսնություն այդպես էլ տեղի չունեցավ»։

Սերգեյ Փարաջանովի որդին հոր մասին պատմում է.

«Հայրս եւ մայրս բաժանվեցին, երբ ես երեք տարեկան էի։ Դրա հետ մեկտեղ հորս հետ կապը երբեք չի կորել։ Նա հանգստյան օրերին ինձ իր մոտ էր տանում, միասին կինո, թատրոն եւ կրկես էինք գնում։ Նրան ամենուր ճանաչում էին։ Հիշում եմ, երբ Լեոնիդ Ենգիբարովի ելույթին էինք, դահլիճում տեսնելով հորս, նա փոխեց ծրագիրը, մոտեցավ, ողջունեց նրան եւ ինձ գնդակ նետեց։ Անգամ համադասարանցիներս են լավ հիշում հորս։ Մի օր հայրս հյուր էր եկել դպրոց, նրան առաջարկեցին մեզ հետ  ճաշել,  նա տեսավ, որ ճաշն առանց մսի է։ Ոչինչ չասաց, մի քանի ժամ անց վերադարձավ միսը ձեռքին։ «Երեխաները լավ պետք է սնվեն»,- ասաց ուսուցչուհուս։

Փարաջանովի կյանքում մեծ դեր է ունեցել  ռուս պոետ Վլադիմիր Մայակովսկու մուսան` Լիլիա Բրիկը։

Նա առեղծվածային կին էր, ով մոսկովյան հասարակությունում էպատաժային ու գայթակղիչ կնոջ համբավ ուներ ։

Նա հեշտությաբ էր նոր սիրավեպեր սկսում  եւ լքում տղամարդկանց. «Տղամարդկանց պետք է ներշնչել, որ իրենք հիասքանչ եւ տաղանդավոր են եւ որ մյուսները դա չեն հասկանում։ Նրանց պետք է թույլատրել այն, ինչ արգելում են անել  տանը, օրինակ ծխել կամ գնալ որտեղ մտքներով անցնի, գայթակղելու մյուս մասը կանեն լավ կոշիկներն ու ներքնազգեստը»,-ասում էր նա։

Մինչեւ օրս շատերը Մայակովսկու մահվան մեջ մեղադրում են Լիլիային, քանի որ նա չէր ցանկանում սիրելի կնոջը կիսել մյուս տղամարդկանց հետ, իսկ վերջինս ցուցակում բազմաթիվ տղամարդիկ էին:

 

Լիլիան եւ Փարաջանովը ծանոթացել են 1974թ։ Ծանոթության առաջին իսկ րոպեներից նրանք սկսել են շփվել ասես հին ծանոթներ։ Սերգեյը հայտարարել է, որ երբեք չի լսել Մայակովսկու մասին, ինչն էլ զարմացրել է Լիլիային։ 

Ըստ Լիայի, Փարաջանովի մեջ ամեն ինչ անսովոր էր. նա նկարում էր, ուտելիք պատրաստում, կարում, անգամ ամանները լվանում մոգական ձեւով։

Լիլիան միանգամից գնահատեց նրա անհատականությունը եւ հասկացավ, որ Փարաջանովն ապրում է՝ անտեսելով բոլոր ընդունված նորմերը։ Նրանց ծանոթությունը համընկավ Փարաջանովի ձերբակալության հետ: 

Փարաջանովի անկախությունը նյարդայնացնում էր իշխանությանը։ Սերգեյն ուներ խոցելի գիծ. նա էրոտոման էր։ Սիրո մասին փոքրագույն հիշեցումը նրա մոտ էմոցիաների պոռթկում էր առաջացնում։ Իր անկառավարելի ֆանտազիաներից ոգեշնչված՝ Փարաջանովը սկսում էր խոսել այնպիսի բաներ , որոնց համար դժվար չէր նրան դատի տալ։ Սեգեյ Փարաջանովը  պնդում էր, որ իրեն սիրահարված են հայտնի կանայք եւ տղամարդիկ եւ բոլորը տենչում են իր հետ սիրավեպ ունենալ։Ոչ ավանդական սիրուն այդ տարիներին ավելի զգուշավոր էին վերաբերում, քան այսօր։ Նա  հարցազրույց էր տվել, որում պատմել էր, որ իր բարեհաճություններին են փորձում հասնել Կենտկոմին կից ԽՄԿԿ քսանհինգ անդամներ։

Այս ամենը տպագրվեց մամուլում եւ Սերգեյին հինգ տարվա ազատազրկման դատապարտեցին։

 Լիլիա Բրիկը սիրահարված էր Փարաջանովին,  սակայն վերջինս չէր կարող պատասխանել  նրա սիրուն բանտարկությունների պատճառով։ Լիլիայի ջանքերի շնորհիվ չորս տարի անց Փարաջանովին ազատ են արձակում։ Բրիկը երկար էր սպասել այդ պահին եւ պատրաստվել սիրելիի հետ հանդիպմանը. նա  յոթ զգեստ էր պատվիրել, սակայն դրանք ցուցադրելու հնարավորություն այդպես էլ չունեցավ։

Սերգեյը Լիլիայի մոտ ժամանեց ընդամենը մի քանի օրով, որպեսզի ընդմիշտ հրաժեշտ տա։ Դրանից հետո Փարաջանովը բազմիցս նամակներ է ուղարկում նրան, որոնցում խնդրում է ներել իրեն, սկայան  Լիլիայի համար դրանք այդպես էլ նշանակություն չունեցան: Միայն կյանքի վերջում Լիլիա Բրիկը խոստովանեց, որ Փարաջանովն իր կյանքի վերջին ու մեծ սերն էր : 

 

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...