Հայկական #Sport ապրանքանիշի ֆենոմենը (Photo)

Ես չգիտեմ , թե նրանք ինչպես են դա անում, բայց հայկական #Sport ապրանքանիշն իսկական ֆենոմեն է։ Դեռ երեք տարի առաջ Սիրիայից Հայաստան վերադարձած եղբայրների հետ մեր հարցազրուցը Ավելի լավ է դժվարություններով արտադրել հայկականըքան բերել թուրքական հագուստ.  դարձավ վիրուսային և մեծ  տարածում գտավ սոց․ցանցերում։ Սիրիայում Բելեխյանների ընտանիքը զբաղվել է հագուստի արտադրութամբ, ունեցել են 6-7 խանութ, Հայաստան վերադառնալով՝  եղբայրներին բարկացրել էր, այդքան շատ  թուրքական հագուստի առկայությունը  և  որոշել էին ընտանեկան բիզնեսը զարգացնել նաև այստեղ։ Հրաշալի է, բայց ֆենոմենը սկսվում է հենց հիմա

1․ #Sport -ն առաջարկում է իսկապես որակյալ և զարմանալիորեն մատչելի հագուստ

2․  #Sport -ը չի գովազդում, մարքեթինգային հատուկ քայլեր չի անում, հայտիներին նվերներ չի տալիս և չի լուսանկարում իր հագուստներով, չի գնում ամենատարբեր հաղորդումների, հանդիպումների, Wnews.am-ի համար բացառություն արեց որովհետև մեր նախորդ համագործակցությունը շատ արդյունավետ էր եղել։

3․Այսքանով հանդերձ, նրանք ամենամեծ պահանջարկ ունեցող   հայկական հագուստ  արտադրողներից են  ու,  չնայած այդ հանգամանքին, ինչպես սովորաբար լինում է, չեն բարձրացնում գները։

Հենց այս բոլոր հարցերի մասին էլ խոսել եմ  #Sport ապրանքանիշի տնօրեն Արամ  Բելեխյանի հետ։

-Մեր առաջին հարցազրույցից երեք տարի է անցել, ի՞նչ է փոխվել #Sport -ում այս տարիների ընթացքում։

– Հայաստանում  ավելի շատ իմացան մեր մասին և, բնականաբար, հաճախորդների թիվը շատացավ։ Մարդիկ եկան, գնեցին, գինն ու որակը նրանց դուր եկավ, էլի եկան, հետո իրենց ծանոթներին մեր մասին պատմեցին։ Եթե մարդուն քո արտադրանքը դուր եկավ, էլի է գալու ու արդեն՝ ոչ մենակ։ Այս տարիների ընթացում մեր տեսականին  ենք շատացրել։  Հասել ենք արդյունքի, որից գոհ ենք և, ամենակարևորը, մարդիկ են գոհ, իսկ դա մեր առաջին նպատակն է, երբ մեզ անգամ մեկ դրական խոսք են ասում, շնորհակալություն են հայտնում, հասկանում ենք, որ ճիշտ ուղղության վրա ենք ու շարունակում ենք  մատչելի գներով ու բարձր որակով ապրանք մատուցել։
-Այ վերջին հատվածի մասին մի քիչ ավելի մանրամասն խոսենք, ինչպե՞ս եք կարողանում իսկապես որակով և մատչելի ապրանք ներկայացնել։ Ես սպորտային հագուստ ունեմ  #Sport-ից և երեք տարի է անցել, բայց տպավորություն է , թե նոր է։
-Մեր պապենական գործն է, շատ վաղուց այս գործում ենք, Սիրիայում զբաղվում էինք  մեծածախ վաճառքներով, բավականին շատ  խանութներ ունեինք։ Մենք մասնագիտացել ենք , ուղղակի բիզնեսմեններ չենք,  գիտենք կտորը, գիտենք, ինչը պետք է փոխել , ինչը՝ նույնը  թողել, մենք հասկանում ենք կտորից,  տեսնում ենք, շոշափում ենք, զգում  ենք ինչ պետք է ավելացնել,  և դա է մեր առավելությունը։  Մենք ուզում ենք և՛ լավ որակ ապահովել, և՛ մատչելի  գին, եթե թանկ լինի ոչ բոլորի համար հասանելի կլինի , իսկ էժան գին ու  ցածր որակը մեր սկզբունքին դեմ է ։   Մենք կարողացել ենք ամենաճիշտ տարբերակը գտնել։ 
– Գովազդներ էլ չեք անում, ո՛չ սոց․ցանցերում, ո՛չ այլ տեղ ու, չնայած դրա, հաճախորդների պակաս  չունեք և ձեր ապրանքանիշը բոլորը ճանաչում են։
-Գիտեք ինչի է  նման՝ արդյունվետ դեղերը գովազդ չեն անում, երբ դեղի կարիքն ունենս, առանց գովազդի գնում, վերցնում ես և բիզնեսն աշխատում է։ Մենք չենք ծախսում մեծ գումարներ գովազդի վրա, մենք որակի և մատչելի գնի վրա ենք աշխատում,  մեր գովազդն այն է, որ ժողովուրդը փորձի և գոհ լինի։ Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում։ Գոհ հաճախորդն է մեր գովազդը։
-Հայկական թեմատիկայով հավաքածուներ շարունակո՞ւմ եք ներկայացնել։
-Երբ նոր էինք  բացել #Sport -ը , ունեինք հավաքածու հայական թեմայով՝   դրոշ,  զինանշան,  Տիգրան Մեծ, Մոնթե ու այլ հերոսներ, բայց  քիչ էր վաճառվում ու ես նեղվում էի, որ մարդիկ չէին գնահատում։ Այդ ժամանակ դա նորություն էր  ու եթե, որպես սիրիահայ, ինձ համար հայկական պատկերներով հագուստ կրելը  հպարտություն էր, տեղի մարդիկ դա չէին զգում, իրենք  Հայաստանում էին ապրում և  երևի չէին կարևորում այդ նշանները, բայց հիմա  շատ բան է փոխվել։ Զինանշանով բլուզները  շատ են սկսել վաճառվել, և դա մեծ հպարտութուն է։ Ուզում եմ նշել, որ մեզ համար սկզբունքային է , որ գինը չբարձրացնենք, այսինքն և՛ այն ժամանակ, երբ քիչ էր վաճառվում,և՛  հիմա, երբ պահանջարկը միանգամից շատացել է,  նույն գինն է։ Մենք գինը չփոխեցինք, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ գան և կարողանան գնել։
-Զինանշանով  բլուզներ, վերջին շրջանում,  բարձր պաշտոնյաներն էլ են կրում և , ասում են՝  ձեր խանութից։
– Այո՛, բարձրաստիճան պաշտոնյաները,  երբ եկան մեզ մոտ, զարմացել էին գներից։ Չգիտեմ՝ վարչապետն անձամբ մեր մոտից ինչ որ բան կրում է, թե ոչ, բայց նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը և էլի բարձրաստիճան մարդիկ   #Sport  կրում են։
—Հիմա ընդունված է, երբ որևէ հայտնի մարդ,  պաշտոնյա,  հագուստ է կրում այս կամ այն արտադրողից միանգամից նկարում են, իրենց  էջերում տեղադրում, ձեր մոտ նման բաներ ընդհանրապես չկա։ 
-Մենք,  այո’ չենք  գրում այդ մասին, մարդկանց գլուխը չենք տանում, թե ով  մեր հագուստը հագավ, ում նկարեցինք,  կարևորը , որ թե’ պաշտոնյաները, թե’ ժողովուրդը, երբ  հագնում են մեր արտադրանքը, գոհ մնան, ուրեմն մենք  ճիշտ բան ենք մատուցում, ուրեմն չորս տարի առաջ ճիշտ ուղղություն ենք ընտրել։ #Sport-ը մեզ համար միայն բիզնես չի , եթե միայն բիզնես լիներ, մենք գները կբարձրացնեինք,  բայց մեր սկզբունքն այն է, որ մարդկանց մատուցենք իրենց ուզածը, միևնույն ժամանակ`  հասանելի գին ու բարձր որակ ապահովելով։ Մեզ համար բոլոր հաճախորդները ուրախություն են, այո՛ մենք չենք անում նման բաներ,  չենք ասում ինչ որ մեկն ավելի շատ ուրախություն է , քան՝ մյուսը, ճիշտ է՝ ավելի շատ հաջողություն ենք ունենում, երբ պաշտոնյա մարդ է կրում , բայց չենք տարբերում այդ առումով, բոլորն էլ մեր հաճախորդներն են ու մենք ուրախ ենք բոլորի համար էլ։
-Փոխվե՞լ է մարդկանց վերաբերմունքը հայկական արտադրանքի հանդեպ։
-Իհարկե։ Սկզբում  մենք նեղվում էինք , երբ Հայաստանում մարդիկ քաջալերում էին թուրքական ապրանքը, ասում էին․ «Սա թուրքական ապրանք է, ոչ թե չինական», այսինքն դա հպարտություն էր , բայց հիմա շատ բան է փոխվել, երբ ասում ենք հայկական արտադրանք է, մարդիկ տխուր դեմքով չեն նայում մեզ,  ոչ էլ՝ զարմանքով, հակառակը՝  ուզում են փորձեն ու հենց դա է, որ առաջ է տանում մեզ։ Հայերը , եթե փակ լինեին ու նոր բաներ փորձող չլինեին, մենք այսօր այստեղ չէինք լինի ։ Մեր ժողովուրդը բաց է, գալիս փորձում են, գոհ են մնում , էլի կգան։ Հիմա շատ  են բացվել հայկական հագուստ արտադրող ընկերություններ,  դա ուրախալի է։ Նշանակում է՝ մարդիկ ավելի քիչ թուրքական արտադրանք կգնեն ու ավելի շատ օգուտ կտան Հայաստանին ,  աշխատատեղեր  կբացվեն։  Մենք պետք է  ինքներս կարողանանք ինչ որ բան ստեղծել, ոչ թե կախված լիենք այլ երկրներից։ Մեր խանութների ցանցում միայն 15 վաճառող  կա, , բացի այդ, կան արտադրամասեր ու բավական շատ մարդ է աշխատում։ Փորձում ենք նաև արտահանել, մեր խսնութների ցանցը բացել դրսում, ճանապարհներն են մեզ մի քիչ խանգանում, այն, որ Հայաստանը ծով չունի, բայց աշխատում ենք լուծումներ գտնել ։
-Ես հիշում եմ, որ Սիրիայից Հայաստան գալու փոխարեն, տարբերակ ունեիք արտերկիր մեկնելու, հիմա արդարացվա՞ծ եք համարում Հայաստան գալու որոշումը։  
-Չենք գնացել ուրիշ երկիր, որովհետև միայն բիզնես ստեղծելու միտքը չէր, մեր ընտանիքի միտքն այն էր, որ Հայաստանում  ինչ որ բան հիմնենք, եթե միայն բիզնեսը լիներ , հավատացեք, կար տարբերակ Կանադա կամ Ավստրալիա մեկնելու, բայց մեր միտքը ձեռք- ձեռքի տալով ամբողջ ժողովրդի հետ Հայաստանում բիզնես հիմնելն էր։ Հնարավոր է՝ դրսում ավելի լավ լիներ, բայց մերը նաև սկզբունքային խնդիր էր, մենք ապրել ենք Սիրիայում երկար տարիներ, թեպետ շատ լավ էինք ապրում ու ժողովուրդն էլ մեզ ընդունում էր , բայց մեր հայրենիքը չէր։ Այնպես որ, օտարությունից հետո ուզում էինք  Հայրենիքում ինչ-որ  արդյունավետ գործ անել։ Հիմա նույնը չէ, ինչ 3-4 տարի առաջ, հիմա ավեի գոհ ենք, ավելի հանգիստ։  Մեզ Հայաստանի ժողովուրդը շատ լավ ընդունեց, ու դա  կարևոր է, երբ մենք ասում էինք  եկել ենք Սիրիայից և ուզում ենք ինչ որ բան հիմնել , զգում էինք, որ մարդիկ ուզում են օգնել ,  թեկուզ հնարավորություն չունեն,  բայց մի դրական  բառն էլ,  որ ասում էին , հասկանում էինք, որ ճիշտ տեղում ենք ու ճիշտ որոշում ենք կայացրել ։
-Ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանում նոր բիզնես հիմնող երիտասարդներին։
-Առաջին բանը, որ ճիշտ գնահատեն իրենց  հնարավորությունները, պարզ գնահատեն Հայաստանի իրավիճակը, մտածեն ժողովրդի քանակի,  սահմանները փակ լինելու մասին ու ըստ դրա գործ հիմնեն, ներդրում չանեն տասնյակ միլիոնների, հետո սպասեն ինչ- որ արդյունքի,  պետք է քչից սկսել, որ ուզածիդ հասնես ու չհուսահատվես ։ Երբ ես Սիրիայից եկա այստեղ, եթե  մտածեի, թե միանգամից Սիրիայի նման գործ եմ անելու  կհիասթափվեի շուտ , իսկ  ամենակարևոր բանը չհուսահատվելն ու  հետևողական աշխատելն է։  Այս պայմանների դեպքում  անպայման արդյունքի կհասնես։ Պետք է միշտ գործի մեջ լինել, այսօր ես, եղբայրս ու հայրս  ամեն օր առավոտից երեկո աշխատանքի ենք, որպեսզի միշտ տեսնենք, հաճախորդներն ինչ են ուզում, ինչ են պահանջում ,միանգամից իրենց ուզածը փորձենք տալ, կամ, եթե մի բան այն չէ, փոխենք, դա ամենակարևորն է, գործը հիմնել ու գնալ ուրիշ տեղ աշխատել, ես խորհուրդ չէի տա, արդյունք չի լինի  ։
-Ինչպե՞ս եք տեսնում ձեր ապրանքանիշի և, ընդհանրապես, հայկական արտադրանքի ապագան։
-Մեր երազանքները շատ են ու մեծ են։ Բիզնեսի առոմով շատ կարևոր է, որ ժողովուրդը իրար  հանդեպ պարզ լինի, ազնիվ լինի, մարդիկ սիրեն իրար, օգնության ձեռք տան,  ատելություն  չլինի։ Օրինակ ես հայկական արտադրանք ունեմ, եթե իմ գործը լավացավ, ես ինչ որ մեկին օգնելու  եմ և այդպես շատ է լինում,  ինչքան շատ հայկական արտադրանք գնենք լինի հագուստ, օճառ, թեյ , ինչ էլ լինի,  մենք մեզ ավելի կուժեղացնենք ու ավելի արագ ոտքի կկանգնենք, կայուն կլինենք , քան, եթե  դրսից  բերած բրենդներն ընտրենք։ Եթե մենք մեկս մյուսի մոտ հագնվենք, սնվենք, մեկս մյուսի ապրանքը գնի, փողերը ներսում կմնան ու ապագայի վրա դրական կազդի։

       

Նշենք, որ  #Sport  խանութը գտնվում է Կողբացի 20/3, 20/4 և Կոմիտաս 32 հասցեներում։

Մանրամասների համար կարող եք այցելել նաեւ խանութի ֆեյսբուքյան էջ։


Գայանե Շահինյան

 

 Լուսանկարիչ Ստեփան Հակոբյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...