Որտեղից են հայ դիզայներները գնում գործվածքներ իրենց մոդելների համար

Wnews.am-ում այսուհետ յուրաքանչյուր շաբաթ Petoor Insider նոր բաժնում կներկայացվի հայկական  Petoor ապրանքանիշի շարքը, որում ապրանքանիշը կպատմի նորաձևության ոլորտի մասին՝ մասնագիտական տեսանկյունից։ Առաջին թեման Petoor Insider-ում, պատմում է, թե  որտեղից են հայ դիզայներները գնում գործվածքներն իրենց մոդելների համար․

Նորաձևության և հատկապես հագուստի անմիջական ստեղծման հետ կապ չունեցող մարդիկ ժամանակ առ ժամանակ իրենց հարց են տալիս. իսկ ինչու տեղական այս կամ այն արտադրանքը միջինից բարձր գին ունի, անգամ եթե գործվածքը, որից այն կարված է ոչ մի տիեզերական հատկություն չունի, կամ օրինակ շատ նման է իր որակով ու բաղադրությամբ Zara-յի, կամ որևէ այլ մասմարքեթային ապրանքանիշի բազմաթիվ նմուշների գործվածքին: Ոչ մի զարմանալու բան չկա, հիմա փորձելու ենք գտնել այդ հարցի պատասխանը:

Այն մասին, որ դեմոկրատական բրենդերը ողջ աշխարհում մի նմուշից արտադրում են տասնյակ հազարավոր օրինակներ և այդպիսով ինքնարժեքն իջեցնում մինչև մի քանի ցենտ, արդեն գիտեն շատ շատերը: Այս հարցը հանգիստ ենք թողնում և անցնում մեր ներքին շուկայի մեխանիզմին:

Հայաստանում դիզայներն իր բոլոր ստեղծագործական փնտրտուքներից ու վերջնական դիզայնը պատկեացնելուց հետո սկսում է փնտրել համապատասխան գործվածք, (որոշ դիզայներներ ընդհակառակը՝ ներշնչվում են գործվածքից, այսինքն գործընթացը հակառակ կողմից են անցնում): Ինչևէ, գործվածքի ընտրությունը մեր շուկայում անհավանականորեն սահմանափակ է. կան բոլորին հայտնի Աբովյան փողոցի վրա տեղակայված գործվածքի խանութները, որտեղից առևտուր են անում համարյա բոլորը, և մի քանի ավելի պահեստատիպ խանութներ, որոնք գտնվում են քաղաքի տարբեր ծայրերում: Շրջանայինի խանութներից որոշներում ներկայացված են անգամ բրենդային կտորներ (ոչ ճշտված տվյալներով բրենդային կտորներից մի քանի մետր ունենալու փաստը պայամանավորված է նրանով, որ օրինակ Chanel-ը չինական որևէ ֆաբրիկայում պատվիրում է իր գործվածքը, կամ իտալական որևէ ֆաբրիկայում, տվյալ ֆաբրիկան գործում է մի քանի մետր ավելի և մի քանի անգամ ավելի մատչելի գնով վաճառում տարբեր ցանկացողների), այսպես՝ շրջանայինի խանութների վաճառող մասնագետները ճանաչում են իրենց բոլոր մշտական հաճախորդներին դեմքով, իսկ շատ հաճախ անունով, ունեն ինֆորմացիա, թե որ բրենդի համար է աշխատում այս կամ այն հաճախորդը, և մշտական գործընկեր բրենդերին գործվածքը վաճառում են զեղչով: Որոշ խանութներում զեղչը կազմում է 10 %, որոշներում՝ 5%: Այս խանութներում ներկայացված գործվածքները նորաձև են, որակյալ, բայց շուտով քաղաքումբոլորը կրում են միևնույն գործվածքը և դրանք մի փոքր չափազանցված արժեք ունեն.

դիզայներները բազմիցս դիմել են պետական մաքսային մարմիններին՝ իրենց առանց մաքսազերծման արժեքով գործվածք վաճառելու խնդրանքով, բայց քանի որ այս «ազնիվ» գաղափարի աշխատանքի մեխանիզմը ոչ ոք հստակ չի պատկերացնում, մենք շարունակում ենք գնել գործվածքը իր արժեքի քառապատիկ գնով:

Քաղաքի ծայրամասերում տեղակայված խանութներից հատկապես դիզայներները սիրում են Մալաթիա տոնավաճառի տարածքում գտնվողը, մեկն էլ կա Լենինգրադյան փողոցի վրա, ուր հրաշալի անգլիական բրդյա գործվածքներ կարելի է գտնել բավական խելքին մոտ արժեքով, մի երկուսը տեղակայված են երրորդ մասում, մեկն էլ մի ժամանակ բանվորի արձանի մոտ էր, իսկ հիմա վերաբացվել է ավելի թարմացված ու, իսկապես հետքրքիր, որակյալ տեսականիով այլ հասցեում:

Գործվածքները հայկական շուկա ներմուծվում են հիմնականում Թուրքիայից (դժբախտաբար, ի դեպ, որոշ բրենդեր կատեգորիկ չեն գնում թուրքական գործվածքներ), մի մասը Միացյալ Արաբական Էմիրություններից, Սիրիայից՝ մի ժամանակ, Իտալիայից, Ֆրանսիայից և այլն:

Հիմա դուք կասեք, ինչու եք գնում այն, ինչ կա մեր շուկայում, պատվիրեք արտերկրից, և ձերը կլինի, յուրօրինակ և ավելի մատչելի: Մեր շուկան ծավալ չունի, գործվածք արտերկրից կարելի է պատվիրել նվազագույնը՝ մեկ թոփ, այսինք

22-25 մետր, որից պետք է կարվի մեկ-երկու մոդելից մի շարք օրինակներ, եթե սպառումն իրականացվում է միայն Հայաստանում, ապա փոքր դիզայներական, նույնիսկ միջին դիզայներական բրենդին սա հարմար չէ, սեզոնի ընթացքում այդքանը սպառել հնարավոր չի: Պատկերացրեք, որ հնարավոր լիներ վաճառել միևնույն կիսավերարկուից 10 հատ, առավել ևս, երբ դու դեռ չես փորձարկել մոդելը շուկայում ու չգիտես ընդհանրապես գոնե մեկը կկարողանաս վաճառել, թե ոչ, ի դեպ մեր շուկան էլ թրենդային առումով բացարձակ անկանխատեսելի է, բայց այդ մասին կխոսենք մյուս անգամ: Ճիշտ է կան անհատներ, որ աշխատում են տարբեր իտալական, ֆրանսիական ընկերությունների հետ և բերում 10-15 մետրով կտրվածքներ, բայց այս մեխանիզմն այնքան հում է ու ոչ սեզոնային, որ նորից սիստեմատիկ բնույթ չի ստանում: Արդարության համար սակայն պետք է ասել, որ կան մեկ ձեռքի մատների վրա հաշված բրենդերը, որ, այո՛, գործվածքը գնում են թոփով և արտերկրից, բայց դրանք , ինչպես ասացի, քիչ են:

Արդյունքում ստացվում է, որ հայկական դիզայներական հագուստը կարվում է 2500-15000 դր միջին արժողության գործվածքից, մեկ նմուշի վրա ծախսվում է միջինով երկու մետր կտոր, բայց մի շտապեք հաշվել ինքնարժեքն ու համեմատել խանութում կախված հագուստի գների հետ, որովհետև գործվածքի գումարին ավելացնում ենք ֆուրնիտուրայի՝ կոճակ, շղթա, երիզ, կոճգամ, աստառ, ձևարարի, տեխնոլոգի, դերձակի աշխատանքը, ծախսերը ատելիեի, խանութի, սպասարկող անձնակազմի աշխատանքի հետ կապված, հարկային բոլոր մուծումները, փաթեթավորումը, գնապիտակ, չափսավորում և այլն: Նկատեք, որ ես ոչինչ չեմ գրում դիզայների ստեղծագործական մտքի ծախսի մասին, սա տաղանդավոր ազգ լինելու ամենամեծ թերությունն է, ստեղծագործական աշխատանքը երբեք չի գնահատվում, իսկ եթե գնահատվում է, ապա զարմացական բացականչությունների տեղիք է տալիս: Բայց, պետք է նշել, որ այսօր հայկական բրենդերը հենց այդպես էլ աշխատում են, առաջինը կարևորելով դիզայների ստեղծագործական աշխատանքը: Ի վերջո, շուկայի փոքրությունն էլ իր մե՜ծ առավելությունն ունի.  ձեր հագուստից կարվում է ամենաշատը 4-5 օրինակ, այն մեծագույն ցանկության դեպում էլ մասսայական դառնալ չի կարող, քանի որ մեծամասամբ այս քանակները կարվում են փոքր ատելիեներում, այլ ոչ ֆաբրիկաներում, յուրաքանչյուր նմուշ կարվում է մանրաքայլ, ամուր, արդուկվում է հատիկ-հատիկ, ունի ձեռքի աշխատանք կոչվելու բոլոր նախադրյալները: Այնպես որ, մեր շատ սիրելի առևտրի կենտրոններն այցելելուց առաջ մեկ անգամ որոշեք , թե ինչն եք կարևորում հագուստի մեջ. երկարակեցությունը, թե միայն շատ թրենդային լինելը, ամրությունը, թե աչքի զարնելը, յուրօրինակությունը, թե արդեն մարսված կերպարի նմանվելը, ու սկսեք գնել ավելի հազվադեպ, բայց ավելի դիպուկ և ցանկալի է դիզայներներից:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...