Իմ աշխատանքային ժամը հիմա տևում է 9․00-ից մինչև 23․00․ Մարիամ Փաշինյան (Photo)

Մարիամ Փաշինյանի հետ մեր առաջին հարցազրույցից հետո, ես վստահ էի, որ նրա մասին դեռ շատ ենք լսելու։ Երիտասարդական էնտուզիազմը, նրան բնորոշ աշխատասիրությունն ու նպատակասլացությունը կնպաստեին դրան։ Արդյունքում՝ մամուլում նախ կարդում ենք, որ Մարիամը լրջորեն զբաղվում է «Հայկական ժամանակ»-ի ռեբրենդինգով, ապա՝ հայտնվում է նորություն, որ 20-ամյա աղջիկն իր նախագիծն է ներկայացրել  WCIT -ում ։ Այս լուրերն էլ հենց առիթ հանդիսացան, որ կրկին հանդիպենք Մարիամի հետ։

-Մարիամ ի՞նչ նախագիծ էր , որը ներկայացրել էիր WCIT- 2019-ում ։

-Նախագիծը, որը պլանավորվում է իրականացվել առաջիկա երեք տարիների ընթացքում ենթադրում է ստարտափ էկոհամակարգի զարգացումը ոչ միայն Հայաստանաում, այլև՝ տարածաշրջանում , «Դիջիթեյն»-ի շենքն արդեն կառուցված է, պլանավորվում է մեկ այլ շենք նույնպես կառուցել, որում կլինի մոտ 3000 անձ, այն ծառայելու է ստարտափերի, նաև՝ միջազգային գործող կազմակերպությունների համար, որոնք ուզում են զարգանալ մեր տարածաշրջանում կամ ուզում են իրենց շուկայում ներառել նաև Ասիան։ Հայաստանը՝ որպես միջանցք Եվրոպայի և Ասիայի միջև, շատ հարմար դիրքում է այսպիսի բիզնես զարգացնելու համար։ Ես աշխատում եմ «Դիջիթեյն»-ում հունիսից։ Դիմել եմ staff.am-ով , անցել եմ հարցազրույցի փուլն ու ընդունվել աշխատանքի։ Այնպես ստացվեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատեցի այս նախագծի  վրա և հնարավորություն ստացա WCIT -ում մեր նոր հարթակը ներկայացնել։

-Ինչպե՞ս են աշխատավայրում արձագանքում քո գործունեության մասին պարբերաբար հայտնվող լուրերին։ 
-Ես փորձում եմ բալանսավորել իմ աշխատանքային կյանքն իմ հանրային կյանքի հետ, որովհետև, եթե անգամ լինում են լավ արձագանքներ ես փորձում եմ դրանք միանշանակ չընդունել, որպեսզի չշեղվեմ իմ ամենօրյա կյանքից ։ Կարծում եմ՝ նրանց համար կարևոր եմ ես՝ որպես աշխատող , թե ես ինչ կարող եմ տալ կազմակերպությանը , ոչ թե՝ ինչ է շրջանառվում իմ անվան շուրջ։ Ես այս փուլում փորձում եմ մասնագիտական քայլեր անել ու մասնագիտական անուն ձեռք բերել։ Չգիտեմ ինչու տարածվեց այս աղմուկը։ Ես այս նախագծի շրջանակներում աշխատում էի նաև մամուլի ներկայացուցիչների հետ, երևի թե հենց այդպես էլ տարածվեց։

-Պարզվեց՝ մամուլը շատ է ուզում իմանալ քո կարծիքը նաև Gucci Resort 2020 ցուցադությանը մասնակցած հայ մոդելի վերաբերյալ։
-Այո՛,  ուզում եմ շեշտել, այն փոքրիկ միջադեպը, երբ  այս թեմայով արված  ձեր նյութը  տեղադրեցի իմ էջում՝ ցիտելով քո  խոսքերը ու ողջ մամուլը դրանք վերագրեց ինձ, ինչն, իմ կարծիքով, հեղինակային իրավունքի կոպիտ խախտում էր ։ Ես շատ տխրել էի, որ քո խոսքը ներկայացրել էին որպես իմը, որովհետև դա անարդար է հենց ձեր հանդեպ։ Ես ինձ մոտ նշում արեցի, որից հետո լրատվամիջոցները ուղղեցին վրիպումը։ Բայց, եթե ցանկանում են իմանալ , թե ես ինչ եմ այս առիթով մտածում, ասեմ, որ Արմինեի դեպքը հանրային մեծ հնչեղություն ստացավ, ու, ինչպես դու քո նյութում էիր գրել, անընդունելի եմ համարում ուրիշի արտաքինի վերաբերյալ քննադատական արտահայտություններ անելը, ընդհանրապես, ինչ որ կարծիք հայտնելը, որովհետև ամեն մարդ գեղեցիկ է յուրովի ու ես շատ հպարտ եմ, որ հայազգի մոդելն, ով առաջինը մասնակցեց նման մասշտաբի fashion week-ի հենց Արմինեն էր , որովհետև նա շատ յուրահատուկ գեղեցկություն ունի։ Միանշանակ, անընդունելի է , որ նման կոպիտ արտահայտություններ էին հնչում մեր մոդելի հասցեին, բայց նա շատ լավ հաղթահարեց այդ ամենը։ Ես տեսա նրա հարցազրույցը և մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, վստահ եմ, որ նա նորից հրավերներ կստանա բարձր նորաձևության աշխարհից։

–  «Հայկական ժամանակ»-ում քո գործունեության մասին ևս շատ խոսվեց։  Ինչո՞վ ես այնտեղ զբաղվում։ 

-Դեռ փոքր տարիքում ասում էի, որ երբ մեծանամ ես եմ զբաղվելու «Հայկական ժամանակ»-ով և այդպես էլ եղավ ։ Հեղափոխությունից հետո ո՛չ հայրս, ո՛չ մայրս ժամանակ չեն ունենում թերթով զբաղվելու, բացի այդ, հեղափոխությունից հետո բոլոր լրատվամիջոցներն ունեն ռեբրենդինգի կարիք, որովհետև շատ լրատվականների հիմնական նպատակը՝ կոռուպցիոն դեպքերի բացահայտումը, մոնոպոլիայի վերացումը այլևս ակտուալ չէ։ «Հայկական ժամանակ»-ը ռեբրենդինգի փուլում է, ես աշխատում եմ բրենդի ընդլայնման, բրենդի նպատակային լսարանը մեծացնելու ուղղությամբ։ Կատարում ենք ռազմավարական փոփոխություններ, ինչպիսիք են՝ մեր նպատակը, տեսլականը։ Վերանայում ենք կամ նորից սահմանում մեր թիրախային շուկան։ Ես ամեն ինչ կանեմ, որ ի դեմս «Հայկական ժամանակ»-ի կարողանանք մատուցել որակյալ և ճշգրիտ, նաև՝ բոլոր շերտերին հետաքրքրող տեղեկատվություն, ոչ միայն հայաստանյան նաև՝ համաշխարհային լուրեր, ինչը Հայաստանում քիչ է լուսաբանվում։

-20 տարեկան աղջկա համար միանգամից երկու ու այդքան լուրջ աշխատանք, հասցնո՞ւմ ես ընկերների հետ ժամանակ անցկացնել։

-Ես շատ աշխատասեր եմ, իմ աշխատանքային ժամը հիմա տևում է 9․00-ից մինչև 23․00, բայց, ամենաշատ էներգիան ինձանից խլում է հանրային կյանքով ապրելը, որովհետև շատ դժվար է , երբ քեզ ճանաչում են, քո ամեն քայլը քննարկվում է և, իրոք, շատ էներգիա է տանում։ Ընկերների համար ես  միշտ ժամանակ գտնում եմ, երբեք խնդիր չեմ ունեցել դրա հետ կապված։ Սիրում եմ քաղաքից դուրս անցկացնել ազատ ժամանակս, որովհետև Երևանում ինձ համար շատ բարդ է դարձել հանգստանալը։ Սիրում եմ բնության գրկում լինել , թե՛ ընկերներիս հետ , թե՛ մենակ։

-Որպես նոր սերնդի ներկայացուցիչ , ըստ քեզ որքանո՞վ էր կարևոր WCIT -ը ։ 
-Ես անչափ երջանիկ եմ ու հպարտ, որ Հայաստանը կարողացավ ընդունել այսքան շատ հյուրեր և պատշաճ կարողացանք անցկացնել այսպիսի հանդիպում։ Միջազգային ներդրողները իրենց ուղղություններն ընտրելիս կարևորում են հավասար պայմանները, բոլոր մասնակիցների ձեռնարկատերեի համար և Հայաստանը հիմա լավ թիրախ է նրանց համար։ Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են, որպեսզի նոր նախագծեր գան Հայաստան։ Միջազգային հանրության շփումը հայ հանրության հետ հանգեցնում են նոր նախագծերի, նոր ինովացիոն գաղափարների իրականացմանը  Հայաստանը լինելով տարածաշրձանի առաջատարը ՏՏ ոլորտում մեծ պոտենցիալ ունի աշխարհին ներկայացնելու ։

 

Զրուցեց Գայանե Շահինյանը

Լուսանկարաիչ Մարատ Կարապետյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...