Գերմանական երազանք

25-ամյա Տաթևի միակ երազանքն ու նպատակը  Գերմանիա մեկնելն էր։ Նա ընդամենը  2 ամսում որոշեց սովորել գերմաներեն, ինչն առաջին քայլն էր դեպի իր երազանք:

 

«Բոլորը վստահ էին, որ ես քննությունը չեմ կարողանա հանձնել, անգամ դասախոսս, ում մոտ պարապում էի։ Միայն ես էի հավատում ինձ»,-հիշում է Տաթեւը։

 

Եկավ քննության օրը։  Նա պետք է հանձներ բանավոր և գրավոր քննություններ, իսկ

վերջում սպասվում էր հարցազրույց տեղի հոգեբանի հետ:

 

 «Այդ պահին ինձ համար շատ դժվար էր. չունեի մեկը, ով ինձ դրական ու քաջալերող խոսքեր  կասեր։ Ես ինձ միայնակ էի զգում ու, կարծես, մեն-մենակ մարտի դուրս եկած լինեի»։

 

Չնայած բոլոր վախերին, նա հանձնեց  քննությունը և հայտնվեց ամենաբարձր բալ հավաքողների շարքում:

 

«Գնացի տուն, ուրախացած լուրը հայտնեցի ծնողներիս, իսկ նրանք ի պատասխան ասեցին, որ ոչ մի տեղ չեմ գնալու։ Կարծես, ամբողջ աշխարհը շուռ եկավ գլխիս»։

 

Որոշ ժամանակ անց Տաթեւն աշխատանքի տեղավորվեց՝  նույնիսկ մեկ օր չդադարելով երազել ուսումն արտերկրում շարունակելու մասին:

 

«Մեկ տարի անց, երբ պետք է ընդունվեի  Գերմանիայի նույն համալսարանում մագիստրատուրա , կապ հաստատեցի  իրենց օֆիսի հետ, և պարզվեց, որ իմ քննության  

տվյալները շատ են հավանել: Կարող էի առանց քննության մասնակցել ծրագրի առաջին փուլին, որը սկսվում էր պրակտիկայով»։

 

Եկավ այդքան սպասված օրը, Տաթևը նստեց ինքնաթիռ և շարժվեց  իր երազանքի հետքերով:

 

«Ինձ ոչ ոք չէր եկել դիմավորելու, մեծ դժվարությամբ հասա տեղ։ Սեմինարը լավ անցավ և ինձ ուղարկեցին իմ պրակտիկայի վայրը:

Ես կարողացա ապացուցել, որ անհնարին ոչինչ չկա: Ամեն օր արթնացել եմ առավոտյան ժամը 5-ին։ Օրական քնում  էի 5  ժամ, պետք է եւ՛ դասերս հասցնեի, եւ՛ պրակտիկաս, եւ՛  ժամանակ էի գտնում ճանապարհորդելու համար»։

 

Հաղթահարել դժվարությունները և շարունակել գնալ երազանքների հետևից՝ Տաթևի օրինակն ապացուցում է, որ անհնարին ոչինչ չկա, եթե ունես  երազանք եւ ցանկանում  ես այն իրականացնել:

Սրբուհի Հակոբյան 3-րդ կուրս

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...