Fashion բոլոլա ՝ հայկական համացանցում (Photo)

Այն բանից հետո, երբ  բոլոր-բոլորը՝ ամենահայտնի քաղաքական գործիչներից մինչև ինստագրամահայուհիներ արտահայտվեցին Gucci Resort 2020 ցուցադությանը մասնակցած հայ մոդելի վերաբերյալ, հույս ունեմ դեմ չեք, եթե մի քիչ  մասնագիտական վերլուծություն անենք և  fashion լրագրողի տեսանկյունից  փորձենք պատասխանել վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեմային։

 Gucci Resort 2020 -ն ու Արմինեի կերպարը

Նորաձևության ցուցադրությունները վաղուց դադարել են պարզապես հագուստ ներկայացնելու հնարավորություն լինել, դրանք վերածվել են իսկական ներկայացումների՝  հատուկ կերպարներով և գաղափարախոսությամբ։  Gucci նորաձևության տունը հայտնի է իր էպատաժային, խելագար գաղափարներով ու  Gucci Resort 2020-ը ևս բացառություն չէր, միլանյան   ցուցադրության գաղափարը նախապաշարմունքներից ազատ հասարակությունն էր և մինչ բուն հավաքածուն ներկայացնեը պոդիումում հայտնվում են 60 մոդել՝ ամենատարբեր ռասայի, արտաքինի, հասակի ու քաշի ՝ կաթնագույն համազգեստներով, որը խորհրդանշում է հասարակության ճնշումը, միանմանությունն ու սահմանափակումները։ Հայուհի Արմինեն հենց այս 60 մոդելների շարքում էր և իր կերպարով համապատասխանում էր գաղափարին, որը նորաձևության տունն ուզում էր տարածել։ Այս փոքրիկ  տեսարանից հետո  սկսվում է  Gucci Resort 2020  բուն հավաքածուի ցուցադրությունը՝ պրինցիպիալ նախորդից տարբեր՝ որպես  կապանքներից ազատվելու, ինքնաարտահայտվելու խորհրդանիշ, այստեղ արդեն հայ մոդելը ներառված չէր։

Նորաձևությունն ու գեղեցկությունը

Ողջ աշխարհում մեծ թափ առնող բոդիպոզիտիվի, ազատությունների, ֆեմինիզմի ու գլոբալիզացիայի   ֆոնին գեղեցկության մասին մեր համացանցի  քննարկումները, մեղմ ասած, հետադիմական են ։  Dior-ի «We Should All Be Feminists» վերտառությամբ բլուզներից, մինչև fashion week-երում plus size մոդելների հայտնվելը վկայում են, որ գեղեցկության  չափանիշները հնացել են և 2019-ին հայ մոդելից պահանջել լինել այսպիսին, կամ այնպիսին, ասել է թե, ձեր երևակայած գեղեցկության չափանիշներին համապատասխան ,  մեծ ապուշություն է։ Նորաձևությունն այլևս ոչինչ չի պարտադրում, գլխավոր պայմանը՝  ինքդ քեզ նման լինելն է։ Անգամ ամենահեղինակավոր նորաձևության տների ցուցադրություններում ամեն տարի ավելանում են սովորական կանայք, ամենատարբեր կառուցվածքներով, մաշկի ու մազերի գույնով և հասակով։ Սա արդարացված է նաև մարքեթինգի տեսանկյունից։ Ի վերջո՝ հագուստն արտադրվում  է բոլորի համար և ոչ թե այն 0,01 տոկոս ՝ իդեալական արտաքինով գեղեցկուհիների։Բոլորովին վերջերս Նյու Յորքի fashion week-ում Chromat S/S 2020 ցուցադրության պոդիում բարձրացավ  plus size մոդել Տեսս Հոլիդեյը` Sample size վերտառությամբ զգեստով։

D&G նորաձևության տունը, որը  հայփի կարիք ընդհանրապես չունի, արդեն մի քանի տարի է իր հավաքածուները ներկայացնելու համար հրավիրում է իր գնորդներին՝ օրինակ ՝ Իլոն Մասկի 70-ամյա մայրիկին ՝ Մեյ Մասկին։

«Կարծում եմ՝ ժամանակն է մոռանալ սնոբիզմը»,-ասում է մեր ժամանակների ամենավարկանիշային դիզայներներից մեկը՝ Թոմ Ֆորդը և նշում , որ նորաձևությունը մարդկանց համար է , բոլորի և այն չպետք է առանձնանա, տարբերվի կամ բարդույթներ առաջացնի։ Ոչ ստանդարտ արտաքինով մոդելների շարքը կարելի է անվերջ շարունակել, օրինակ՝ Victoria’s Secret Show 2018 -ի «հրեշտակի թևեր» ստացած ամենաքննարկվող մոդել  Վիննի Հարլոն, ով նաև ժամանակակից ամենապահանջված և ամենաբարձր վարձատրվող մոդելն է։

Բայց, խոսենք ընդհանրապես գեղեցկության և դրա ընկալումների մասին։ Նորաձևության ցուցադրությունները, գեղեցկության մրցույթներ չեն և այստեղ բոլորովին այլ պահանջներ կան։ Օրինակ 39-ամյա Ժիզել Բունդհենը միգուցե չշահեր գեղեցկուհու տիտղոս և հայկական համացանցում նրան խորհուրդ տային վիրահատել քիթը, բայց բրազիլացի մոդելն ըստ  Forbes-ի՝  գլխավորել է  ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկը 2004 – 2013թթ , այսինքն 9 տարի անընդմեջ։

Բոդիպոզիտիվը, միգուցե, Հայաստանում  դեռ մեծ տարածում չունի, բայց այդ շարժումը գոյություն ունի և փաստում է, որ ոչ ոք իրավունք չունի քննարկել, քննադատել մյուսի արտաքինը, պահանջել նման լինել կամ ենթարկվել ինչ որ օրենքների։ Բոդիպոզիտիվը սեփական մարմնի հանդեպ դրական վերաբերմունքն է ՝ անկախ նրանից համապատասպանո՞ւմ է այն գեղեցկության չափանիշներին , թե՞ ոչ։ Չնայած․ այն ծայրահեղություններին, որ երբեմն, այս գաղափարախոսության ներկայացուցիչները հասնում են, իր նախնական իմաստով բոդիպոզիտիվը  չափազանց հեշտացնում է մեր բոլորի կյանքը։ «Իմ հետ ամեն ինչ կարգին է, ես սիրում եմ ինձ , ինչպես նաև քո հետ է ամեն ինչ կարգին։ Մենք չենք քննադատում, չենք քննարկում իրար։ Հատկապես, որ արտաքինը մենք չենք ընտրել»։ Թերևս, այս գաղափարը կիրառելու դեպքում  հայուհի մոդելի արտաքինի քննարկումները չէին հասնի այս մաշտաբների ու չէին դառնա թոփ 1 թեման 6 օր շարունակ ։ 6 օր պատկերացնո՞ւմ եք։ Gucci Resort 2020  ցուցադրությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին։

 

Գայանե Շահինյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...