Ութսունականներին, երբ իմ տղաները փոքր էին, բազմիցս գնացքով ճանապարհորդում էինք ․ Նունե Սարգսյան (Photo)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը, նշանավորելով արվեստի մեծ դերը հասարակության զարգացման գործում, սեպտեմբերի 23-ին  շրջեց Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակում կազմակերպված մի շարք ցուցահանդեսներով:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` տիկին Սարգսյանը փառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանի ուղեկցությամբ դիտեց նախագահական նստավայրի հարակից տարածքում բացված «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են հայազգի աշխարհահռչակ  լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Անտուան Սևրուգինի, Յուսուֆ Քարշի, Իդա Քարի, Արա Գյուլերի և այլոց գործերը, այնուհետև շրջեց Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ» կայարաններում` ծանոթանալով այնտեղ ֆոտոփառատոնի շրջանակում կազմակերպված ցուցադրություններին:

«Մեր մետրոպոլիտենը լավ հիշողություններ է արթնացնում: Ութսունականներին, երբ իմ տղաները փոքր էին,  բազմիցս գնացքով ճանապարհորդում էինք մեր նոր մետրոյի առաջին կայարանից մինչև վերջինը: Հիշում եմ նույնիսկ մետրոյի սպեցիֆիկ հոտը: Այսօրվա իմ պտույտը մետրոյում վերադարձրեց այդ քաղցր հուշերը, և ես համոզվեցի, որ Կարեն Դեմիրճյանի ջանքերով ստեղծված Երևանի մետրոն ապահով ձեռքերում է: Լավ կլինի, որ ապագայում նոր ցուցահանդեսներ կազմակերպվեն կայարաններում, քանի որ դա գեղագիտական կրթություն է երեխաների, դպրոցականների համար և գեղագիտական հաճույք՝ մեծահասակների համար»,-նշեց Նունե Սարգսյանը:

Անդրադառնալով լուսանկարչությանը` նախագահի տիկինը շեշտեց, որ այն արվեստի իր սիրած ճյուղերից է: «Լուսանկարչությունն առաջ է եկել 19-րդ դարի սկզբին: Մինչ այդ մարդիկ դիմում էին գեղանկարիչներին` պատվիրելով իրենց դիմանկարները:  Հայաստանի ազգային պատկերասրահում իմ մեծ տատի և պապի դիմանկարը կա, որը թիֆլիսահայ նկարչի գործ է: Դիտում եմ կտավն ու զարմանում, որ այնտեղ պատկերված մարդիկ իմ հարազատներն են:

Երբ առաջ եկավ լուսանկարչությունը, մարդիկ առաջնահերթությունը տվեցին դրան: Լուսանկարչությունը ժամանակին արհեստ էր համարվում, իսկ այժմ՝ 21-րդ դարում, լուսանկարչությունը կարելի է լիարժեք ձևով կոչել արվեստ»,-ընդգծեց Նունե Սարգսյանը:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...