Հասարակությունը կնոջը չի ներում իր տարիքը, թույլ չի տալիս ծերանալ. Արևիկ Համբարձումյան

« Ինչու՞ կանայք իրավունք չունեն հանգիստ ու առանց հոգեբանական լուրջ ճնշումների, առանց մեծ գումարներ վատնելու, առանց դեպրեսիաների, առանց ամաչելու տարիքից ու կնճիռենրից ծերանալ»,-  հարցնում է   The LOFT-ի գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանն իր` մեծ տարածում գտած գրառման մեջ: Նա հարցնում է,  իսկ  պատասխաններ փորձում ենք գտնել բոլորս: Մեր ժամանակներում, գեղեցկության ամենատարբեր միջամտությունների ֆոնին, այս  թեման  չափազանց արդիական է և հուզում է բոլորիս: «Այսօր, հասարակությունը կնոջը չի ներում իր տարիքը, թույլ չի տալիս ծերանալ, պահանջում է հավերժ երիտասարդ մնալ»,-արդարացիորեն նկատում է Արևիկը: Բոլորը համաձայն են, բայց  գեղեցկության կլինիկաներում, միևնույն է,  հերթեր են:  Զավեշտալի է հնչում, բայց կանայք, կարծես, պետք է պայքարեն ծերանալու իրենց իրավունքի համար:

Wnews.am-ը  զրուցել է կնոջ գեղեցկության , տարիքի, գեղեցկության միջամտությունների մասին հայտնի թեման բարձրաձայնած Արևիկ Համբարձումյանի հետ: 

– Արևիկ, բավական էմոցիոնալ թեմա ես բարձրացրել  կնոջ տարիքի, գեղեցկության ընկալումների մասին :  Թեմայի վերաբերյալ նախապատմություն կա՞ր : 

-Այս թեման վերջին ժամանակներում միշտ գլխումս է։ Նայում եմ, ուսումնասիրում իմ միջավայրի կանանց, նրանց վերաբերմունքը սեփական տարիքին, մարմնին,  որոշ դեպքերւմ հաճելիորեն զարմանում եմ, բայց խորքային մակարդակում  խնդիրը կա ու դրա մասին խոսել է պետք։ Որքան ավելի շատ խոսվի այս մասին, այնքան հարցը խոցելիի մակարդակից կիջնի առավել հեշտ մարսվող օղակ։ Իրականում,  ինձ իմ տարիքը ու այս տարիքի մեջ՝ ինքս իմ ընկալումը օգնեց արտահայտվել: Ես իմ տարիքը զգում եմ ու հասկանում , որ որպես կին սա  կյանքիս ամենագեղեցիկ շրջանն է , բայց  վախեր իհարկե առաջանում են ՝ <<բա հետո՞>>-ի վերաբերյալ։ Գրառումս մեծ հետաքրքրություն առաջացրեց ակտիվ օգտատերերի մոտ և ես շատ ուրախ եմ ,  քանի որ նպատակս ոչ թե որևէ բան քննադատելն էր, այլ հարց բարձրացնելը  հենց հասարակության ու գլոբալ շուկաների կողմից ստեղծած թակարդների մասին ։

– Ինքդ հաճա՞խ ես զգում հասարակության ճնշումը տարիքիդ , երիտասարդ մնալու հետ կապված։

-Դեռ չեմ զգում,  սակայն միջավայրս ուղղակի կամ անուղղակի կերպ իր ազդեությունն ունի. հավերժ լարված, բավականին շպարված, տարբեր ներարկումների արդյունքում անէմոցիա դեմքեր։ Ես, իրականում, յուրաքանչյուրի ընտրությունը հարգում եմ (ինքս խնամված լիելու համար ինձ նեղություններ հաճախ եմ տալիս) , բայց ճնշումը կա, լայն իմաստով այն ամենուր է և ինձ էլ անմասն չի թողնում։ Սա հասարակության դաժան լինելու շղթայական դրսևորումն է,  չէ՞ որ դա կարծես օրինաչափ է՝ շատ նուրբ հարցերում, հասարակությունը անգութ է գտնվում, իսկ մեր հասարակություն, մասնավորապես,  կնոջ հանդեպ։

-Ինչո՞ւ են  կանայք խուսափում խոսել նման թեմաներից :

-Կարծում եմ,  սա նախ  մենթալիտետի հարց է, հետո՝ ներքին բարդույթների , թերարժեքության զգացման , այն, ինչ տեսել ենք ընտանիքում , այն,  ինչ սովորեցրել են սոցիումում ։ Քիչ առաջ ընկերներիցս մեկը Ֆեյսբուք սոցիալական հարթակում Մոնիկա Բելուչչիի թարմ ֆոտոշարքը հրապարակեց՝   շատ  գեղեցիկ, իր տարիքին համապատասխան տեսքով, կնճիռներով ։ Եվ ամենաառաջին մեկնաբանությունը գիտե՞ս  ինչ էր.  մի տղամարդ հետևյալ արտահայտությունն էր գրել.  «Կուպալնիկով տատի»:  Սա է մեր դաստիարակությունը, և կանայք այ նման արձագանքների պատճառով են խուսափում խոսել այս թեմայի շուրջ:

– Արդյոք միայն հասարակությունն է  մեղավոր , որ կինը փորձում է ամեն գնով երիտասարդ մնալ : Նույն Բելուչչին ընդունում է իր տարիքը, չի թաքցնում կնճիռները, բայց շատ կանայք հենց  իրենք իրենց չեն ընդունում այնպես, ինչպես կան:

-Մեղավորներ փնտրելու կարիք չկա․ սպառողական հասարակությունը, ցավոք, ինտեգրվել է այն չգրված օրենքներին, որոնք «պարտադրում են վճարել երիտասարդության համար»։ Այլ խնդիր է, որ այդ նույն «երիտասարդացնող» պրոդուկտի նկատմամբ զգայունությունը վերին աստիճանի սրվել է․ այսինքն, եթե քո դեմքին հայտնվել է մեկ-երկու գիծ, առաջարկները բազմաթիվ են՝ ինչպես «պայքարել» այդ գծերի դեմ, բայց չկա որևէ նշում, թե ինչու է կարևոր ընդունել և ընկալել քեզ այդ գծերով՝ առանց խորշելու դրանցից, առանց վախենալու, որ դրանք քեզ կարող են ուշադրությունից շեղել։

-Սոցցանցերի դերը նմանատիպ բարդույթների ու պահանջների ձևավորման հարցում շատ մեծ է , ինչպե՞ս չտրվել գայթակղությանը։

-Սոցցանցերի ազդեցությունը մեծ է, որովհետեւ ցանկացած նորություն և ցանկացած պրոդուկտ հենց այս միջոցով է հասանելի և տեսանելի դառնում պոտենցիալ սպառողին։ Գայթակղության չտրվելու համար պետք չէ հրաժարվել սոցցանցերի օգտատեր լինելուց, պետք է ուշադիր վերաբերել այն կոնտենտին ու նշանակությունը, ինչ հրամցնում է մեզ վիրտուալ աշխարհը։

Ինձ համար և՛ Ֆեյսբուքը, և՛ Ինստագրամը, և՛ մնացյալ այլ հարթակները հաղորդակցության, ինֆորմացիա փոխանցելու և ստանալու միջոց են: Ինֆորմացիա, որը օգտակար է, նպաստում է գործնական պրոցեսներին, որն ինձնից չի խլում ուշադրությունս՝ սևեռելով այն գայթակղության և մոլորության վրա։ Այնպես որ գայթակղվել կարելի է համեղ դեղձի և անուշաբույր սեխի տեսքից, վիրտուալ պրոդուկտն ընդամենը ազդում է այնքանով, որքանով մենք լուրջ կամ անլուրջ ենք վերաբերում վերջինիս նշանակությանը։

Զրուցեց Գայանե Շահինյանը 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...