Ես բլոգերներին չեմ սիրում. հարցազրույց հեղինակավոր fashion ժուռնալիստ Հիլարի Ալեքսանդերի հետ (Photo)

Վագրային պրինտով լեգինսով և սև բլուզով 73-ամյա Հիլարի Ալեքսանդերը շրջում է Երևանում, մեկնում Էջմիածին , փորձում հայկական գինի և ասում , թե ինչքան է սիրում ծիրան: Նա նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր կանանցից է : Հիլարի Ալեքսանդերը երկու անգամ   British Fashion Awards-ում ճանաչվել է   Տարվա լավագույն  fashion ժուռնալիստ, Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի կողմից  պարգևատրվել  Բրիտանական կայսրության շքանշանով: Նա պրոֆեսոր է Լոնդոնի մի շարք արվեստի համալսարաններում: Հիլարի Ալեքսանդերը   Hello Fashion Monthly  ամսագրի գլխավոր խմբագիրն է ու 25 տարի Daily Telegraph-ի նորաձևության  բաժնի տնօրենը :  Հիլարիին միշտ կարելի է տեսնել  կուտյուրային ցուցադրությունների առաջին շարքում:  Նա համագործակցել է BBC 2’s Style Challenge  հեռուստաընկերության, Britain’s Next Top Model ռեալիթի շոուի  հետ: Արժանացել  է CFDA-ի հատուկ մրցանակի:

Նորաձևության ժուռնալիստիկայի մասին աշխարհի  լավագույններից մեկին հարցեր ուղղելու  ու նրանից խորհուրդներ ստանալու հնարավորությունն, իհարկե, հիմարություն կլիներ բաց թողնել: Ես բազմաթիվ հարցեր ունեի, որոնց հաճույքով պատասխանեց   Հիլարի Ալեքսանդերը:

-Կարո՞ղ եմ միանգամից ինձ ամենաշատ հետքրքրող հարցը տալ:

-Իհարկե, ես միշտ հենց այդպես էլ անում եմ:

-Ինչպե՞ս դառնալ նորաձևոթյան լավագույն  լրագրող:

 

-Գրել , շատ գրել ու հարցեր տալ,  փնտրել նոր թեմաներ, նոր հարցեր : Միշտ:  Գտնել պատմություն յուրաքանչյուր հավաքածուի մեջ: Հետաքրքրասեր լինել: Որքան հարցեր տաս, այդքան շատ կիմանաս և այդքան շատ բան կունենաս գրելու :  Յուրաքանչյուր հավաքածու, յուրաքանչյուր դիզայներ ունի պատմություն, իսկ  մարդիկ սիրում են լսել պատմություններ: Լավ ժուռնալիստի խնդիրն է  գտնել այդ պատմությունը:  Հնարավոր է դիզայներն ինքը չգիտի , որ պատմություն ունի, պետք է օգնել նրան, հարցեր տալով ՝ ինչո՞ւ է ստեղծել հավաքածուն, ի՞նչն է ոգեշնչել նրան , որտեղի՞ց են նրա պատկերները, մոտիվացիան, ինչո՞ւ է ինքը որոշել, որ պետք է դիզայնով զբաղվի, երբեմն իրենք պատասխանում են «ես սկսեցի հագուստներ կարել իմ արջուկի համար, երբ դեռ 4 տարեկան էի», մտածիր այդ մասին, բացահայտիր նրան և շարունակիր հարցեր տալ:

-Նորաձևության լրագրությունը սոցիալական մեդիայի   շնորհիվ շատ է փոխվել:  Ինչպե՞ս եք դուք վերաբերվում բլոգերներին, ովքեր գրում են նորաձևության մասին: 

-Ոչ, ես չեմ սիրում բլոգերներին :  Նրանք, մեծ հաշվով, ասելիք չունեն, որովհետև նրանք ավելի շատ ցանկանում են ներկայացնել իրենց , քան հավաքածուն և դիզայներին: Ի վերջո՝ նրանք ստանում են որևէ նվեր դիզայներից և չեն կարող օբյեկտիվ գնահատել նրան, բլոգերները ստիպված են միշտ գովաբանել, որպեսզի նրանց շարունակեն նվերներ տալ: Բայց մամուլը նման խնդիր չունի, ես, իհարկե, շատ բան գիտեմ նորաձևության բիզնեսի մասին, բայց  լրագրողը պետք է ազատ լինի՝  իր կարծիքն արտահայտելու համար , նա պետք է էքսպերտ լինի, ում կարծիքին վստահում են , որովհետև գիտեն՝ նա օբյեկտիվ է, ունի  իր կարծիքը: Նա չի ասում ես սիրում եմ սա, կամ չեմ սիրում նա, նա ասում է թե ինչու է այս հավաքածուն լավը , իսկ մյուսը՝ վատը: Ինքս շատ ակտիվ եմ սոցիալական ցանցերում,  կարդում եմ օնլայն լրատվամիջոցներ, բայց բլոգերներին՝ ոչ:

-Այդ դեպքում, ինչպե՞ս գրել ազնիվ կարծիք , եթե դիզայներ քո ընկերն է կամ գովազդատուն, հատկապես Հայաստանում, երբ շուկան չափազանց փոքր է և  հիմնականում բոլորը քո ընկերներն են:

-Պարտադիր է լինել  ազնիվ, բոլոր դեպքերում : Յուրաքանչյուր  հավաքածուում միշտ կա ինչ որ լավ բան, հնարավոր է քեզ դուր է եկել գույները, հավաքածուի անունը կամ երաժշտությունը կամ այն, թե ինչն է ոգեշնչել դիզայներին: Պետք է անպայման այդ մասին գրել: Սխալ է ասել «Օհ սա սարսափելի էր», բայց բոլորովին չխոսել թերությունների մասին  չի կարելի: Պարտադիր պետք է  նշել այն, ինչ կարիք ունի շտկելու : Գիտեք, ես երբեք չեմ գրել նվաստացնող ռևյուներ : Ընդհանրապես, շեշտադրումը միշտ պետք է դրական լինի՝ չմոռանալով նշել թերի կողմերը: Դիզայներն ինքը շնորհակալ կլինի քեզանից դրա համար: Դա հենց նրա համար է կարևոր:  Բայց, եթե կան դեպքեր, երբ իսկապես ամեն ինչ սարսափելի է, կարելի է ընդհանրապես չգրել այդ դիզայների կամ շոուի մասին:

-Նորաձևության մասին գրող ժուռնալիստի ոճը, արտաքինը կարևո՞ր է, թե՞ ոչ: 

-Երբեմն ես մտածում եմ այդ մասին, երբեմն՝ ոչ: Դուք տեսնում եք այսօր ես կրում եմ Tshirt և լեգինս և բացարձակ  չեմ մտածում  այդ մասին, թե ինչ տեսք ունեմ: Դա այդքան էլ կարևոր չէ:

-Դուք Հայաստանում առաջին անգամ եք , ի՞նչ տպավորություն ստացաք մեր երկրից:  

-Ես սիրում եմ ճանապարհորդել, միշտ հետաքրքիր է լինել նոր երկրներում, բացահայտել նոր դիզայներներին, նոր մարդկանց, միշտ հետաքրքիր է տեսնել ինչ են առաջարկում տարբեր երկրների դիզայներները  և Հայաստանում էլ ինձ հետաքրքիր է: 

Նշեմ, որ Հիլարի Ալեքսանդրը Հայաստան է ժամանել #FashionForumYerevan2019 -ի շրջանակներում: Ամենամյա «Fashion Forum Yerevan 2019» միջոցառումը կազմակերպում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Զրուցեց Գայանե Շահինյանը

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...