Շատ կուզեի ասել, թե իմ կյանքում ոչինչ չի փոխվել, բայց դա այդպես չէ. Մարիամ Փաշինյան

Մարիամ Փաշինյանը 20 տարեկան է: Նրա հետ զրույցից հետո կրկին  համոզվում ես, որ հրաշալի  է երիտասարդ լինելը, հրաշալի է երազանքներ ունենալն  ու դրանց հավատալը: Մարիամը կարողանում է վարակել իր լավատեսությամբ, էներգիայով, երիտասարդությամբ ու վստահությամբ: Նա իսկական նոր ժամանակների աղջիկ է:  Նա համարձակ է , չի վախենում այլ կերպ մտածել ու կարծրատիպեր կոտրել:  Բարեբախտաբար,  կենդանի, անմիջական զրույց Մարիամն  էլ է սիրում և, չարդարացան իմ մտավախությունները, թե ինձանից նախ հարցաշարը կուզեն, ապա՝ պատասխանները կուղարկեն մեյլով: Մարիամը հաճույքով համաձայնեց հանդիպել , զրուցել և ֆոտոշարք իրականացնել: Wnews.am-ի  նոր հերոսուհին  ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանն է:

-Ինչպե՞ս է սկսվում ձեր օրը : Ինչո՞վ է այն սովորաբար հագեցած լինում :

-Շաբաթվա երեք օրը սկսում եմ մարզասրահ այցելելով, ստաբիլ մարզվելը լավ է ոչ միայն մարմնի, այլև` մտքի առողջության համար, երբեմն մարդիկ մտածում են, թե գնում ես մարզասրահ միայն նիհարելու համար, բայց ես, օրինակ, գնում եմ ինձ առողջ, ուժեղ զգալու և միտքս անընդհատ թարմ պահելու համար: Սովորաբար առավոտներս սկսվում են սուրճով, ես այն մարդկանցից եմ, ում օրը սկսելու , ժպտալու , գործելու համար անպայման սուրճ է հարկավոր: Շատ եմ սիրում վաղ արթնանալ, օրվա իմ ամենասիրելի հատվածը հենց առավոտն է, բայց ստեղծագործական մտքերը, գաղափարները գալիս են գիշերը: Ավելի լավ եմ գիշերը մտածում, աշխատում: Օրս սիրում եմ հագեցնել լավ գրքերով , լավ մարդկանցով: Լավ մարդիկ ամենակարևոր նախապայմանն են, օրը լավը դարձնելու համար: Բոլորս էլ օրվա ընթացքում կարող ենք ինչ որ խնդիրների բախվել , բայց մեզ շրջապատող մարդիկ օգնում են դրանք հաղթահարել և թեթև նայել իրավիճակին: Ես սիրում եմ շատ ծիծաղել ու անգամ դժվար իրավիճակների դեպքում հաճախ ծիծաղում եմ և առաջ անցնում:


 -Վերջին մեկ տարում մեծ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանի կյանքում, ինչպե՞ս են այդ փոփոխությունները ազդել ձեր կյանքի, առօրյայի վրա:

-Շատ կուզեի ասել, թե իմ կյանքում ոչինչ չի փոխվել, ես նախկինի նման շարունակում եմ իմ կյանքով ապրել, խնդիրները հեշտությամբ կարգավորել, բայց իրականում դա այդպես չէ: Այս տարին ինձ համար շատ դժվար էր: Մենք քաղաքական պատճառներով դժվարություններ էլի ենք ունեցել, բայց վերջին մեկ տարում մի իրավիճակ ստեղծվեց, որին ես դեռ պատրաստ չէի: Ամենամեծ դժվարությունը, որ հաղթահարել եմ, այն է, որ ընդունել եմ դժվարությունները ու այն փաստը, որ այսուհետ հայտնվելու եմ տարբեր խոսակցությունների կենտրոնում: Ընդունել եմ և փորձել եմ հարմարավել այդ փաստի հետ, հասկացել եմ, որ չեմ կարող ամեն ինչ վերահսկել: Եթե խոսենք տեխնիկական ու առօրյա դժվարությունների մասին դա նոր միջավայրում բնակվելն է, առօրյա կյանքում տիրում է պետական մթնոլորտը՝ օրենքներ, կաննոներ, կարգ: Առօրյա փոփոխություններից 7 օր 24 ժամ անվտանգություն ունենալն է, սա մի բան է, որին հարմարավելը ամենահեշտը չէ:


-Այսինքն այդ օրենքները խանգարո՞ւմ են ձեզ:
-Դրանք ավելի շատ չգրված օրենքներ են: Ես անում եմ բաներ, որոնք նախկինում չեն արել և դա զարմանալի է թվում շատերին: Թե ինչ կարելի է հագնել, ինչ չի կարելի, փողոցում ինչպես քայլել, ինչ անել, որ մարդիկ սխալ չհասկանան քեզ: Հատկապես աղջիկների դեպքում շատ են ճնշումները, սահմանափակումները, խոսքը բարոյական նորմերի մասին չէ, այլ երբ ասում են «դու աղջիկ ես, կարծիքդ թուլացրու, ուժեղ էր», «դու աղջիկ ես, ավելի հանդարտ եղիր»: Այս ամենը ես զգացել եմ նաև նախկինում , իմ հասակակից բոլոր աղջիկների շրջանում: Հասարակության ճնշումը սահմանափակում է աղջիկների միտքը ու թույլ չի տալիս ստեղծագործել, ինքնադրսևորվել, սա է պատճառը, որ մեզ մոտ աղջիկներն ավելի բարձր դիրք են զբաղեցնում գործազրկության և այլ ցուցանիշներում: Այս բոլոր փոփոխությունները, որ տեղի են ունեցել և այն իրավիճակը, որ կա իմ առօրյայում բավական ծավալուն է, և զգոն չլինելու դեպքում, կարող է խանգարել, որ դու գնաս այն ուղով, որով ի սկզբանե ուզում էիր անցնել: Իմ ամենամեծ մարտահրավերը իմ երազանքների, նպատակների մասին ինքս ինձ հիշեցնելն է, և հասկանալը, որ ոչ մի իրավիճակ ու ոչ մի կարծիք չի կարող ավելի մեծ լինել քան իմ նպատակներն ու իմ երազանքներն են: Ես նաև կոչ եմ անում բոլոր երիտասարդներին, հատկապես՝ աղջիկներին, որ ոչ մի իրավիճակ, ոչ մի կարծիք,ոչ մի խնդիր չի կարող լինել ավելի մեծ, քան ձեր երազանքները ու սա պետք է ամեն օր ինքներդ ձեզ հիշեցնեք : Օրվա վերջում դու ես պատասխանատու քո բաժին երջանկության ու հաջողության համար, ոչ թե ընկերներդ, ընտանիքդ կամ հասարակությունը: Գիտեմ, որ շատ է մեր հասարակության մեջ այս խնդիրը: Այսօր 25 տարեկան աղջկա մայրը կարող է նրան ասել մութը ընկել է՝ տուն գնա; Դա ինձ անհանգստացնող խնդիր է, որը հուսով եմ ժամանակի ընթացքում կլուծվի:

-Ձեր ընտանքիում ժամի հետ կապված սահմանափակումներ չկա ՞ն:

-Ինչպես բոլոր ընտանիքներում, այնպես էլ իմ ընտանիքում այդ խնդիրը եղել է, դա ոչ թե իմ ընտանիքի կամ ուրիշի ընտանիքի խնդիրն է, այլ ՝ ամբողջ հայ հասարակության: Շատ աղջիկներ այս կարծրատիպերի պատճառով չեն գնում իրենց երազանքի հետևից, հանձնվում են: Դու կարող ես ոգևորվել քո հաջողություններով, բայց ոմանք փորձեն սաստել, սահմանափակել քեզ : Կարծրատիպերը շատ են, սկսած հագուստից մինչև ավելի կարևոր դետալներ:

-Ի դեպ՝ հագուստի մասին. Հրավիրված եք լինում տարբեր հանդիպումների, միջոցառումների , ինչպե°ս եք ընտրում հագուստը, ոճը ինչով ներկայանում եք:

-Հիմնականում ես եմ ընտրում իմ հագուստը, ինչը մի քիչ բարդ է, քանի որ երբեմն հստակ պահանջներ կան, դրես կոդ կա, որին պետք է ենթարկվել, բայց ես սիրում եմ կոտրել կարծրատիպերը և մի քիչ շրջանցել կանոնները: Ես սիրում եմ տարբերվել, էքսպերիմենտներ անել, մի քանի ատրիբուտ ավելացնել, բայց, այնուամնայնիվ, համապատասխանել արարողակարգին:


-Ինչպե°ս կբնութագրեք ձեր ոճը :

-Քաղաքային, հարմարավետ, պարզ, համարձակ, տարբերվող ու անկախ: Չեմ հետևում թերնդներին, դա հատուկ չեմ արել, ուղղակի այդպես է ստացվել, ես միշտ ունեցել եմ իմ ընթացքը, իմ սեզոնը, իմ թրենդը : Դիմահարդարում սիրում եմ անել պարզ, բնական գեղեցկությունն ընդգծող: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն ունի իր բնական գեղեցկություը և պետք է միայն ընդգծել ոչ թե փոխել այն: Ինձ հաճախ կարելի է տեսնել կեդերով, պարզ ջինսով: Կարելի է շատ վառ, էքստրավագանտ հագնվել, բայց մնալ աննակատ, և կարելի է պարզ հագնվել ու աչքի ընկնել. այդ ամենը գալիս է ներսից:

-Ինքնավստահ եք ու առողջ ինքնագնահատական ունեք: Արդյոք մի՞շտ է այդպես եղել, ունեցե՞լ եք բարդույթներ:

-Միշտ չէ այդպես եղել, գիտեմ, որ դեռահասների մոտ շրջան է գալիս, երբ բարդույթավորվում են իրենց արտաքինից ու իրենց դուր չեն գալիս, ինձ մոտ դա եղել է շատ ավելի խորը : 14 տարեկանում ես կարծում էի, որ աշխարհի ամենավատ արտաքինն ունեմ, հիմա չեմ ամաչում այդ մասին բարձրաձայնել, որովհետև ուզում եմ, որ այդ տարիքի աղջիկներն իմանան , որ դա նորմալ է ու բոլորն անցնում են այդ փուլը: Ես կարող էի անգամ տանից դուրս չգալ, քանի որ ինձ իմ մաշկի մեջ լավ չէի զգում, ինչն աշխարհի ամենավատ զգացողությունն  է: Տարիքի հետ դա անցավ ու մայրս շատ օգնեց, նա ինձ բացատրեց, որ ես գեղեցիկ եմ, ուղղակի պետք է նկատեմ և ըդգծեմ դա, օգնեց էքպերիմենտներ անել իմ ոճի հետ, օգնեց սպորտը, Էստոնիայում օգնեց ընկերական շրջապատս, նաև երբ դեռահաս տարիքում ստանում ես ուշադրություն , դա էլ է շատ օգնում, երբ տեսնում ես քեզ ուշադրություն են դարձնում, սիրահարվում են, կամ, որ դրսում ասում են դու գեղեցիկ ես: Ես հիմա ինձ շատ ինքնավստահ եմ զգում ու դա իմ կարևոր հատկանիշներից է:


-Տիկին Հակոբյանը պրոպագանդում է հայ դիզայներներին, ինքներդ ծանո՞թ եք նրանց, կրո՞ւմ եք և ունե՞ք ֆավորիտներ հայ դիզայներների շրջանում :

-Կարծում եմ՝ շատ կարևոր է, այն, ինչ իմ մայրն անում է հայ դիզայներների հետ աշխատելու շրջանակներում: Նա նախ մրցակցություն է բերում հայ դիզայների մեջ, իսկ մրցակցությունը առաջին նախապայմանն է հաջողության հասնելու համար ցանկացած ոլորտում, նաև ներկայացնում է տեղական արտադրանքը և հասարակությունը ծանոթանում է դրան, հնարավորություն ունենում գնահատել ու քննադատել, ինչն էլի կարևոր նախպայման է հաջողության` տվյալ ոլորտում: Այս ոլորտում էլ շատ մեծ պոտենցիալ ունի Հայաստանը, ես դիզայներների հետ շփվել եմ ու տեսել , թե ինչ հրաշալի աշխատանքներ ունեն նրանք: Օրինակ ձեր նկարահանման համար ես հաճույքով կրեցի հայկական Teress ապրանքանիշի զգեստները ու ինձ շատ լավ զգացի դրանցով, այնպես որ, եթե պետք է հագուստ ընտրել նախապատվությունը կտամ հայ դիզայներներին, եթե անգամ ընտրությունը լինի համաշխարհային հայտնի բրենդների միջև ու սա ուղղակի խոսքեր չեն, իսկապես հպարտություն ես զգում, երբ կրում ես քո հայկական , քո հայրենակիցների արտադրանքը, խոսքը միայն հագուստին չի վերաբերում, թեկուզ՝ խնամքի պարագաներ, աքսեսուարներ և այլն:

-Վերջին մեկ տարում դուք հայտնի եք , քննարկվում եք, ուշադրության կենտրոնում եք, ձեզ դո՞ւր է գալիս արդյոք այդ հայտնիությունը :

-Երբ խոսքն իմ մտքերի, գաղափարների, կարծիքների մասին է, ինձ դուր է գալիս , որ մարդիկ նկատում են, քննարկում , քննադատում են, ընդհանրապես, դա ամենալավ բանն է, երբ քո միտքն ու գաղափարը հետաքրքրություն է առաջացնում, բայց երբ քննարկում են թե ինչ հագուստ եմ կրում, ինչպես եմ նախաճաշում կամ հյութ խմում այ դա տհաճ է: Ինձ համար կարևոր է , որ իմ մասին հասարակությունն իմանա իրականությունը: Դժվար եմ համակերպվում, երբ իմ մասին պտտվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր: Օրինակ խոսում են, որ որ ես գոռոզ եմ, եթե ես իրոք այդպիսին լինեի, իսկապես չէի նեղվի, բայց սա բացարձակ հեռու է իրականությունից: Ինձ համար կարևոր չէ ինձ կհամարեն լավը թե վատը, բայց կարևոր է, որ ես իրական լինեմ : Մեծ հաշվով, մարդկանց կարծիքը այն մասին, թե ես ինչպիսին եմ այս կարգավիճակում ամբողջովին արտացոլում է իրենց տեսակը, թե իրենք ինչպես կլինեին, ինչպես կվարվեին, ինչպիսի կեցվածք կունենային եթե լինեին իմ փոխարեն: Սա ամենամեծ բացահայտումն էր ինձ համար, որը թույլ տվեց տեսնել շատերի իրական տեսակը:

-Ո՞րն է ձեր սիրած ֆիլմը , գիրքը : Ի դեպ’ երիտասարդության ֆավորիտ «Գահերի խաղը» սերիալին հետևո՞ւմ եք:

-Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, սիրում եմ ռոմանտիկ կատակերգություններ, հատկապես ծանրաբեռնված օրվանից հետո լիցքաթափվելու համար: Ամենատպավորված ֆիլմը Վուդի Ալլենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմն է: «Հարրի Փոթեր»-ն եմ սիրում, Ամանորյա արձակուրդներին ես, եղբայրս ու քույրս բոլոր էպիզոդները կրկին նայում ենք: Գրքերից կառանձնացնեմ Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը», Ջորջ Օրուելի «1984»-ը և Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» : Մանկությունից տպավորվել են «Փոքրիկ իշխան»-ը, «Թոմ Սոյերի արկածները», Բարաք Օբամայի ինքնակենսագրականն էլ, որը շատ հետաքրքիր էր: Իսկ հայ գրականությունից սիրում եմ Րաֆֆու «Խենթը», «Խաչագողի հիշատակարանը»: Վերջինը կարդացել եմ Վիլյամ Սարոյանի «Հայրիկ դու խենթ ես» վիպակը: Իսկ «Գահերի խաղը»  մասին… ոչ մի էպիզոդ չեմ տեսել, չգիտեմ ոչ մի հերոսի:Միայն մեմեր ու հումորներ եմ տեսում համացանցում և զգում եմ ճնշումը , որ պետք է անպայման նայել, բայց դեռ չեմ սկսում:

-Երիտասարդ աղջիկները միշտ շատ երազանքներ են ունենում, ինչի՞ մասին եք դուք երազում :

-Ես գրեթե վստահ եմ, որ կկարողանամ իրականացնել իմ թե անձնական, թե մասնագիտական երազանքները, այսինքն դրանք ավելի շատ նպատակներ են: Երազում եմ, որ մարդիկ ինձ ընդունեն այնպիսին, ինչպիսին ես կամ, որովհետև մնացած ամեն ինչ իրագործելի է: Ես գիտեմ՝ երբ ես իմ ուժերով իմ նպատակներն իրականացնեմ, ոչ ոք ոչինչ չի կարող ասել , որովհետև պարզ երևում է, թե երբ ես դու ինչ որ բան անում քո ուժերով , իսկ երբ են քեզ օգնում : Այս հարցում ես շատ թափանցիկ եմ լինելու, ինձ համար կարևոր է, որ իմ հաջողություններն այլ կերպ չմեկնաբանվեն ու բացառապես իմ հետ կապվեն: Ուզեմ, թե չուզեմ ես հանրային եմ ու իմ քայլերը քննարկվելու են ու փորձելու են ինձ կոտրել, իբրև՝ դու հիմա ժպտում ես, որովհետև այս իրավիճակում ես, այսպիսի ակնարկներ հիմա էլ կան,բայց ես կկարողանամ դրանք կառավարել և մարդիկ կիմանան իմ տեսակը:


-Բացասական մեկնաբանությունները ազդո՞ւմ են ձեզ վրա: Դա՞ է պատճառը, որ ապաակտիվացրել եք ֆեյսբուքի էջ:

-Ոչ, որովհետև արդեն սովորել եմ ու կարող եմ տեսնել ինչ- որ բասացական մեկնաբանություն, ուղղակի ծիծաղել և անցնել առաջ: Պատճառն ավելի քաղաքական է, անառողջ մթնոլորտ է այդ դաշտում: Շատ քաղաքական, հասարակական գործիչներ ինովացիոն գաղափարներ իրագործելու փոխարեն ֆեյսբուքում զբաղվում են պոպուլիզմով ու փորձում են ամեն կերպ հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում: Ես չգիտեմ, թե ինչ նպատակ է դա հետապնդում ու չեմ ուզում անընդհատ կարդալ նմանատիպ գրառումներ ու մեկնաբանություններ, սա է պատճառը էջս ապաակտիվացնելու: Ընդդիմության մասին էլ էի գրառում արել , որ ոչ էֆեկտիվ ընդդիմություն ունենք, որովհետև հիմա ընդդիմությունը սիրում է խոսել տեխնիկական հարցերի մասին՝ ով ինչ կերավ, ուր գնաց, ինչ հագավ, բայց ընդդիմությունը երկրում ստաբիլ տնտեսական, հասարակական, սոցիալական մոնիթորինգ անելու համար է: Մեր ընդդիմությունը զբաղված է անձնական ամբիցիաներ հետապնդելով; Ես հույս ունեմ, որ կգան նոր դեմքեր, ովքեր իրենց միտքը, խելքը կկենտրոնացնեն ոչ թե անհատների վրա, այլ Հայաստանի զարգացման վրա:

-Քանի որ Wnews.am-ը կանանց մասին կայք է, որպես երիտասարդ, նոր սերունդի աղջիկ, ի՞նչ խնդիրներ եք տեսնում հայ կանանց առաջ և ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել դրանց դեմ:

-Ամենամեծ խնդիրը բռնությունն է, թեկուզ մեկ դեպք մեկ գյուղում անթույլատրելի է : Ես չեմ կարող օգնել մարդկանց լուծել իրենց սոցիալական հարցերը, քանի որ այդ ռեսուրսները չունեմ, բայց երբ խոսքը բռնությանն է վերաբերում, բոլորը կարող են ինձ գրել ու ես միշտ պատրաստ եմ օգնել այն կանանց և աղջիկներին, ովքեր այդ խնդրին բախվում են: Ես գիտեմ , որ շատերը վախենում են այս խնդրի մասին բարձրաձայնել, բայց ես նաև ոստիկանությանն եմ կոչ անում, խնդրում եմ, երբ աղջիկը, կինը ծեծված վիճակում գնում է ոստիանություն երբեք չանտեսեն, չասեն քո ընտանիքն է, պետք է հետ գնաս:

Ու խնդրում եմ ոչ միայն ոստիկանության աշխատակիցներին, այլ նաև մեր հասարակության բոլոր անդամներին, անտարբեր չանցնել բռնության կողքով: Երբեք մի անտեսեք, թեկուզ եթե այդ բռնությունը ուրիշի ընտանիքում է, այն բոլոր պարագաներում անթույլատրելի է: Թեկուզ բռնությունը երեխաների, մեծահասակների, կանանց, տղամարդկանց նույնիսկ կենդանիների նկատմամբ: Ցանկացած տեսակի բռնություն ուղղակի անթույլատրելի է ու մեր լիովին ժողովրդավարական երկրում բռնությունը չի կարելի հանդուրժել: Հույս ունեմ, որ այն կանայք, ովքեր բռնության զոհ են դարձել իրենց ընտանիքում, դուրս կգան անառողջ հարաբերություններից ու չեն վախենա: Նորմալ չէ, երբ քեզ ծեծում են , վախի մթնոլորտում են պահում:

Իսկ իմ տարեկիցներին, երիտասարդ աղջիկներին հասարակությունը ուղղակի պետք է հանգիստ թողնի և յուրաքանչյուր աղջիկ ինքը որոշի , թե ինչ է ուզում իր կյանքի հետ անել, ամուսնանա՞լ, կարիերա ստեղծե՞լ, թե՞ բոլորը միասին: Ցանկացած աղջիկ պետք է հիշի, որ իրավունք ունի սեփական նպատակների հետևից գնալու, իսկ մեր հասարակության ցանկացած անդամ պետք է գիտակցի, որ ոչ մի աղջիկ, ոչ մի կին չի կարող ստեղծարար լինել ու ստեղծագործել սահմանափակումների ու ճնշումների պայմաններում:

Զրուցեց Գայանե Շահինյանը

Լուսանկարիչ Մարատ Կարապետյան

Հագուստը Teress

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...