Անկախ նրանից՝ դրսում արև է, թե ոչ, իմ ներսում միշտ է արև. Լիանա Սահակյան

Լիանա Սահակյանին շատերն են ճանաչում որպես երիտասարդ ու հաջողակ կին գործարար: Վստահ ենք, որ նրա հիմնած «Go Travel» տուրիստական գործակալությունից եթե անգամ չեք օգտվել, ապա անունը հաստատ լսել եք, քանի որ այն տուրիզմի ոլորտում Հայաստանում ամենահայտնիներից է:

Ի դեպ, ընկերությունն այս տարի տոնում է իր հիմնադրման 10 տարին, ինչի կապակցությամբ էլ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակում ինտերիերի հաճելի փոփոխություններ են տեղի ունեցել: Լիանա Սահակյանին հյուրընկալվելիս Wnews.am-ն ասես տեղափոխվել էր ծովային հանգստի: Լիանա Սահակյանը մեզ պատմեց, որ ինտերիերի այս նոր մոտեցման հարցում ոգեշնչվել է վերջերս Դոմինիկյան Հանրապետություն կատարած ճանապարհորդությունից հետո:

Մեր հարցազրույցի թեման այս անգամ սակայն «Go Travel»-ը չէր: Կանանց մեկամսյակին Հայաստանի ամենագեղեցիկ, երիտասարդ ու հաջողակ կին գործարար Լիանա Սահակյանն այս անգամ անկեղծ հարցազրույց է տվել կանացիության, կին-տղամարդ հարաբերությունների և անձնական այլ թեմաների շուրջ:

 -Ի՞նչն է կնոջը կանացի դարձնում:

-Կարծում եմ՝ կանացիությունը ներսից բխող էներգիա է: Մարդ կարող է լինել շատ նուրբ ու գեղեցիկ, բայց չունենալ կանացիություն, և հակառակը՝ չունենալ գեղեցիկ արտաքին, բայց կանացի լինել: Եթե քո ներաշխարհը փխրուն ու նուրբ է, այն դուրս է գալիս, եթե կոշտ ու կոպիտ ես, չնայած շլացուցիչ արտաքինիդ, միևնույնն է, կանացի չես կարող լինել:

-Տղամարդուն գրավելու համար արտաքինը բավարա՞ր է:

-Ոչ, արտաքինը կարևոր է միայն սկզբում, հետո արդեն տղամարդու համար կարևոր է կնոջ ներաշխարհը, որովհետև կարելի է հոգնել մարդու արտաքինից, բայց ոչ բովանդակությունից: Նույնը գնահատում եմ տղամարդկանց մեջ, իսկ արտաքին գեղեցկությունն երկրորդական է:

-Որո՞նք են ամենամեծ սխալները, որոնք կանայք թույլ են տալիս տղամարդկանց հանդեպ:

-Չափից դուրս ուշադրությունը, խանդը: Կինը պիտի կայացած լինի, ազատություն տա տղամարդուն՝ դրա հետ մեկտեղ ստիպելով իր մասին չմոռանալ: Տղամարդը պիտի կնոջը հասկացնի, որ նա իր համար կարևոր է, իսկ եթե չի հասկացնում, ուրեմն պետք չէ ընկնել նրա հետևից:

-Ի՞նչ սխալներ են հարաբերություններում թույլ տալիս տղամարդիկ:

-Կարծում եմ հարաբերությունների թիվ մեկ թշնամին տղամարդկանց անուշադրությունն է կանանց հանդեպ: Իհարկե, չափից դուրս ուշադրությունն էլ լավ չէ, պետք է կարողանալ գտնել ոսկե միջինը: Ինչ վերաբերում է խանդին, ապա առանց դրա ստացվում է անտարբերություն, իսկ չափազանց խանդն էլ խոսում է ցածր ինքնագնահատականի մասին, իսկ եթե քեզ են խանդում, նշանակում է՝ չեն վստահում: Այս դեպքում էլ ամեն ինչ չափի մեջ պետք է լինի:

-Ասացիք, որ կինը պետք է բովանդակալից լինի, որպեսզի տղամարդու համար հետաքրքիր լինի: Հետաքրքիր է, ինչպե՞ս եք պահում Ձեր անձի հանդեպ հետաքրքրությունը:

-Պետք է գիրք կարդալ, քանի որ կարդացած մարդու հետ խոսելու շատ թեմաներ կան, աշխատել ինքնազարգացման, ինքնակատարելագործման ուղղությամբ: Կարևոր է նաև խնամված լինելը, այսինքն՝ փորձել ձգտել լավագույնին: Ես իդեալիստ եմ ու դրան եմ ձգտում:

 -Իդեալիստ լինելը կյանքում չի՞ խանգարում:

-Երբեմն օգնում է, երբեմն՝ խանգարում: Օգնում է նրանով, որ նույն տեղում չեմ դոփում, փորձում եմ առաջ գնալ: Խանգարում է, որովհետև դառնում ես քո ինքնաքննադատը, քեզնից անընդհատ դժգոհ ես, ինչն էլ կարող է ազդել տրամադրության վրա: Իմ դեպքում ամենաառաջին քննադատս ես եմ, բայց չնայած բասական կողմերին, իդեալիստ լինելը լավ գիծ է:

-Ձեզ ուժեղ կին համարու՞մ եք:

-Այո, ես ուժեղ եմ՝ միևնույն ժամանակ շատ զգայուն: Կարող եմ միանգամից արտասվել, բայց դժվար, անհաղթահարելի խնդիրներ լուծել:

-Ի՞նչ գիրք եք կարդում:

-Այժմ կարդում եմ Պիլ Նորմանի «Դրական մտածողության ուժը » գիրքը:

-Ինչպե՞ս է անցնում Ձեր օրը:

-Օրս շատ հագեցած է անցնում, չկա մի օր, որը մյուսին նմանվի, ուստի չեմ ձանձրանում: Ամեն առավոտ արթնանալուց անկախ նրանից դրսում արև է, թե ոչ, փորձում եմ ներսիս արևը վառել:

-Ըստ քեզ, որքա՞ն ժամանակ պետք է կինն իրեն նվիրի աշխատանքին:

-Կյանքիս տարբեր փուլերում տարբեր կերպ եմ վարվել: Եղել է ժամանակաշրջան, երբ ինձ ամբողջությամբ աշխատանքին եմ նվիրել՝ մտածելով, որ հաջողության հասնելու համար դա պարտադիր է, բայց հիմա կարծում եմ, որ պետք է կարողանալ ճիշտ համադրություն ստեղծել աշխատանքի և անձնականի միջև: Պետք է գիտակցել, որ մի կյանք ես ապրում, երբ մեծանաս՝ ոչ թե վաստակած գումարով ես երջանկանալու, այլ ապրած լավ պահերով: Անգամ վիճակագրություն կա, որ մահվան շեմին շատերը փոշմանում են իրենց հարազատների հետ անցկացրած քիչ ժամանակի համար: Քանի չենք հասել այդ փուլին, փորձենք ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատ ու սիրելի մարդկանց հետ, նրանցից լավ էներգիա ստանալ և փոխանցել:

-Դուք ինչի՞ց եք ոգեշնչվում, ուժ ստանում:

-Ուժ ստանում եմ ինքս ինձնից: Երբ տխրում եմ, մտածում եմ՝ եթե շարունակեմ նույն տրամադրությունն ունենալ, էլ ավելի վատ վիճակում կհայտնվեմ, ուստի փորձում եմ փոխել տրամադրությունս, կենտրոնանալ լավի վրա: Փորձը ցույց է տալիս, որ մեկ կամ երկու օր անց ամեն ինչ տեղն է ընկնում:

-Ի՞նչը կարող է Ձեզ տխրեցնել, հուսահատեցնել:

-Մարդկանց տգեղ վերաբերմունքը, երբ երեսիդ ժպտում են, բայց դա անկեղծ չէ: Իմ ժպիտը միշտ անկեղծ է, հնարավոր է՝ ժպտամ դիմացինին վատ իրավիճակի մեջ չդնելու համար, բայց չեմ ժպտա մեկին, հետո նրա հետևից վատը խոսեմ, ինչը Հայաստանում տարածված է: Դրա դեմ պայքարի միակ միջոցը լավ մարդկանց հետ շփվելն է, սակայն նրանց երբեմն դժվար է տարբերելը:

Սովորաբար տարիքի հետ մտերիմ մարդկանց շրջանակն ավելի նեղանում է, սկսում ես ֆիլտրել՝ ում հետ շփվել, Ձեր դեպքու՞մ ինչպես է:

-Ավելի վաղ հասակում փակ էի, քիչ էի շփվում մարդկանց հետ: Արդեն մի քանի տարի է՝ գործի բերումով շփումներս շատ են, սակայն ինձ հարազատ մարդկանց շրջանակը նույնն է, կարող է՝ ավելացել է մի քանի մարդկանցով, բայց միևնույնն է՝ փոքր է: Քչերին եմ ինձ մոտ թողնում:

-Ի՞նչ սանդղակով եք ընտրում Ձեզ մտերիմ մարդկանց:

-Նրանք սրտիս հարազատ մարդիկ են, ընդունում են իմ խենթությունները, միշտ իրար հետ կիսելու բան ունենք:

-Ի՞նչն է Ձեզ պակասում կյանքում:

-Անկեղծությունը, կուզեի, որ մարդիկ ավելի անկեղծ լինեին:

-Բնութագրե՛ք Ձեզ երեք բառով:

-Պոզիտիվ, նպատակասլաց ու պատասխանատու:

-Ինչպե՞ս եք «պատժում» դիմացինին:

-Արհամարհելով:

-Ո՞րն է Ձեր կյանքի իմաստը, ինչի՞ համար եք ապրում:

-Ըստ իս, պետք է փորձեմ կյանքի լավ կողմերը քաղել և իմ լավ մասնիկները տալ մարդկանց: Ամեն ինչ ժամանակավոր է, իսկ երբ դիմացինին ժպիտ ես պարգևում, մարդու մտքում դա երկար է մնում:

-Ե՞րբ եք վերջին անգան ստիպել մեկին ժպտալ:

-Երբ մարդու մեջ լավն եմ նկատում, միշտ ասում եմ դա՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ ենք ծանոթ: Օրինակ՝ երբ սրճարանում նկատում եմ, որ աշխատակիցն իր աշխատանքը լավ է կատարում, ասում եմ այդ մասին՝ այդպիսով նրա դեմքին ժպիտ է հայտնվում:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Անձնական երազանքներս շրջանցելով կասեմ աշխատանքային նպատակիս մասին, այն է՝ մասնաճյուղեր հիմնել Հայաստանի տարածքում:

-Ինչպիսի՞ն են հայ կանայք Ձեր աչքերով:

-Կցանկանայի, որ նրանք իրենց սիրեին, չէ որ եթե գոհ լինեն իրենց կյանքից, դիմացինին չեն քննադատի, մյուսների կյանքով չեն ապրի, իսկ եթե դժգոհ են իրենցից, սկսում են դիմացինի մեջ էլ վատը տեսնել և չարանալ: Սիրե՛ք Ձեզ, շրջապատող մարդկանց, սիրով ապրելով՝ կգեղեցկանաք, հաջողության կհասնեք, չէ՞ որ կյանքը բումերանգ է, ամեն ինչ հետ է վերադառնում:

-Ի՞նչն է Ձեզ մոտ ամենալավը ստացվում:

-Մարդկանց հետ շփվելը:

-Ինչպե՞ս եք սիրում հանգստանալ:

-Ակտիվ հանգստի սիրահար եմ:

Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:

-Կյանքից քաղել ամենալավը:

-Ու՞մ եք վստահում:

-Իմ հարազատներին:

-Կարո՞ղ է դիմացինի քննադատությունն ազդել Ձեր ինքնագնահատականի վրա:

-Երբե՛ք, եթե անառողջ է, իսկ առողջ քննադատության դեպքում կփորձեմ ինչ-որ բան փոխել:

-Ի՞նչ նշանակություն ունի փողը Ձեզ համար:

-Կարևոր, բայց ինքնանպատակ չէ:

-Բանականությու՞ն, թե զգացմունքներ:

-Զգացմունքներ:

-Ո՞րն է կնոջ գլխավոր զենքը:

-Կանացիությունն ու հմայքը:

Ինչու՞մն է միշտ Ձեր բախտը բերում:

-Աշխատանքում. սովորաբար ինչ պլանավորում եմ՝ միանգամից ստացվում է:

-Ինչի՞ մասին եք ավելի հաճախ մտածում:

-Իմ կյանքի ամենակարևոր մասնիկի՝ դստերս Միլայի մասին:

-Չխոսեցինք «Go Travel»-ի մասին, ի՞նչ նորություններ ունեք այս տարի:

-Մայիսի 12-ին դեպի Իտալիա հայկական մեծ խմբակային տուր ենք կազմակերպել, որում հիմնականում ընդգրկված են երիտասարդներ: Վստահեցնում եմ, որ բոլորին լավ ու անմոռանալի ճանապարհորդություն է սպասվում: 8-օրյա ուղևորության ընթացքում նրանց հետ կլինի հայ ուղեկցորդ, ում հետ միասին կայցելեն Հռոմ, Նեապոլ, Բոմբեյ և այլն: Նշեմ նաև, որ կանանց մեկամսյակին ընդառաջ, տուրում ընդգրկված կանանց բոնուսային զեղչեր են սպասվում:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...