Դժվար էր 18 տարվա փորձով գալ Հայաստան և ժամը 1000 դրամ վաստակել, բայց վստահ էի, որ երազանքս կիրականանա. «A+SKILLS»-ի հիմնադիր Արմինե Փանոսյան

4 տարի առաջ հայրենադարձ Արմինե Փանոսյանը Երևանում իրականացրեց իր մեծ երազանքը՝ անգլերենի մասնագիտացված կենտրոն հիմնելով իր հայրենիքում: Ունենալով անգլերենի դասավանդման շուրջ 20 տարվա փորձ, մշակելով անգլերենի ուսուցման ծրագրեր և դասագրքեր՝ Լիբանանում բնակվելու տարիներին Արմինե Փանոսյանը երազում էր հիմնել սեփական լեզվի կենտրոնը, որտեղ լավագույնս կկարողանար դրսևորել իր փորձն ու փոխանցել գիտելիքները:

Ինչպես ընտանիքի հետ Լիբանանից Հայաստան տեղափոխվեց և հիմնեց «A+SKILLS» ուսումնական կենտրոնը, ինչումն է կենտրոնի առավելությունը. այս և այլ հարցերի շուրջ Wnews.am-ը զրուցել է Արմինե Փանոսյանի հետ:

-Ի՞նչ գործունեություն էիք ծավալում Լիբանանում, ինչպե՞ս տեղափոխվեցիք Հայաստան:

-Ավարտել եմ լիբանանյան համալսարանի անգլերենի և մանկավարժության բաժինը: Երեք տարվա ուսանող էի, երբ սկսեցի ինձ դրսևորել որպես ուսուցիչ՝ դպրոցներում անգլերեն դասավանդելով: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել եմ հայկական դպրոցներում, երկար տարիներ դասավանդել տարբեր լեզվի կենտրոններում, ակադեմիական դպրոցներում, զուգահեռ մասնակցել եմ արագացված դասընթացների, որպեսզի միշտ զարգացնեմ դասավանդման հմտություններս, իսկ վերջերս մասնակցեցի նաև բիզնեսի և մարքեթինգի դասընթացներին: 2014 թվականին զուգահեռ սկսեցի աշխատել հրատարակչական տանը՝ անգլերենի ուսուցման դասագրքեր պատրաստելով: Նշեմ, որ բնավորությամբ այնպիսին եմ, որ միշտ ձգտում եմ նորը սովորել, արժեքավոր բան անել: Երկու տարի որպես կորդինացնող եմ աշխատել եմ ազգային դպրոցներու, դե իսկ  մայրանալուց հետո հինգ տարի զբաղվել եմ դասագրքերի պատրաստմամբ, դպրոցներում միջոցառումներ կազմակերպելով:Լեզվի կենտրոն հիմնելու իմ երազանքը ծնվեց Լիբանանում, երբ  աշխատելուս հետ զուգահեռ զբաղվում էի նաև որդուս դաստիարակությամբ և հենց իր վրա էլ կիրառում երեխաների համար նախատեսված իմ մշակած գրքերի դասավանդումը: Լիբանանի անկայուն վիճակից ելնելով՝ 2015-ին որոշեցինք ընտանիքով բնակություն հաստատել Հայաստանում: Հայաստան գալուց մի քանի ամիս անց այստեղ սկսեցի աշխատել լեզվի կենտրոնում, սակայն որպես 18 տարվա մանկավարժական փորձ ունեցող մասնագետ այնտեղ ինձ արժանվույնս չէին գնահատում: Այնուհետև որոշեցի ինքս տանն աշակերտների դասավանդել, նրանց թիվն օրեցօր ավելացավ, ուստի կարողացա հիմնել նաև լեզվի կենտրոն՝ իր բոլոր հարմարություններով:

-Տեղյակ եմ, որ կենտրոնում մեկնարկել է ուսումնական հատուկ ծրագիր՝ նախատեսված 2-5 տարեկաներեխաներիմտավոր, ֆիզիկական ուզգայականզարգացմանհամար: Կպատմե՞ք այդ ծրագրի մասին:

-Այո,  ծրագիրն այնպես է մշակված, որ երեխաները խաղերի, երգերի միջոցով սովորեն նաև անգլերեն: Այս տարիքի երեխաների համար անչափ հեշտ է նոր լեզու յուրացնելը: Բացի անգլերեն դասերից, ծրագիրը ներառում է խաղեր, պար, երաժշտություն, ձեռքի  աշխատանք, վարվեցողության դասեր, դերախաղեր, զբոսանք, այցելություն թատրոն, այգիներ, ինչպես նաև ճաշ: Դասերի միջակայքում երեխաներն, իհարկե, ունեն նաև ընդմիջումներ։Կարող են նաև խաղալ խաղալիքներով։Ի դեպ, Լիբանանից ևԱվստրալիայից մենք բերել ենք էկոլոգիապես մաքուր խաղալիքներ և ուսումնական պարագաներ: Օրակարգը սկսվում է ժամը 10-ից ու տևում մինչև 14։00, սակայն, հաշվի առնելով, որ ծնողները առավոտյան շտապում են աշխատանքի, մենք երեխաներին պատրաստ ենք ընդունել առավոտյան ժամը 8։30-ին և ըստ ցանկության երկարացնել մինչև 18:00-ն: Բացի այս ծրագրից, ունենք նաև անգլերենի ուսուցման երեխաների խմբակներ սկսած 4 տարեկանից: Ուսումնական ծրագրի տևողությունն 9 ամիս է՝ շաբաթական 2 օր 1 ու կես ժամով: Ծրագիրը շատ հետաքրքիր է, խաղային, աշակերտներին տարբեր վայրեր ենք տանում, որտեղ նրանք կարողանում են պրակտիկ կիրառել անգլերենը: Ամռանն իրենց մակարդակի քննությունը հանձնելուց հետո երեխաները սեպտեմբերից կարող են շարունակել անգլերենի ուսուցումը: Ծրագրի ավարտին ծնողներին ներկայացնում ենք, թե ինչ են սովորել այդ ամիսների ընթացքում, վկայական ենք հանձնում: Նշեմ նաև, որ տարվա մեջ մոտ չորս ժամանցային և ուսուցողական ճամբարներ ենք կազմակերպում երեխաների համար:

Իսկ ինչպե՞ս է իրականացվում չափահասների անգլերենի ուսուցումը:

-Չափահասների խմբակային ուսուցումն իրականացվում է շաբաթական երեք օր՝ մեկուկես ժամ տևողությամբ: Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ մեր ուսանողների անգլերենի մակարդակը բարձրանում է: Մակարդակի ավարտին նրանք քննություն են հանձնում, վկայական ստանում: Նշեմ, որ մենք Հայաստանում միակ կենտրոնն ենք, որտեղ իրականացվում է պրոֆեսիոնալ անգլերենի ուսուցում: Այս հատուկ ծրագիրը բերել եմ Լիբանանից: Ծրագրով պատրաստվում են այն անձինք, ովքեր անսխալ, մասնագիտական, ակադեմիական անգլերենի մակարդակի են ուզում հասնել և այն ավարտելուց հետո կարող են անգլերեն դասավանդել: Բացի խմբակային դասընթացներից, «A+SKILLS»-ում իրականացվում են անհատական դասընթացներ:

 -Տեղյակ եմ, որ լեզվի կենտրոնը տրամադրում է միջազգային TEFL վկայականը: Ինչու՞մն է դրա առավելությունը:

-TEFL միջազգային վկայականը հայտնի է ամբողջ աշխարհում, այն հնարավորություն է տալիս աշխարհի բոլոր երկրներում հեշտությամբ անգլերեն դասավանդել: Նախորդ տարի բրիտանական միջազգային INTESOL WORLDWIDE միջազգային ընկերության հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն ստացանք մեր լեզվի կենտրոնում հանձնել այդ վկայականը: Ուսուցիչները շուրջ երկամսյա հատուկ վերապատրաստման ծրագիր են անցնում, որի ընթացքում ես ամբողջությամբ նրանց աջակցում եմ, հաջող ավարտի դեպքում ստանում այդ վկայականը: Ունենք մեկ այլ ծառայություն ևս. INTESOL WORLDWIDE-ի միջոցով նրանք կարող են արտերկրում աշխատանք գտնել: Շատերն այս վկայականը շփոթում են TOEFL-ի հետ, բայց դա պարզապես թեստ է և փաստում է անգլերենի մակարդակը, իսկ սա բոլորովին այլ ծրագիր է և հնարավորություն է տալիս աշխարհի որևէ ազգի անգլերեն դասավանդել ժամանակակից մեթոդներով:

-Արդյո՞ք կենտրոնում դասավանդվում է մասնագիտական անգլերեն:

-Այո, չկա մի առարկա, որ չկարողանանք դասավանդել: Ունենք բժշկական, բիզնես, տուրիստական, հաշվապահական, IT ոլորտի մասնագիտական անգլերենի դասավանդում:

 -Ինչպե՞ս է կազմակերպվում մեծահասակների անգլերենի դասընթացը, որպեսզի լինի մոտիվացնող և հետաքրքիր:

-Կարծում եմ՝ միայն երեխաները չէ, որ պետք է մոտիվացվեն անգլերեն սովորելիս, չափահասները ևս դրա կարիքն ունեն: Շատերը դասի են գալիս աշխատանքային օրվա ավարտին, իրենց առօրյա հոգսերով, ուստի ուսուչի դերը պիտի լինի նրանց ամեն ինչի մասին մոռացնելը, հետաքրքիր, խաղային տարբերակով անգլերեն սովորեցնելը: Հաճախ դասաժամի ավարտին բոլորը զարմանում են, թե որքան շուտ ավարտվեց այն: Ինչ վերաբերում է տնային աշխատանքին, ապա դա իրենցից ընդամենը տասը րոպե է խլում: Հաճախ տեսանյութեր եմ ուղարկում, որ անգլերեն դիտեն, հետո միասին քննարկենք:

-Որքա՞ն ժամանակում կարելի է զրոյից անգլերեն սովորել, գիտելիքները հասցնել միջին խոսակցականի:

-Շուրջ 10 ամսում կարելի է զրոյական մակարդակից հասնել միջին մակարդակի, իսկ եթե ունեն բազային գիտելիքներ, ապա 6 ամիսը բավարար է խոսակցական մակարդակի հասնելու համար:

-Դուք երկար տարիներ դասավանդել եք Լիբանանում, այժմ էլ Հայաստանում եք, ի՞նչ տարբերություններ կմատնանշեք այնտեղի և այստեղի դասավանդման ոլորտում:

-Որպես ուսուցիչ կարող եմ ասել, որ այստեղ շատ ավելի դժվար է դասավանդելը: Աշակերտների մենթալիտետը սովորելու առումով բարդ է, որովհետև շատերը պնդում են, որ դասավանդելիս անգլերենից հայերեն թարգմանեմ, բայց լեզուն այդ ճանապարհով սովորելը սխալ է, պիտի կարողանան ըմբռնել այն: Դժբախտաբար վերլուծական, քննդատական հմտությամբ սովորելու մեջ վարժված չեն, գալիս են այն տպավորությամբ, որ պիտի թարգմանություն լինի, բայց մենք այլ մեթոդով ենք դասավանդում՝ զարգացնելով անգլերենով մտածելու ունակությունը: Լիբանանում երեք տարեկանից սկսում են լեզու սովորել, նրանք գիտեն՝ ինչպես հեշտ սովորել լեզուն, եթե անգլերենի են եկել, ուրեմն անգլերենով պիտի դասն ընկալեն: Նշեմ նաև, որ կենտրոնն ընդլայնվում է և բացի անգլերենից դասավանդվում են նաև այլ լեզուներ. արաբերեն, իսպաներեն, գերմաներեն, պարսկերեն, ռուսերեն և հայերեն լեզվի դասընթացներ:

 -Այսօր լեզուների կենտրոններ շատ կան, ինչու՞ պետք է ընտրել հենց այս լեզվի կենտրոնը:

-Սովորել, կիրառել և կատարելագործել. սա է մեր կենտրոնի կարգախոսը: Լեզուն պետք է կիրառել. եթե ուսանողն ամեն օր շփում չունենա լեզվի հետ, նա առաջընթաց չի ունենա: Բացի այս, ես ամեն օր իմ ուսանողներին անգլերեն տեսանյութեր եմ ուղարկում, որպեսզի լսեն, ընկալեն: Անհամեստություն չթվա, բայց կենտրոնի ամենամեծ առավելությունը անգլերենի դասավանդման իմ 20 տարվա փորձն ու Լիբանանում բարձր որակավորում ունենալը, ուստի շատերն այս կենտրոն են դիմում իմ անձից ելնելով:

 -Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Հայաստանում:

-Մենք Լիբանանից Հայաստան եկանք այն ժամանակ, երբ այնտեղ անկայուն վիճակ էր: Շատ եմ սիրում Հայաստանի բնությունը: Չնայած տեղի բնակիչներին, ես լավատես եմ, իսկ Հայաստանում ավելի լավատես դարձա: Հայերը սովոր են անընդհատ բողոքել, ինչը, կարծում եմ, սխալ է: Շատ ծնողներ իրենց երեխաներին ասում են՝ անգլերենի դասդ լավ սովորի, որ մեծանաս, կարողանաս այստեղից գնալ, բայց պետք է երեխաների մեջ նստեցնել, որ լավ սովորեն, որպեսզի երկիրն առաջ տանեն: Հասկանում եմ ժողովրդի անցած դժվարությունները, բայց չէ որ մենք էլ Լիբանանում վատ օրեր ենք տեսել: Իհարկե սկզբում դժվար էր 18 տարվա փորձ ունենալով գալ և ժամը 1000 դրամ վաստակել, բայց ես մտածում էի, որ դա էլ փորձ է, ժամանակի հետ կարդարացվի, ուստի այդպես էլ եղավ: Լիբանան վերադառնալու միտք չեմ ունեցել՝ չնայած երբեմն կարոտում ես ընտանիքդ, տունդ: Այստեղ կարող եմ հանգիստ երեխայիս բակ ուղարկել, ապահովության, անվտանգության զգացողություն ունեմ:

-Ինչպիսի՞ն եք տեսնում լեզվի կենտրոնի ապագան տարիներ անց:

-Միշտ իմ աշխատողներին ասում եմ, որ օր է գալու, երբ բոլորը ճանաչելու են մեզ, աճելու ենք, մեծանանք, մասնաճյուղեր բացենք: Նախորդ տարի ունեինք ընդամենը 22 ուսանող, իսկ այս տարի նրանց թիվը կրկնապատկվել է և այդպես էլ շարունակվելու է: Իսկ ավելի հեռակա պլաններում նախատեսում եմ անգլերեն թեքումով մանկապարտեզ հիմնել, որտեղ կներդնեմ իմ բոլոր կրթական սկզբունքները: Կարծում եմ՝ Հայաստանում որակյալ ուսուցման կարիք կա, և մեր կենտրոնը դեռ շատ անելիքներ ունի կրթական ոլորտում:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...