Բժշկի մասնագիտությունն ամենամարդասիրականը, ուժեղն ու անվախն է. գաստրոէնտերոլոգ Շուշան Միրիջանյան

«Բժշկի մասնագիտությունն ամենամարդասիրականը, ուժեղն ու անվախն է»,- վստահեցնում է գաստրոէնտերոլոգ Շուշան Միրիջանյանը: Վերջինս շուրջ տասը տարի է՝ զբաղվում է պրակտիկ բժշկությամբ, առաջին քայլերը սկսել է «Ռաֆայել» (այժմ «Էլիտ-Մեդ»), որից հետո «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոններում, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում, իսկ վերջին երկու տարիներին աշխատում է Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում որպես միակ գաստրոէնտերոլոգ և էնդոսկոպիստ:

Wnews.am-ը շարունակում է հարցազրույցների շարքն իրենց ոլորտում հաջողության հասած լավագույն մասնագետների հետ: Այս անգամ մեր զրուցակիցը գաստրոէնտերոլոգ Շուշան Միրիջանյանն է:

-Ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը:

-Մասնագիտությանս ընտրության հարցում մեծ դեր է խաղացել մայրս, ով ևս բժշկուհի է: Դեռ մանկուց գիտակցությանս մեջ ամրապնդված էր, որ ապագայում իր պես բժշկուհի եմ դառնալու: Մինչև օրս էլ մորս անմիջական խորհուրդներով եմ առաջ շարժվում: Կարող եմ ասել, որ անչափ հաճելի է, երբ հենց մայրդ է ուսուցիչդ ու թիկունքը մասնագիտական ասպարեզում:

-Ի՞նչն է Ձեզ գրավում բժշկի մասնագիտության մեջ:

-Բժշկի մասնագիտությունն ամենամարդասիրականն է, ուժեղը, անվախը, ուստի ինձ դուր է գալիս լինել այդպիսին: Ինձ երջանիկ եմ զգում մարդկանց օգնելով, բուժելով, աշխատանքիս արդյունքը տեսնելով, դրանով էլ ավելի եմ ոգևորվում ու առաջ գնում:

Իհարկե յուրաքանչյուր մասնագիտություն ունի նաև իր բացասական կողմերը: Ես մեծ ապրումներ եմ ունենում՝ տեսնելով, թե ինչպես է մարդ պայքարում հիվանդության դեմ, ասես ապրեմ նրա հոգեվիճակով:

 

-Սովորաբար ո՞ր սեռի ներկայացուցիչների մոտ են առավել հանդիպում ստամոքս – աղիքային համակարգի խնդիրները:

-Կարելի է ասել որ մարսողական համակարգի խնդիրները հավասարապես հանդիպում են և՛ իգական և՛ արական սեռի ներկայացուցիչների մոտ, սակայն յուրաքանչյուր սեռին բնորոշ են տարբեր հիվանդություններ։ Օրինակ՝ կանանց շրջանում ամենատարածվածը լեղուղիների հիվանդություններն են ՝ լեղաքարային հիվանդությունը, կամ լեղուղիների դիսկինեզիաները, որոնք բերում են վերջիններիս ոչ ճիշտ կրճատման ի պատասխան սննդի ընդունման և լեղու որակական փոփոխությունների, որն էլ իր հերթին նպաստում է քարագոյացման պրոցեսներին: Տղամարդկանց շրջանում սխալ ու անկանոն սնվելու, ծխելու, ալկոհոլի չարաշահման արդյունքում մեծանում է ռիսկը խոցային հիվանդության առաջացման։

-Ո՞ր տարիքում են ի հայտ գալիս այս հիվանդությունները:

-Առավել հաճախ դրանք ի հայտ են գալիս 30-ից հետո, սակայն վերջերս հիվանդություններն ունեն երիտասարդացման միտում: Առավել հաճախ սկսել են դիմել բանակային տարիքից հետո տղաներն ու երիտասարդ աղջիկները, ովքեր այս տարիքում հուզական են, սթրեսային: 8 տարեկանից մինչև 20 տարեկան աղջիկները հաճախ դիմում են սրտխառնոցի ախտանիշով, ինչը պայմանորված է նրանց հուզական վիճակով, որն էլ իր հերթին բերում է լեղուղիների ոչ ճիշտ աշխատանքի, ստամոքսի կամ աղիների մի շարք ֆունկցիոնալ խանգարումների:

-Ըստ Ձեր ունեցած վիճակագրության, գաստրոէնտերոլոգիական հիվանդությունները վերջին տարիներին ավելացման միտում ունե՞ն:

-Այո, ավելացել են, բացի այս ախտորոշումն ավելի ճշգրիտ է դարձել: Նկատեմ, որ առաջ մարդիկ խուսափում էին գաստրոսկոպիայից, կոլոնոսկոպիայից դրանց տհաճ լինելու պատճառով: Այժմ տեխնոլոգիաները նորացվել են, զոնդերն ավելի բարակ են, նաև  հնարավորություն կա պրոցեդուրան կատարել անզգայացումով, ուստի ավելի հաճախ են հետազոտվում, հիվանդությունը հայտնաբերում ենք վաղ փուլում, ինչն էլ հնարավորություն է տալիս մեծացնել բուժման արդյունավետությունը։

Ցավով պետք է նշեմ, որ վերջին տարիներին ավելացել են ուռուցքային հիվանդությունները, ստամոքսի խոցային հիվանդությունները, որոնք հակում ունեն վերափոխվելու ուռուցքի, բացի այս շատ է տարածվել հելիկոբակտեր պիլորի վարակը: Վերջին տարիներին այս բակտերիայի հայտնաբերումը հեշտացել է և ընդունված է համարել, որ անգամ գանգատներ չունենալու դեպքում դրա հայտնաբերման ժամանակ հիվանդը պիտի բուժում անցնի:

Մեր օրգանիզմում այս բակտերիան նորմալ միկրոֆլորայի մաս է կազմում, սակայն սխալ սննդի, սթրեսի և այլ ագրեսիվ գործոնների  ազդեցության տակ այն ձեռք է բերում ախտածին հատկություններ։

-Որո՞նք են լեղաքարային հիվանդությունների առաջացման պատճառները:

-Հիվանդությունն ունի ժառանգական նախատրամադրվածություն, իսկ սխալ սնունդը, երկար ժամանակ քաղցած մնալը, դիետաներ պահելը, օրվա մեջ մեկ անգամ և մեծ չափաբաժնով սնվելը թողարկող մեխանիզմ են հանդիսանում տվյալ հիվանդության զարգացման գործում։

Շատ հիվանդներ մեզ դիմում են դեռևս այն փուլում, երբ առկա է լեղու որակի փոփոխությունը, նստվածք, ավազ և այլն, և այդ ժամանակ կարողանում ենք քայլեր ձեռնարկել քարագոյացումը կանխելու  համար:

-Կանանց շրջանում մեծ տարածում ունեն սխալ դիետաները, որքանո՞վ են դրանք նպաստում գաստրոէնտերոլոգիական խնդիրների առաջացմանը: Ինչպե՞ս վարվեն նրանք, ովքեր ցանկանում են նվազեցնել քաշը՝ չվնասելով առողջությանը:

-Պետք է գրագետ դիետաներ պահել: Սնունդն ընդունել հաճախ և քիչ քանակությամբ, բալանսավորված օգտագործել բոլոր տեսակի մթերքները: Մոնո սնունդ պարունակող դիետաները վնասակար են առողջությանը: Կարելի է քաշը նվազեցնել՝ օգտագործելով եփած կամ հում բանջարեղեն, շոգեխաշած միս, բացառել ճարպոտ սնունդը, խմորային ուտեստները, քաղցրը, օրական 2-3 լիտր ջուր խմել:

Շատերի մոտ ը երկար քաղցած մնալու հետևանքով ի հայտ են գալիս ստամքոսի լորձաթաղանթի տարբեր վնասումներ՝ ընդհուպ  մինչև խոցային դեֆեկտների առաջացումը։

 

-Բոլորս լսած կլինենք «մեծացած» և «փոքրացած» ստամոքսի մասին: Իրականում մեր մարսողական օրգանը նման հատկություն ունի՞:

-Ոչ, նման հատկություն չունի: Երբ մարդ շատ է սնվում, հագեցման կենտրոնն ուշ է գրգռվում, իսկ քիչ ուտող մարդու ստամոքսը սովորում է դրան, նրա ռեցեպտորները գրգռվում են ու հագեցած լինելու ազդակը ավելի վաղ է հասնում  գլխուղեղ: Այդ պատճառով դեռևս լիովին չկշտացած դադար տալն ավելի ճիշտ է, քանի որ հագեցման կենտրոն ազդակները մի փոքր ուշ են հասնում։

-Տեղյակ եմ, որ ունեք երկու բալիկ, ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր օրը, որպեսզի բավարար ժամանակ հատկացնեք նաև նրանց:

-Դուստրս դպրոցական է, կարողանում է ինքնուրույն իրեն դրսևորել, իսկ տղաս 3 տարեկան է, նրան տատիկն է խնամում: Օրվա մեծ մասս վազքի մեջ է անցնում՝ աշխատանք, որից հետո երեխաների խնամք, տնային գործեր և այլն:

-Կցանկանայի՞ք, որ Ձեր դուստրը ևս շարունակեր բժշկի մասնագիտությունը:

-Իհարկե շատ կցանկանայի, բայց նա դեռ հետաքրքրություն չի ցուցաբերում, հուսամ՝ եթե ոչ նա, ապա տղաս կշարունակի մասնագիտությունս:

-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում մասնագիտության մեջ:

-Ամեն օր մեծ ոգևորությամբ եմ աշխատանքի գնում, շատ եմ սիրում իմ գործը: Աննկարագրելի ոգևորություն եմ ունենում՝ մտածելով, որ կարող եմ օգնել մարդկանց, նրանց խնդրին լուծում տալ, հուսադրել: Ամեն օր նոր սպասումներով, լիցքեր ստանալու ակնկալիքով եմ աշխատանքի գնում:

-Որո՞նք եք համարում Ձեր բնավորության ուժեղ և թույլ կողմերը:

-Ինձ համարում եմ ուժեղ, որովհետև չեմ կոտրվում, դժվարություններից ավելի եմ ուժեղանում, ձգտում հասնել նպատակիս: Բոլորի մասին հոգ եմ տանում, փորձում լուծել նրանց խնդիրները: Թույլ կողմերիցս է բարությունը, չափազանց շատ նվիրվելը, ներողամտությունը:

-Ինչպե՞ս եք սիրում կազմակերպել Ձեր ազատ ժամանակը:

-Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, հիմա այն կարգավիճակում եմ, որ ամեն ազատ րոպեն նախընտրում եմ նստել, հանգստանալ: Եթե ազատ ժամանալ շատ ունենայի, կզբոսնեի, շոփինգի կգնայի, ինչը սիրում են անել բոլոր կանայք:

-Տեղյակ եմ, որ մի շարք բժիշկներ ֆեյսբուքյան հարթակում պատասխանում են հիվանդներին հուզող հարցերին: Դուք և՞ս նրանց թվում եք:

-Այո, «Հարցեր բժիշկներ, բժշկական խորհրդատվություն» խումբն ունի շուրջ 100 հազար հետևորդ: Ես արդեն երեք տարի է՝ այդ խմբում ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերում, մենք փորձում ենք օգնել նրանց, ովքեր ֆինանսապես չեն կարող բժշկի դիմել, օգտակար խորհուրդներ ենք տալիս,  ուղղորդում՝ ում դիմել:

-Ի՞նչն է պակասում հայ կանանց, ի՞նչ կմաղթեք նրանց:

-Հայ կանանց պակասում է սերը, տղամարդկանց ուշադրությունը: Ցավոք շատ եմ հանդիպում չխնամված կանանց, ովքեր կյանքի հանգամանքներից ելնելով՝ վատ պայմաններում են ապրում: Ցանկանում եմ, որ բոլոր կանայք լինեն առողջ, գեղեցիկ, սիրված, հաջողակ, շրջապատված լավ, դրական մարդկանցով:

 

  • Նշենք, որ բժշկուհուն կարող եք դիմել՝ այցելելով Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն ամեն օր9:00-ից մինչև15:00-ն’ նախօրոք հերթագրվելով 091087464  հեռախոսահամարով: Մանրամասների համար կարող եք այցելել նաև բժշկուհու ֆեյսբուքյան պաշտոնական էջ՝ https://www.facebook.com/pages/category/Medical-Company/1468857516712427/

Ֆոտոշարքն իրականացվել է «Panatsea café&restaurant»-ում

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...