Աննա Հակոբյանն ու հայ դիզայներները՝ քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառմանը (Photo)

«Ես կարող եմ» եւ «Մենք կարող ենք»  այս խորագրով փետրվարի 4-ը աշխարհում նշվում է որպես  քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր:

«City of Smile» բարեգործական հիմնադրամը  եւս միանալով ամբողջ աշխարհում այս օրը կազմակերպվող միջոցառումներին, բարեգործական ցուցադրություն-վաճառաք էր կազմակերպել: Միջոցառման ընթացքում 20-ից ավել հայ դիզայներների ստեղծագործությունների վաճառքից ստացված հասույթը ուղղվելու է  հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակով: Միջոցառմանը  ներկա էր  ՀՀ վարչապետի տիկին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

« Մենք պիտի դառնանք մի հասարակություն, որտեղ խնամքով են վերաբերվում մեկը մյուսին ցանկացած պարագայում, ընդամենը պետք է ուժ տալ այդ հիվանդության դեմ պայքարողներին, չխղճալ, խղճահարված հայացքով չնայել: Պետք է բարձր գիտակցությամբ և դրական տրամադրությամբ մոտենալ այս խնդրին»,- ասաց  Աննա Հակոբյանը:

Տիկին Հակոբյանը իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումները՝ նշելով, որ մենք պիտի լինենք մի հասարակություն, որտեղ հիվանդը չպետք է ամաչի ասել, որ բուժվում է այս կամ այն հիվանդությունից. «Այդ հիվանդությունը ամոթ չէ, խարան չէ: Հասարակության արձագանքն է խնդիրը, որ մարդիկ խուսափում են բարձրաձայնել հիվանդության մասին:Հասկանում ենք, որ մի քիչ բարդ հիվանդություն է, բայց ընդամենը հիվանդություն է, որից մարդիկ բուժվում են եւ գնալով ավելի ու ավելի շատ են բուժվելու»:  

«City of Smile» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջոցառման հիմնական նպատակը քաղցկեղի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, դրա վաղ ախտորոշման և կանխարգելման կարևորության ընդգծումը :

Միջոցառմանը ներկա էր նաև ԱԺ պատգամավոր, հաղորդավարուհի  Լուսինե Բադալյանը , իրենց դիզայներական հագուստները բարեգործական վաճառքին  ներկայացրել էին Teress, Just Black, Harmony, Kivera, Petoor և մի շարք այլ ապրանքանիշեր:

             

Լուսանկարիչ Հրաչյա Ոսկանյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...