10 նպատակ 60 օրո՞ւմ` ոչ մի խնդիր.Armenian GAME Changers -ի հիմնադիրները գիտեն, ինչպես իրականացնել ձեր նպատակները (Photo)

Wnews.am-ը նոր տարին որոշեց սկսել նպատակներից: 2019-ի մեր առաջին հերոսները գիտեն, թե ինչպես իրականացնել դրանք: Սամվել Աղաջանյան և Նառա Ոսկանյան զույգը իսկական  մոտիվացիա է իրենց նպատակների ճանապարհը նոր-նոր սկսած յուրաքանչյուրի համար:  Armenian GAME Changers  նախագծի միջոցով նրանք սովորեցնում են նպատակներ դնել, պայքարել, հավատալ ու  չհանձնվել:  «10 նպատակ 60-օրո՞ւմ, ոչ մի խնդիր»,- վստահեցնում են նրանք: Զույգը սեփական օրինակով ապացուցում է, որ անհնարին ոչինչ չկա:  Armenian GAME Changersի հիմնադիրների հետ  զրուցել ենք հաջողության իրենց ճանապարհի մասին, նաև լսել մասնագիտական խորհուրդներ, թե  ինչպես իրականացնել սեփական նպատակները: Եթե հետաքրքրված եք, ունեք չիրականացած նպատակներ, այս հարցազրույցը կարդալը պարտադիր է:

-Ինչպե՞ս առաջին անգամ որոշում կայացրեցիք հետևել ձեր նպատակներին:

Սամվել. 25 տարեկան էի, երբ կարդացի իմ առաջին գիրքը` Սպենսեր Ջոնսոնի «Ո՞վ գողացավ Իմ Պանիրը»  ու միանգամից տարվեցի, սկսեցի հաջողության թեմայով այլ գրքեր ևս կարդալ:  Այնքան ոգևորվեցի, որ  ինձ համար հեղինակություն ունեցող բոլոր մարդկանց  ասացի, որ մի քանի տարվա մեջ կհարստանամ, իհարկե ծաղրում էին, նույնիսկ գրազ եկա, որ Բենթլի կունենամ: Մի քիչ շատ էր ջղայնությունս ու ադեկվատ չէին քայլերս: Բոլորի հետ հարաբերությունները վատացրեցի, ով ծաղրում էր, չէր հավատում ինձ,  խզում էի հարաբերությունները: Ես որոշել էի, որ պետք է հարստանամ ու չեմ ուզում աշխատել ինչ որ մեկի համար, չեմ ուզում խնդրել, որ աշխատավարձս բարձրացնեն, չեմ ուզում մտածել, վայ 1000 դրամ  ավել «թռցնեմ»   այսօր, որոշել էի, որ պետք է միլիոն ունենամ: Ով չէր տեսնում իմ մեջ այն մարդուն, ով արժանի է այդ ամենն ունենալ, դադարում էի բարևել, մոտ 20 բարեկամի հետ այդպես եղավ, երիտասարդ էի ու չէի հասկանում, որ ամեն մարդ իր գիտելիքի չափով է դատում, եթե ինքն իր ու իր երեխայի համար լավ կյանք չի կարողանում պատկերացնել, ինչպե՞ս կարող է ինձ համար պատկերացնել: Մի բան հաստատ գիտեի, որ խոսք եմ տվել ու եթե պարտվեմ, ամբողջ կյանքում պարտված եմ մնալու:

Նառա. Ինձ համար վերջնական կետն էր, երբ տունս կորցրեցի: Բիզնեսի համար տունս գրավ էի դրել, բայց բիզնեսը ինչ-ինչ պատճառներով չստացվեց  ու տունս կորցրեցի, նաև  10.000 դոլար պարտք մնացի: Երեխաներիս հետ մեքենայի  մեջ էի ու չգիտեի ուր գնալ, մեկ էլ երեխաս ասաց.  «Մամ հիմա մենք բո՞մժ ենք»: Այդ  խոսքերը որոշիչ եղան ու նույն պահին որոշում կայացրեցի, որ պետք է փոխեմ ամեն ինչ:

-Նշանակում է, մարդիկ որոշում են ինչ որ բան փոխել իրենց կյանքում, իրականացնել իրենց նպատակները բացառապես որոշակի կրիտիկական կետի հասնելուց հետո՞:

Նառա. Երկու տարբերակ կա, մեկը երբ մարդ հասնում է ծայրահեղ վատ վիճակի ու հասկանում է, որ այդպես չի կարելի շարունակել և երկրորդ, որ գիտակցված գնում է հաջողության, բայց երկրորդն ավելի քիչ է պատահում: Շատերն ասում են՝ վիճակներս շատ վատ է, բայց սուտ են ասում, եթե իսկապես վատ լիներ, ինչ որ բան կձեռնարկեին:
Սամվել. Շատ ժամանակ մարդիկ կարողանում են հացի փող վաստակել, ու պրոբլեմներն էլ շատ չեն խանգարում, չեն մտածում ինչ որ բան փոխել,  շարունակում են նույն տեմպով  ապրել, ասում են՝  «դե այդքան էլ վատ չի»: Եթե գիտակցեն, որ վատ է, արժանի չեն այդպես ապրել, ինչ որ բան կփոխեն: Հիմնականում հաջողության հասած մարդիկ ամենաաղքատ, ամենածայրահեղ  իրավիճակից են սկսում վերելքը, որովհետև որոշում են կայացնում, որ ուրիշ կյանք են ուզում:

-Ինչպե՞ս եք ծանոթացել: 

Նառա. Տունս կորցնելուց հետո սուպերմարկետում որպես գանձապահ աշխատանքի ընդունվեցի, իսկ Սամվելն աշխատում էր անվտանգությունում: Ստանում էի 50.000 դրամ աշխատավարձ, բայց վարկս ամսական  400.000 դրամ  էր: Սամվելը տեղյակ էր  ու մի օր  ասաց. «Ուզո՞ւմ ես օգնեմ վարկդ մարես»: Ոչինչ չունեի կորցնելու ու ասացի` օգնիր: Միակ հարցը, որ տվել եմ. «Սամ, այն, ինչ դու անում ես օրինակա՞ն է»:

Սամվել. Հասարակ հաշվարկ  է, եթե ամբողջ օրն աշխատում ես, բայց միևնույն է աշխատավարձդ չի հերիքում խնդիրներդ լուծել, ուրեմն ինչ որ ուրիշ բան պետք է անես, ժամանակդ ինքնազարգացման, կրթության վրա ծախսես: Հաշվարկով ցույց տվեցի Նառային, որ 50.000-ով կրիայի կյանք պետք է ունենա, որ իր պարտքերը մարի, փոխարենն առաջարկեցի մասնագիտանալ ինչ որ ոլորտում, արդյունքում ավելի շատ գումար աշխատել ու պարտքը մարել:

Նառա Աշխատանքից դուրս եկա ու ամեն շաբաթ գնում  էի Սամվելի մոտ, երկուսով  ժողով էինք անում, իրենց նկուղում  մեր նպատակներն էինք գրում, քայլերի հերթականությունն էինք որոշում: Մայրիկս, քույրերս ասում էին՝ գժվե՞լ ես, ի՞նչ ես անում, ու՞մ խելքին ես ընկել: Սկսեցի ավելի շատ պարտքեր անել, պարտքով գնում էի դասերի, գնում էի արտերկիր` սեմինարների,  կոնֆերանսների: Ամեն օր տետրիս մեջ գրում էի, թե ինչ եմ արել, ինչ եմ անելու, ինչ եմ ուզում ու հասկանում էի, որ շատ եմ փոխվում, ավելի կամային, հետևողական եմ դառնում, հասկանում էի, որ չեմ սխալվել:

Սամվել. 4 տարի անց Նառան մարեց  իր բոլոր պարտքերը։

– Ինչո՞ւ հենց  Նառային առաջարկեցիր: Ի՞նչ հատուկ բան տեսար նրա մեջ: 
-Որպես կին ինքն ինձ դուր էր գալիս, բայց եթե ինքը չլիներ այն պայքարող տեսակը, այն աղջիկը, ով կփակի իմ թիկունքը, չէր կարող լինել իմ կինը: Իմաստը դրանում էր.  մարդ, ով կլրացնի մյուսին, ոչ թե հաց կեփի տանը:  Օրեր են եղել , երբ  ես  միայն ցամաք հաց եմ կերել, փռում էի աշխատում, ամբոջ օրվա համար 4 հաց էին տալիս ու վերջ: Տուն, ճաշ եփելն էական չէր, ինձ պետք էր մարդ, ով մարտիկ կլիներ: Իմ առաջին ամուսնությունը տևել է  չորս ամիս,  բաժանվել եմ, որովհետև այդ  մարդը մարտիկ չէր: Ինձ պետք էր մարդ, ով հավասար կպայքարի ինձ հետ,  չի ասի՝ ես աղջիկ եմ, ինձ գրկած տար, այլ կգիտակցի, որ միասին պետք է ացնենք այդ ճանապարհը, ու Նառան այդ աղջիկն էր:

-Նառա, իսկապե՞ս երբեք ցանկություն չի եղել ասելու՝ ես աղջիկ եմ, ինձ գրկած տար:

Նառա. Շատ կանայք թաքնվում են դրա տակ՝ ասելով `ես կին եմ, ես սա պետք է չանեմ, ես կին եմ, ես ժամանակ չունեմ, ես երեխա եմ պահում, ես ճաշ եմ եփում…իրականում այս ամենը միայն արդարանալու միջոցներ են: Երբեք չեմ նեղվել, օրինակ, եթե պետք էր գնալ գործնական հանդիպման, ոմանք ասում էին՝ վայ ինչպե՞ս է Սամվելը թույլ տալիս, բայց ես հասկանում էի, որ եթե դա մեր նպատակի համար է, ուրեմն պետք է:

Սամվել. Ինձ էլ էին  ասում՝ վայ կինդ գնում է գործնական հանդիպման: Շատ մարդիկ իրենց կանանց փակի տակ են պահում ու ասում են` թասիբ: Թասիբը գիտե՞ք որն է, որ իմ կինը ստիված չի ձմռանը տրանսպորտի սպասել, որ կնոջդ ծնունդի օրը չես ձևացնում, թե մոռացել ես կամ տուն ես գնում ու ասում՝  դե աշխատավարձ չտվեցին, այլ  կնոջդ թանկարժեք նվեր ես անում: Իմ կնոջ ծնունդին  ես իր ուզած  մի քանի հազար դոլարանոց ժամացույցն եմ նվիրել, այ դա է իմ թասիբը: Անբարոյական կամ անլեգալ բան չեմ անում: Ես հպարտ եմ, որ  ունեմ կին, ով կարողանում է մեքենա վարել, բիզնես ղեկավարել, որ ես մեռնեմ, չի կորի: Մեր հարաբերությունների ընթացքում մենք շատ բաների միջով ենք անցել. հիշում եմ՝ ոտքով գնում էի Նառային տեսնելու, բայց հետո ճանապարհելու փող չունեի: Շատ զույգեր նման իրավիճակում ասում են՝ արի էլ չհանդիպենք,  լավ ժամանակները գան, այդ ժամանակ էլ կհանդիպենք, չէ, ես հասկանում էի, որ այդ ապտակը կերա կյանքի կողմից, իմ սիրած մարդուն չկարողացա նորմալ ճանապարհեմ, լավ,  կգնամ ու ավելի համառ  կաշխատեմ: Մենք որոշում էինք, որ դրան արժանի չենք ու պետք է շարունակենք պայքարել: Նայում ենք հարուստ շատ մարդկանց ու ասում` ըհը, ինքը հաստատ թալանել է, բայց չենք մտածում, որ հնարավոր է այդ մարդը շատ բաներից իրեն զրկել է, չի հանձնվել ու հիմա ունի այն, ինչի համար պայքարում էր:

-Ո՞րն է  եղել ձեր ամենամեծ անհաջողությունը:
– Ռուսաստանում շնորհանդես էի կազմակերպել, հյուրանոցում մեծ սրահ էի վարձել, 40 մարդ պետք է գար: Մի հայ  տղա առաջարկեց  օգնել, ասաց`  ռուսերենդ հնարավոր է կաղի, այդքան մարդ է գալու, գամ, օգնեմ, ասացի արի,եկավ ու արդեն ժամն է, գնում է հյուրերին դիմավորելու, մարդ չկա։ Տաս րոպե է անցնում, կրկին մարդ չկա, 20 րոպե` զրո մարդ, ու այդ պահին հասկանում ես, որ ոչ ոք չի գալու, դա շոկային է: Հասկանում ես, որ դու ուրիշ երկրում ոչ մեկ ես, սկսում ես գնահատել այն, ինչ  ունես քո երկրում, որտեղ գոնե 5 մարդու կարող ես հավաքվել, գաղափարդ կիսել, գոնե 5 մարդ կգտնես, որ կգան քեզ լսելու,  իսկ օտարության մեջ ոչ մեկի պետք չես:  Հիասթափությունը մեծ էր, ուզում էի թքել ամեն ինչի վրա, նստել մեքենան, գալ Հայաստան, բայց ինձ կարողացա հաղթահարել։ Որոշեցի, որ ոչ մի բան չի հետաձգվում, այդ տղային ասացի՝ ուզում ես օգնե՞լ, նստի շնորհանդեսը մենակ քեզ համար կանեմ: Հյունարոցի մենեջերը եկավ, հարցրեց՝ երբ ենք սկսելու, ասացի, որ խանգարում է, որովհետեւ մենք արդեն սկսել ենք։Նույնիսկ այդ օրվանից մի նկար կա. ես կանգնած պրեզենտացիա եմ անում, այդ տղան էլ լսում է: Հյուրանոցում  բոլորը զարմացել էին.  էդ ի՞նչ կարևոր հյուր էր, որ այդ մեծ սրահն էի վարձել: Ինձ մեծ դաս եղավ  ու սկսեցի գնահատել այն,  ինչ ունեմ Հայաստանում:

-Ի՞նչ է նշանակում հասնել հաջողության:

Սամվել. Այսօր մենք ապրում ենք այն կյանքով, որի մասին երազում էինք 6-7 տարի առաջ,  հիմա  մենք նոր, ավելի մեծ նպատակներ ունենք:  Հաջողության հասնելը  միանշանակ պատասխան չունի: Բիլ Գեյթսը ամենահարուստ մարդկանցից էր, բայց  իրեն երջանիկ չէր համարում, նա իր երջանկությունը գտավ նրանում, որ ամեն ինչ վաճառեց ու Աֆրիկայում մարդկանց փրկեց: Այնպես որ, մենք դեռ  շատ քիչ բան ենք արել։ Միգուցե մենք ապրում ենք լիլիպուտների աշխարհում ու ինչ որ մարդկանց համար հսկա ենք, բայց երբ հայտնվում ենք հսկաների աշխարհում հասկանում ենք, որ լիլիպուտ ենք:
Նառա.Ես ինձ հաջողակ եմ համարում, երբ հասկանում եմ, որ ոչ մի խնդիր ինձ չի կոտրում: Եկավ խնդիրը,  լսում ես, հասկանում  ու անցնում առաջ։ Երբ տեսնում եմ մարդկանց, ովքեր, ինչ որ խնդիր վերցրել ու անընդհատ ողբում են, հասկանում եմ, թե ինչքան բան իրենք չգիտեն, ինչքան բան դեռ չեն հասկանում: Չկա ոչ մի  պրոբլեմ. մարդն ինքն է իր պրոբլեմը, երբ ինքն իր  ներքինը փոխում է, խնդիրներին այլ կերպ է վերաբերվում, պրոբլեմը լուծվում  կամ անհետանում է: Շատ անգամ, երբ ինչ որ խնդիր է լինում, մայրիկիս ասում եմ՝ դե մի բան կանենք,  բարկանում է, բաց իրոք, ինչքան քիչ ես ուշադրություն դարձնում, արդյունքում խնդիրներդ լուծվում են շատ ավելի հեշտ, քան եթե  բարդացնես ու սկսես դրանց մասին անընդհատ  մտածել:
Սամվել. Կա՞ արդյոք խնդիր, որ  5 տարի առաջ ունեցել ես ու հիմա չի լուծվել, չկա, ուղղակի քեզ մնացել է  քո սթրեսը, ջղայնությունը, որ ապրել ես այդ ժամանակ:  Բնության մեջ կա վակումի օրենքը, երբ ինչ որ տեղ դատարկ է, անպայման  լցվում է, երբ ոտքդ դնում ես ավազին, ծովը բերում, փակում է ոտքիդ տեղը, եթե ուզում ես լավ հագուստ, պահարանիցդ հանում ես շորերը, նվիրում կամ թափում ես ու հաստատ մի ամսվա մեջ տեղը կլրացվի, որովհետև այդ բացը լրացնելու համար կսկես ավել աշխատել: Եթե մարդ տրամադրված է հացի փող աշխատելուն, դա կաշխատի, եթե տրամադրված է  նաև Մերսեդեսի համար  գումար աշխատել, մի քիչ ավել կաշխատի, որ դա էլ ունենա:
-Խոսենք «Գեյմ Չենջերս»-ի մասին. ի՞նչ նախագիծ է, ովքե՞ր են մասնակցում, ի՞նչ է տալիս մասնակիցներին:
Նառա. Նախագիծ է, որի ընթացքում մասնակիցներն իրականացնում են 10 նպատակ 60 օրում: Ամեն օր ունենք հատուկ առաջադրանքներ, որոնք կատարում են, արդյունքում իրականացնում նպատակները։ Ովքեր չեն կարողանում կատարել առաջադրանքները, դուրս են մնում նախագծից: Արդեն իրականցրել ենք 16 շրջան, հիմա 17-ի համար ենք խումբ հավաքում: Մասնակցում են ամենատարաբեր ոլորտի մարդիկ, ովքեր որոշում են կայացրել ինչ որ բան փոխել իրենց կյանքում, ովքեր նպատակներ ունեն, որ ուզում են իրականացնել: Բոլորին չի հաջողվում մինչև վերջ մնալ պրոեկտում, հաճախ կամքը, նպատակասլացությունը չի հերիքում և ինքնակամ լքում են պրոեկտը, բայց մեծ մասը հաղթահարում են ամեն ինչ և, ի վերջո, իրականացնում սեփական նպատակները:

Սամվել. Նախագծի մասնակիցների շրջանում ամենամեծ համագործակցությունը եղել է  ամուսնությունը: Ծանոթացել են պրոեկտի ընթացքում, ամուսնացել, հիմա երեխա ունեն, մենք էլ իրենց քավորն ենք: Շատ է եղել, որ  միասին բիզնես են սկսել, եթե, օրինակ, ինչ որ մեկին բիզնես պլան է պետք, մյուսը դա լավ գիտի, օգնում է,  սովորացնում, կամ մասնակիցներից մեկը իդեա ունի, մյուսը` գումար, համագործակցում են, ներդնում անում և իդեան իրականացնում: Տարբեր ոլորտի մասնագետների մեծ բազա ունենք։ Մի մասնակից աղջիկ կար, ով Վիեննայում պետք է սովորեր, դա իր նապատկն էր, որն իրականացրեց, բայց այնտեղ ապրելու տեղ չուներ, մյուս  մասնակիցն էլ  Վիեննայից էր, ով օգնեց նրան, կացության հարցը լուծեց:  Այսինքն՝ նախագիծն  ամեն մեկին տարբեր բաներ կարող է տալ, մեկը մյուսին սկսում են օգնել, ոգևորել, պրոեկտում միշտ կա դրական էներգիա, մեկը մյուսին մոտիվացնում է, եթե մեկը հաջողություններ է ունենում, մյուսների հետ կիսվում է, նրանք էլ են ուզում: Մի խոսքով, նախագիծը շատ բան կարող է տալ, նայած, թե ինչ ես ուզում ստանալ:

Նառա. Մարդ կա, ով ուզում է իրեն միշտ հիշեցնես,  բարկանաս, որ իր նպատաների համար անհրաժեշտ քայլեր անի, մարդ կա, ով ուզում է նոր ընկերներ, ծանոթություններ հաստատի, մի խոսքով՝ մասնակիցների մոտիվացիան տարբեր է։ Ամենակարևորն այն է,  որ արդյունքը հետո տեսնում են:

-Ի՞նչ գործնական խորհուրդ կտաք, նպատակներն իրականացնելու համար ինչի՞ց պետք է սկսել։

Նառա. Անեն այն, ինչ մինչ այդ չեն արել, անընդհատ հետաձգել են, խուսափել: Հասարակ մի բան, օրինակ՝ մարզասրահ գնալով կարող ես նոր մարդկանց հետ ծանոթանալ, գտնել կյանքի կեսին, նոր շրջապատում հայտնվել, ինքնավստահություն ձեռք բերել։  Մի քայլ այլ կերպ անես, շեղվես ճանապարհից, երբեք նույն տեղը չես հասնի, շատ բան կփոխվի հենց մեկ քայլով, վերջնակետդ սկզբնական կետից շատ հեռու կլինի:

Սամվել. Սկսեն հավատից: Մարդու ներսում կա  հավատ ու կա կասկած. կամ մեկն է հաղթում կամ մյուսը, եթե գործերդ վատ են,  ուրեմն կասկածն է  հաղթել,  ու հակառակը: Լինում է,  ասում ես՝ ես նրանից խելոք եմ, բայց տես իր  գործերն ինչ լավ են ընթանում… հա, դու խելք ես, բայց իր մոտ հավատն է  հաղթել, ինքը ավելի վստահ է: Անգամ եթե ինչ որ բան ես ձեռնարկել ու անկում ես ապրում, հավատը օգնում է , որ հետ չգնաս, շարունակես գնալ ճանապահովդ, հենց հավատի բացակայության պատճառով շատերը դժվարություն ունենալուն պես հետ են կանգնում։ Անկումը նորմալ պրոցես է,  բայց անկոտրում, ստաբիլ պայքարելու համար   պետք է անվերապահ հավատ: Պիտի շարունակես անել, մինչև ուզածդ լինի, հասկանաս, որ որոշողը դու ես, ուրիշ ոչինչ ու ոչ մեկ: Ասում են՝  մարդ ավելի շուտ հանձնվում է , քան պարտվում,  հավատն օգնում է, որ չհանձնվես:

 Լուսանկարիչ Հրաչյա Ոսկանյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...