Մոդելներ, եղջերուներ, բնություն ու նորաձևություն. WWF-ի և ArmMod Fashion-ի գեղեցիկ նախագիծը (Photo)

Տարվա ավարտին  Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Հայաստան) հայաստանյան մասնաճյուղը և ArmMod Fashion-ը իսկական անակնկալ էին պատրաստել  բնասերների և  նորաձևության սիրահարների համար: Վաղ առավոտյան WWF-ի և ArmMod Fashion-ի անդամները,  հայ մոդելներն ու բլոգերները   ուղևորվեցին Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն:  Կենտրոնը  ստեղծվել է Հայաստանի բնապահպանության նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որի նպատակն է Կովկասյան ազնվացեղ եղջերուների պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում։ WWF-ի ներկայացուցիչ Հերմինե Հակոբյանը Wnews.am-ի հետ զրույցում նշեց. «Կովկասյան ազնվացեղ եղջերուները  անհետացել էին Հայաստանի բնությունից նախորդ դարի երկրորդ կեսին, բայց WWF-ի ջանքերով արդեն ունենք 4 եղջերու, նախատեսվում է նրանց քանակն ավելացնել ևս մի քանիսով»:

WWF-ն Հայաստանում գործունեություն է ծավալում  2002 թվականից,  այն աշխարհի ամենամեծ բնապահպանական հիմնադրամներից է: Հայաստանում Բնության համաշխարհային հիմնադրամը զբաղվում է կենդանիների եզակի տեսակների պահպանման ծրագրերով, իրականացնում է  սոցիալական ծրագրեր, անտառավերականգնման աշխատանքներ, էկոտուրիզմ,  կրթական  և իրազեկման ծրագրեր: Վերջինիս նպատակով էլ  WWF-ն  և ArmMod Fashion-ը միավորվել էին նորաձևության և բնության միաձուլման գաղափարի շուրջ, որի շնորհիվ նորաձևությունն աջակցելու է հանրության բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

Նախագծի շրջանակում դիզայներ Ժենյա Ասատրյանը ստեղծել էր թեմատիկ հագուստներ՝ WWF-ի տարբերանշանով, որոնք ներկայացնում էին հայ մոդելներ Մարիկա Թունյանը, Նարե Զաքարյանը, Լյուսի Հայրապետյանը, Լիանա Թովմասյանը: Հավաքածուն ներշնչված է բնությունից և նպատակ ունի շեշտադրել մարդու և բնության փոխկապակցվածությունը, որն արտացոլվել է հագուստների և աքսեսուարների դիզայնի տարրերում։ Հավաքածուի վաճառքից գոյացած գումարները տրամադրվելու են բազմացման կենտրոնին և  ուղղվելու են եղջերուների պահպանությանը:

Ներկայացնում ենք համագործակցության արդյունքում ստացված ֆոտոշարքը, ինչպես նաև բնության հետ շփման հրաշալի օրվա backstage կադրեր:

  

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...