Պարտադիր չէ Ամանորին միայն սեղանի շուրջ նստած ուտել ու խմել. Լուսինե Բեկիրսկա-Թամազյանի ուրախ ու անմոռանալի Ամանորի բանաձեւը

Հայտնի ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը գիտի՝ ինչպես Ամանորին ստեղծել իսկական տոնական մթնոլորտ ու  վայելել ամեն պահը։ «Վ. Ավագյան» բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ և Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանը Ամանորին հատուկ ոգեւորությամբ է նախապատրաստվում, երեւի հենց դա է պատճառը, որ Ամանորի հետ կապված այդքան ջերմ, զվարճալի, տեղ-տեղ նաեւ հուզիչ հիշողություններ ունի։

Լուսինե Բեկիրսկա-Թամազյանի հետ Wnews.am-ն այս անգամ զրուցել է տարվա ամենասպասված տոնի՝ Ամանորի մասին։

 -Տիկի’ն Թաազյան, ինչի՞ հետ եք ասոցացնում Ամանորը, ինչպիսի՞ տոն է այն Ձեզ համար։

-Ամանորն ասոցացվում է որպես նոր բանի սկիզբ։ Նոր տարուն բոլոր մտածմունքներն ու իրադարձությունները մնում են ետեւում, լավի համար շնորհակալություն ես հայտնում՝ հուսալով, որ Նոր տարին էլ ավելի հետաքրքիր ու դրական սկիզբ է ունենալու։

Բոլորիս համար Ամանորն ընտանեկան տոն է։ Ինձ դուր է գալիս տոնական եռուզեռը։ Եղեւնին զարդարում ենք ընտանիքի բոլոր անդամներով,  ամեն մեկն ունի իր պարտականությունը, եթե հանկարծ որեւէ մեկն արտերկրում ուղեւորության է լինում, պարտադիր իր համար մի խաղալիք եմ թողնում, որ գա, ինքն իր կողմից կախի, երազանք պահի։ Ի դեպ, ամեն տարի տոնածառի խաղալիքները տարբեր են լինում։ Հաճախ նախորդ խաղալիքներն ընտանիքի անդամներով ձեւափոխում ենք, թարմացնում։ Հիշում եմ՝ մի տարի միջնեկ որդիս որոշեց բոլորից տարբերվել եւ տոնածառ պատրաստել մեր գրադարանի գրքերով, շատ գեղեցիկ էր ստացվել։

Տարիներ առաջ պատահաբար մի շատ հուզիչ տոնական եղեւնու ականատեսը եղա։ Այդ տարի ամուսնուս քույրն էր մահացել, մենք էլ, բնականաբար, Ամանորը տոնելու տրամադրություն չունեինք։ Երեխաներս ձեղնահարկում բոլորից գաղտնի եղեւնին զարդարել էին իրենց հորաքրոջ լուսանկարներով։ Երբ հունվարի 3-ին ձեղնահարկ բարձրացա, պատահական տեսա այդ հուզիչ տոնածառը։

-Ինչպե՞ս եք սովորաբար դիմավորում Նոր տարին։

-Նոր տարին ավանդաբար դիմավորում ենք մեր տանը՝ Երեւանում, քանի որ այն մեծ է, տոնածառի լույսերն ու բուխարին միշտ վառված են լինում՝ այդպիսով տոնական շունչ հաղորդելով։

-Ո՞րն էր Ձեր ամենահիշարժան Ամանորը։

-Հիշում եմ՝ հորս կենդանության օրոք Ամանորը դիմավորեցինք ոչ թե Երեւանում, այլ հորս ծննդավայրում՝ Օձունում։ Շատ հետաքրքիր Նոր տարի ունեցանք. ամբողջ ընտանիքն էր հավաքվել։ Օձունն այդ տարի ձյունառատ էր։ Իմ հիշողության մեջ մնացել է մեզ հետ տարած եղեւնին՝ երկնագույն խաղալիքներով, որն ամբողջ ընտանիքի անդամներով զարդարում էինք «Աբբա»-ի երգերի ներքո։ Հիմա, երբ լսում եմ «Աբբա»-ի երգերը, այդ Նոր տարին եմ վերհիշում, որն ասես հորս Նոր տարին լիներ։

Հաջորդ օրը զավեշտալի դեպք եղավ. եղբայրս Եգիպտոսից  եգիպտական սպիտակ հագուստ եւ «տյուլբան» (տղամարդկանց գլխաշոր) էր բերել, որը հայրիկս առավոտյան հագավ։ Երբ գյուղի բարեկամները գալիս էին մեզ շնորհավորելու, չէին հասկանում՝ Համլետ Թամազյանը գիշերանոցով է նստած, թե ինչ է հագել, հայրս էլ ներքուստ դրանից ուրախանում էր։

-Շատերի մոտ Ամանորն ասոցացվում է հոգսերի հետ։ Ինչպե՞ս եք անում, որ այն սպասված եւ սիրված տոն լինի։

-Ամանորին սիրով, կազմակերպված եմ նախապատրաստվում։ Այնպես չէ, որ ուտեստների տեսականին քիչ է լինում, գիտակցում եմ, որ կամ պիտի հոգով պատրաստես կամ ընդհանրապես չանես։ Պիտի տոնական տրամադրություն ստեղծես ու դրանից հաճույք ստանաս։ Երեխաներս շատ են սիրում լուսային էֆեկտները, ամբողջ տունը զարդարում են լույսերով, տղաս՝ Էդգարը, գինու շշերի մեջ լույսեր է տեղադրում, դնում տան տարբեր անկյուններում, երբ վառում ենք, անմոռանալի մթնոլորտ է ստեղծվում։ Պարտադիր չէ Ամանորին միայն սեղանի շուրջ նստած ուտել ու խմել։ Մենք  ընկերական շրջապատ ունենք, սովորաբար Սուրբ Զատիկի գիշերը միասին հավաքվում ենք մեր տանը,  հետաքրքիր զբաղմունք գտնում։ Օրինակ՝ նախորդ տարի կազմակերպել էինք Գարրի Բարդինիի մուլտերի դիտում, որոնք մեծահասակների համար են, երեկոյին կիսամութ միջավայրում բլուզ էինք պարում. մի խոսքով՝ մեր հյուրերը չեն ձանձրանում։

-Կա՞ ամանորյա ավանդույթ, որին միշտ հետեւում եք։

-Դռան շեմին պարտադիր փայտ ենք դնում, որը բարօրություն է բերում։ Երբ երեխաներս փոքր էին, ամուսինս բակում հրավառություն էր անում, իսկ Ձմեռ պապն այդ ընթացքում եղեւնու տակ նվերներ էր դնում։

Տարիներ առաջ, երբ երեխաներս դեռ փոքր էին, տասը տարի շարունակ մեզ Ձմեռ պապն էր հյուր գալիս, ով տեղյակ էր լինում տարվա ընթացքում երեխաներիս գրանցած հաջողություններից։ Երեկոն երեխաներիս համար շատ սպասված ու պարտավորեցնող էր,  ասես ամփոփիչ համերգ տային։

-Ամանորի հետ կապված ի՞նչ զավեշտալի դեպքեր կհիշեք։

-Երբ մեր տան Ձմեռ պապը մեզնից հեռանում էր, ամուսինս նրան ուղղորդում էր գնալ իր ընկերներից որեւէ մեկի տուն։ Մի զավեշտալի դեպք գրանցվեց, երբ Ձմեռ պապիկը դեկտեմբերի 31-ի երեկոյան ամուսնուս հետ գնացել էր նրա ընկերներից մեկի տուն։ Ամուսինս նախապես իր ընկերոջ կնոջը զգուշացրել էր, որ երեխաների նվերները դնի դռան շեմին, որպեսզի ներս մտնելուց Ձմեռ պապը դրանք հանձնի։ Ձմեռ պապին վերցնում է դռան շեմի տոպրակը, երեխաներից մեկի ասմունքելուց հետո նրան գովերգելով հանձնում է տոպրակը, երեխան վերցնում է այն ու բացում՝ հայտնվելով շոկային իրավճակում, որովհետեւ տոպրակից դուրս է գալիս ոչ թե սպասված նվերը, այլ սոխի կճեպ ու նմանատիպ անպետք բաներ. պարզվում է, որ դա իրականում ոչ թե նվերի, այլ աղբի տոպրակն էր։

Հիշում եմ, վագրի տարում հունվարի 3-ին ընտանիքի անդամներով Ծաղկաձորի մեր ամառանոցում էինք։ Մեզ հետ էր նաեւ Ծաղիկ տատս։ Ես որոշեցի մի հետաքրքիր բան անել. աչքիս մատիտով  սկսեցի բոլորին «վագրային» տեսք տալ.  աչքերին պոչիկներ արեցի, քիթը ներկեցի, բեղիկներ նկարեցի։ Երբ բոլորս արդեն մատիտով ներկված էինք, անսպասելի հյուրեր ունեցանք։ Ամուսինս մոռացել էր, որ իր դեմքը նկարազարդված է, պատկերացնու՞մ եք մեր հյուրի դեմքը, երբ բոլորիս՝ այդ թվում Ծաղիկ տատիս տեսավ նկարազարդված վագրի դեմքով։

-Ինչպիսի՞ն էր 2018-ը Ձեզ համար։

-Ուզում եմ շնորհակալություն ասել 2018-ին, քանի որ ունեցանք աշխատանքային ձեռքբերումներ. աչքի էքսիմեր լազերային կենտրոնն էլ ավելի ամրապնդեց իր կայուն տեղը մեր բնագավառում, քանի որ առաջիններն էինք եւ ճանապարհ հարթեցինք նոր բացվող կենտրոնների համար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր նախկին հիվանդներին, ովքեր մեզ վստահելով՝ 2018-ը վայելում են նոր աչքերով՝ լավ տեսողությամբ։

Ընտանեկան հարցերում էլ 2018-ը հաջողակ տարի էր. դուտսր ամուսնացավ, մեծ որդիս կնոջ հետ մեզ հետ նույն հարկի տակ ապրելու որոշում կայացրին, ինչի համար իրենց շնորհակալ եմ։ Նշեմ, որ մեր տանը միշտ երեք սերունդ է ապրել, դա ասես ավանդույթ լինի։

Շնորհակալ եմ, որ մայրիկս ու սկեսույր մայրիկս ողջ ու առողջ են, ամուսինս՝ Սուրենը նոր, ավելի պայծառ աշխատանքի՝ գործարանի հիմնադրման շեմին է։ Նա շարունակում է տրիկոտաժի ոլորտում իր ընտանիքի ավանդույթը՝ հիմնելով նոր ընկերություն, որը կոչվելու է «Ռիբեկ»։

-Կհիշե՞ք Ձմեռ պապիկից ստացած Ձեր ամենատպավորիչ նվերը։

-Մեր ընտանիքում յուրաքանչյուրն իր նվերը դնում է եղեւնու տակ, ասում, որ դա Ձմեռ պապիկից է, եւ ոչ ոք չգիտի՝ թե ում նվերն ով է գնել։ Մի տարի ամուսնուս հետ երեխաներիցս Դուբայ ճանապարհորդության նվեր ստացանք, որտեղ ներկա գտնվեցինք Սթինգի եւ Ջիփսի Քինգի համերգին։ Մի անգամ էլ ամուսինս զարդ էր գնել եւ դրել էլեկտրական թեյնիկի մեջ։ Բացեցի նվերը, տեսա, որ թեյնիկ է, բայց չնկատեցի միջի զարդը։ Ամուսինս հորդորեց նոր թեյնիկով թեյ դնել, ջուրը լցնելուց առաջ նոր նկատեցի զարդը, ինչը հաճելի անակնկալ էր։

-Ձմեռ պապին նամակ գրելու սովորություն ունե՞ք, եթե գրելու լինեիք, ի՞նչ կգրեիք 2019-ի համար։

-Ձմեռ պապին ուղղված նամակս մտովի եմ գրում, ես հավատում եմ հրաշքներին, իսկ նա ասես Աստծո միջեւ միջնորդ լինի։ Համոզված եմ, որ բոլորն ունեն իրենց պահապան հրեշտակը, այս պահին ինձ համար նա  հայրս է։ Ամանորին բացի պահապան հրեշտակից կարող եմ դիմել Ձմեռ պապիկին։ Այս տարի նրանից կխնդրեմ տատիկներին առողջություն, բալիկներին հաջողություն, մեր երկրին՝ խաղաղություն։ Խնդրում եմ նաեւ, որ շուտ տատիկ դառնամ։

-Ի՞նչ կմաղթեք Ամանորին բոլոր կանանց։

-Կուզեյի, որ կանայք յուրաքանչյուրն իրենց  18 տարեկան զգան, որովհետեւ երբ դիմում ես անգամ 40 տարեկան կնոջը, հասկանում ես, որ նա ուղղակի 18 տարեկան աղջիկ է 22 տարվա փորձով։ Կուզեի մաղթել իմաստություն, որ փորձեն իրենց ամեն օրը տոն դարձնեն։ Չէ որ սխալ է նստել ու սպասել, որ դա քո փոխարեն անի որեւէ մեկը։ Պետք է փորձել գնահատել ամեն պահը, դրանից լավը քաղել, ազատվել նեգատիվից ու երջանիկ լինել։

Լուսանկարիչ՝ Հրաչյա Ոսկանյան

Ֆոտոշարքն իրականացվել է «Panatsea cafe&restaurant»-ում

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...