Ինչպես անվնաս սպիտակեցնել ատամները. մասնագիտական խորհուրդներ բժիշկ Պետրոս Համբարձումյանից

Ստոմատոլոգիայում էսթետիկ ենթաբաժինը մեր օրերում չափազանց պահանջված է: Դա  պատահական չէ: Գեղեցիկ, ձյունաճերմակ  ժպիտը ինքնավստահություն  է հաղորդում, ազատում մի շարք բարդույթներից: Ինչպես հասնել նման արդյունքի, ինչ ցուցումներ ու հակացուցումներ կան  էսթետիկ  ստոմատոլոգիայում, ինչպես անվտանգ կատարել ատամների սպիտակեցում, ժամանակակից ամենապահանջված պրոցեդուրայի վերաբերյալ Wnews.am -ը զրուցել  ոլորտի լավագույն երիտասարդ մասնագետներից մեկի՝  բժիշկ Պետրոս Համբարձումյանի հետ:
– Որքա՞ն ժամանակ է, որ ստոմատոլոգ եք աշխատում: Ինչու՞ ընտրեցիք այդ մասնագիտությունը:
– Ավարտել եմ ԵՊԲՀ֊ը և 2016 թ. ստացել եմ բժիշկ֊ստոմատոլոգի կոչում։ Պրակտիկ գործունեությամբ սկսել եմ զբաղվել ավելի վաղ՝ օրդինատուրայի շրջանակներում։ Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղացել հայրս, նա նույնպես ստոմատոլոգ է։ Դպրոցական տարիներին հաճախ էի այցելում հորս կլինիկա, տեսնում նրա աշխատանքը։ Աստիճանաբար ինձ մոտ նույնպես առաջացավ սեր այս մասնագիտության հանդեպ , ցանկություն մարդկանց ցավից ազատել, նրանց ժպիտ պարգևել ու ինչ-որ չափով հասարակությանը պիտանի լինել:
– Որպես մասնագետ , ի՞նչ կասեք բերանի խոռոչի ամենօրյա խնամքի մասին: Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել։
-Նախ, կուզեի նշել մի շատ կարևոր ու ցավալի հանգամանք, որ այսօր Հայաստանում մարդկանց մեծամասնությունը ավելի միտված է ստոմատոլոգիական հիվանդությունների բուժմանը, այլ ոչ՝ կանխարգելմանը, իսկ դրանք առաջանում են հիմնականում բերանի խոռոչի հիգիենային չհետեվելու, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, սխալ հետևելու պատճառով։
– Գեղեցիկ ատամնաշար, հետևաբար ժպիտ ունենալու համար ի՞նչ կարևոր պայմանների պետք է հետևել:
– Առաջին հերթին, պետք է լավ հետևել բերանի խոռոչի հիգիենային։ Ատամները մաքրել կանոնավոր՝ օրը 2 անգամ, նախաճաշից հետո և որ ավելի կարևոր է՝ քնելուց առաջ։ Է՛լ ավելի կարևոր է տիրապետել ատամները մաքրելու ճիշտ տեխնիկային, որպեսզի դա չլինի անիմաստ գործողություն, այլ լինի էֆեկտիվ։ Դա պիտի ձեզ սովորեցնի ձեր ստոմատոլոգը։ Բացի այդ, պարբերաբար,տարին առնվազն 2 անգամ, պետք է գնալ բերանի խոռոչի հետազոտման, որպեսզի, նույնիսկ ամենաչնչին խնդիրը ի սկզբանե վերացվի։
-Որո՞նք են ատամների սպիտակեցման ժամանակակից մեթոդները։ Նշված մեթոդներից ո՞րն է առավել արդյունավետը։
-Գոյություն ունի սպիտակեցում տնային պայմաններում և պրոֆեսիոնալ սպիտակեցում։ Տնային պայմաններում սպիտակեցումը կատարվում է հատուկ ժապավեններով և հելերով, որոնցում հիմնական ազդող նյութը կարբամիդի կամ ջրածնի պերօքսիդն է։ Այս եղանակով սպիտակեցումը խորհուրդ չէի տա, քանի որ ագրեսիվ նյութերի վերահսկողության բացակայության հետևանքով բարձր է ատամի էմալի քայքայման վտանգը, մեծ է լնդերի այրվածք առաջացնելու հավանականությունը։ Ինչպես նաև երկարատև պրոցես է և կարող է լինել ոչ էֆեկտիվ։ Պրոֆեսիոնալ սպիտակեցումը կատարում է ստոմատոլոգը։ Այն լինում է քիմիական, ֆոտոսպիտակեցում և լազերային սպիտակեցում։ Քիմիական սպիտակեցման համար կան տարբեր համակարգեր։ Կնշեմ մասնավորապես Opalescense֊ը, որը համեմատաբար մատչելի է, բավականին անվնաս և տալիս է լավ արդյունք։ Ֆոտոսպիտակեցման ժամանակ օգտագործվում է և՛ քիմիական նյութ, և՛ հատուկ LED լույս։ Ազդող նյութը ջրածնի պերօքսիդն է, որն ակտիվանում է նշված LED լույսով։ Այս եղանակը նույնպես էֆեկտիվ է ու անվնաս։ Լազերային սպիտակեցումը ֆոտոսպիտակեցումից տարբերվում է ջրածնի պերօքսիդի ավելի ցածր կոնցենտրացիայի պարունակությամբ, իսկ ակտիվատորը հանդիսանում է լազերը։ Բավականին թանկարժեք պրոցեդուրա է, էֆեկտիվությամբ գրեթե չի տարբերվում նախորդ երկու մեթոդներից։
– Ի՞նչ հակացուցումներ ունի ատամների սպիտակեցումը։
– Հակացուցում է հանդիսանում մանկական և դեռահասային տարիքը, բերանի խոռոչի վատ հիգիենան, պարօդոնտի հիվանդությունները, կարիեսով ախտահարված ատամների առկայությունը, ատամների գերզգայունությունը։ Նշեմ, որ սրանք հարաբերական հակացուցումներ են, ուստի այդ խնդիրները վերացնելուց հետո կարելի է կատարել սպիտակեցում։
-Արդյո՞ք ատամների սպիտակեցումը վնասում է ատամների էմալը: Որքանո՞վ է այս տեսակետը համապատասխանում իրականությանը։
– Անշուշտ, անկախ մեթոդի ընտրությունից, սպիտակեցումը որոշ չափով վնասում է ատամները, նրանցից հանքային տարրերը մասսամբ դուրս մղելով։ Էմալը դառնում է ավելի ծակոտկեն, ատամները կարող են ձեռք բերել գերզգայունություն։ Սակայն ներկայումս գոյություն ունեն բավականին լավ սպիտակեցնող նյութեր, որոնց շնորհիվ այդ թերությունները հասցվել են մինիմալի։ Հարկ է նշել նաև, որ ատամին հասցված մինիմալ վնասը կրում է դարձելի բնույթ։
-Ի՞նչ հաճախականությամբ է կարելի կրկնել սպիտակեցումը։
-Անկախ սպիտակեցման եղանակից, խորհուրդ չի տրվում այն կրկնել առնվազն 1.5֊ից 2 տարի։
-Հնարովո՞ր է սահմանել որոշակի սննդակարգ և դրանով պահպանել ատամնաշարի ճերմակությունը։
-Սպիտակեցումից հետո, առաջին 48 ժամվա ընթացքում, պետք է պահպանել այսպես կոչված “սպիտակ դիետա”։ Խուսափել գունանյութեր պարունակող սննդից և ըմպելիքներից։ Կատեգորիկ չօգտագործել կարմիր գինի, թեյ, սուրճ, բնական և արհեստական մուգ գույնի սոուսներ, գազավորված ըմպելիքներ, բազուկ, գազար, հատապտուղներ, ցիտրուսային մրգեր և այլն։ Կանանց արգելվում է օգտագործել նաև շրթներկ։ 2 օր հետո աստիճանաբար կարելի է սկսել թույլ գունավորված սննդի օգտագործումը։
-Հաճախ մարդիկ ատամնաքարերի հեռացումն ու սպիտակեցումը նույնացնում են։ Ի՞նչ կասեք այս մասին:
Դրանք բոլորովին տարբեր, միմյանց հետ կապ չունեցող միջամտություններ են։ Ատամների սպիտակեցման ժամանակ մենք արհեստականորեն փոխում ենք ատամների գույնը, այսինքն ստանում ենք նոր գույն։ Իսկ ատամնափառն ու ատամնաքարերը դրանք ժամանակի ընթացքում ատամների վրա և լնդերի տակ սննդային մնացորդների և մանրէների, ախտածին միկրոֆլորայի կուտակումն է, որը պետք է հեռացնել՝ ատամների և լնդերի հիվանդությունների առաջացումից խուսափելու համար։ Սա պարօդոնտալ միջամտություն է, որից հետո պարզապես վերականգնվում է ատամի բնականոն գույնը։
– Ի՞նչն է ազդում ատամների գույնի փոփոխության վրա, կա՞ն սովորություններ կամ սնունդ, որից պետք է հրաժարվել:
-Վնասակար գործոնները բավականին շատ են։ Նշեմ առավել հաճախ հանդիպողները, որոնցից են՝ ծխախոտի առաջացրած բացասական ազդեցությունը ատամի հյուսվածքների վրա, որի պատճառով ատամները կարող են ձեռք բերել ամենաբազմազան երանգավորում, մեծ չափաբաժիններով թեյի, սուրճի օգտագործումը։ Ներվազրկված ատամները նույնպես կարող են գունափոխվել տարիների ընթացքում։ Եվ վերջապես գունափոխման պատճառ կարող են հանդիսանալ նաև՝ վիրուսային հեպատիտը, լյարդի հիվանդությունները, տետրացիկլինի օգտագործումը և այլն։ 1
-Որքանո՞վ է պահանջված ատամների սպիտակեցման ծառայությունը Հայաստանում:
-Ներկայիս 21֊րդ դարում ատամների սպիտակեցումը հանդիսանում է բավականին պահանջված, հատկապես աղջիների շրջանում, քանզի բոլորը երազում են ունենալ գեղեցիկ և սպիտակ ատամներ։ Ժամանակակից նյութերի և սարքավորումների բարձր էֆեկտիվության ու բավականին անվնաս լինելու շնորհիվ դիմողների թիվն օրեցօր ավելանում է։ 
Ինչպե՞ս հասկանալ, որ կարելի է վստահել տվյալ բժշկին: Որո՞նք են լավ ատամնաբույժ լինելու 5 նախապայմանները:
– Կարծում եմ, որ լավ ատամնաբույժ լինելու նախապայմաններից մեկը՝ պրոֆեսիոնալիզմն է. տիրապետել մասնագիտական բոլոր հմտություններին և շարժվել համահունչ ժամանակի հետ։ Երկրորդը՝ աշխատասիրությունն է. նվիրվել աշխատանքին ամբողջությամբ և անընդհատ ինքնակատարելագործվել։ Լինել բարի և ընկերասեր. չէ՞ որ պացիենտը մեզ այցելում է շատ անգամներ և ինքնըստինքյան դառնում մեր ընկերը։ Լինել ուշադիր և հոգատար պացիենտի նկատմամբ։ Եվ, ի վերջո, անել ամեն հնարավոր բան, պացիենտին իր երազած ժպիտը պարգևելու համար։ Շնորհիվ այս հինգ հատկանիշների, պացիենտը միանշանակ ձեռք կբերի վստահություն բժշկի հանդեպ։
 – Ի դեպ` ստոմատոլոգիական սարքավորումների հիգիենայի մասին ի՞նչ կասեք: Ինչպե՞ս պետք է այն պահպանել կլինիկաներում:
-Շատ կարևոր հարց։ Ամեն ինչ պետք է սկսվի ստերիլ պայմաններ ապահովելուց։ Յուրաքանչյուր պացիենտից հետո և՛ ստոմատոլոգիական բազկաթոռը, և՛ կիրառվող ծայրակալները պիտի ենթարկվեն անտիսեպտիկ մշակման, իսկ աշխատանքի ընթացքում օգտագործվող բոլոր գործիքները՝ մանրակրկիտ ախտահանվեն։ Բժիշկը նույնպես պիտի պահպանի անձնական մաքրություն, աշխատի ձեռնոցներով և դիմակով։ 
-Գեղեցիկ ատամնաշարը ազատում է մի շարք բարդույթներից: Ձեր պրակտիկայում հաճա՞խ եք նկատում նման երևույթ:
֊Այո իհարկե, բազմիցս ականատես եմ եղել նման երևույթի, երբ պացիենտները, առաջին այցի ընթացքում, խուսափում են ժպտալ, անգամ ձեռքով ծածկում են բերանը։ Իմ նպատակներից մեկն է պացիենտին ազատել այդ բարդույթից՝ նվիրելով նրան գեղեցիկ և անկաշկանդ ժպիտ։
– Ու՞մ է հետ է ավելի հեշտ աշխատել, կանա՞նց , թե՞ տղամարդկանց:
Տղամարդիկ ավելի շատ դիմում են ատամների առողջական խնդիրների համար, էսթետիկան նրանց համար երկրորդ տեղում է։ Իսկ կանայք ու աղջիկները մեծամասամբ կարևորում են արտաքին տեսքը, ինչը բնական է։ Այս առումով, ոչ թե դժվար, այլ ավելի մանրակրկիտ և երկար է տևում աշխատանքը իգական սեռի հետ։
-Ատամնաբույժին այցելելը շատերի մոտ ֆոբիա է առաջացնում, ինչպե՞ս եք հաճախորդներին ձերբազատում վախերից:
-Սովորաբար, նախքան աշխատանքը սկսելը, զրուցում եմ պացիենտի հետ, նրան մանրամասն պարզաբանում իր մոտ առկա խնդրի և բուժման եղանակների մասին, որ ոչ մի ցավ չի զգալու, և թե ինչ գեղեցիկ ժպիտով է լքելու կլինիկան։ Ապա շատ նուրբ ու հանգիստ սկսում եմ աշխատանքը՝ ամեն մի կատարած քայլս բացատրելով նրան։ Որևէ տհաճ զգացողություն կամ ցավ առաջացնող միջամտությունից առաջ նախապես զգուշացնում եմ պացիենտին, որպեսզի հանկարծակիի չգա։ Այսպես աստիճանաբար, միասին հաղթահարում ենք վախը։
-Ի՞նչ առաջընթաց ունի ստոմատոլոգիայում էսթետիկ ենթաբաժինը: Արդյո՞ք այն նույնքան պահանջված է:
-Ներկայումս էսթետիկ ենթաբաժինը շատ լուրջ տեղ է զբաղեցնում ստոմատոլոգիայում, հատկապես մեծ պահանջարկ են վայելում էսթետիկ ռեսռավրացիան կոմպոզիտային պլոմբանյութերով, վինիրներով և լրիվ֊կերամիկական համակարգերով։ Սակայն երբեմն, ունենալով անառողջ ատամներ, մարդիկ միևնույն է կենտրոնանում են ֆրոնտալ ատամների տեսքի, գույնի և ձևի վրա, աչքաթող անելով մնացած խնդիրները։ Այս պարագայում բժշկի պարտքն է հանդիսանում պացիենտին մանրամասն բացատրել առաջնահերթ և երկրորդական խնդիրների էությունը։

 Բժշկի հետ կապ հաստատելու համար գրեք ֆեյսբուքյան հետեւյալ էջին

https://web.facebook.com/doctorpetros/

կամ հետեւեք Instagram-ում @dr_petros_hambardzumyan  հասցեով 

Հեռախոսահամար 055420209
Եղեք առողջ և շատ ժպտացեք 🙂
 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...