Ինձ չէին հավատում, բայց ես վստահ էի ուժերիս. Ագա Քանքանյանը՝ իր հաջողության պատմության մասին

Հայաստանի առաջին ու լավագույն դիմահարդարներից մեկը՝ Ագա Քանքանյանը, երևանյան beauty ոլորտի ամենահեղինակավոր դեմքերից է: Ագա Քանքանյանի մոտ ուզում է դիմահարդարվել գրեթե յուրաքանչյուր հայուհի: Ինչպես էր փոքրիկ աղջիկը երազում հայտնի դառնալու մասին, ինչպես էր դիմահարդարում իր բոլոր մտերիմներին ու հավատում սեփական նպատակներին: Wnews.am-ի բացառիկ հարցազրույցում Ագա Քանքանյանը պատմում է իր հաջողության ճանապարհի մասին.

Մասնագիտության ընտրությունը.

Միշտ անում եմ այն, ինչ ուզում եմ, զբաղվում եմ նրանով, ինչով ուզում եմ։ Չեմ կարևորում,  թե ինչն է ֆինանսապես շահավետ, առաջնորդվում եմ միայն իմ ցանկությամբ։ Մանկուց բոլորին հայտարարում էի, որ  հագուստի դիզայներ եմ դառնալու ու շատ հայտնի եմ լինելու։ Դիտում էի այդ թեմայով ֆիլմեր, ու  հերոսուհիներից  մոտիվացվում։ Թերթում էի «Բուրդա» ամսագրի էջերը, կտրում ինձ դուր եկած պատկերները: Այնքան էի բոլորին ասել, որ հայտնի եմ դառնալու, որ երբ նպատակս իրականացավ, ոչ ոք զարմացած չէր։ 15 տարեկան էի, երբ Երեւանում բացվեց «Ատեքս» նորաձեւության կենտրոնը, որի տնօրենն այդ ժամանակ ազգությամբ հրեա Անդրեյ Միլմանն էր, միանգամից որոշեցի ընդունվել այնտեղ։ Առաջին փորձից ինձ չընդունեցին, որովհետեւ տարիքով փոքր էի: «Ատեքս»-ում անընդհատ ստեղծագործական աշխատանքների մեջ էի։ Շատ ակտիվ ուսանողուհի էի, միշտ ձիգ պոչ էի կապում, հոնքերս հանում, հենց այդ կերպարով էի բոլորի մոտ տպավորվել։ Մի օր որոշեցի հոնքերիս այնպիսի ֆորմա տալ, որ առանց պոչ կապելու էլ դրանք բարձր մնան, ով տեսնում էր՝ ցանկություն էր հայտնում, որ իրենն էլ այդպես հանեմ։ Շրջապատիս բոլոր կանանց ու աղջիկների հոնքերը ես էի հանում, այդպիսով աստիճանաբար ճանաչում ձեռք բերեցի։

Այդ ժամանակ դիմահարդարում  առանձին մասնագիտությունը դեռ չկար: Չկային նաև գործիքներ. 3 վրձինով հեռու չես գնա: Ցուցադրությունների ժամանակ սկսեցի  ինքս կրեատիվ լրացումներ անել և դա չվրիպեց Միլմանի աչքից:

«Ատեքս»-ում սովորելիս արդեն գումար էի վաստակում, իհարկե,  ծնողներիցս թաքուն, որովհետեւ նրանց դուր չէր գա։ Հետագայում նորաբաց գեղեցկության սրահի տնօրենն ինձ համար թանկարժեք դիմահարդարման ստենդ գնեց, որպեսզի այնտեղ աշխատեմ։  Գնեց, բայց  չէր հավատում, որ ինձ մոտ ինչ-որ բան կստացվի, ասում էր՝ ո՞վ է գալու, գումարի դիմաց հոնք հանի կամ դիմահարդարվի, բայց ես վստահ էի ուժերիս, գիտեի, որ գալու է օրը, երբ ինձ դիմելու են, որ իրենց դիմահարդարեմ։  Սկզբում ով տեսնում էր՝ ասում էր՝ վիզաժիստն ի՞նչ է։ Լինում էին դեպքեր, երբ մարդիկ իմ մասին միֆեր էին հյուսում, ասում էին՝ Ագան ամբողջ օրը դատերի մեջ է, ինչ-որ մեկի հոնքերն է հանել, ամուսնուն դուր չի եկել ու Ագային դատի է տվել։ Այդ ժամանակ նման ասեկոսեները ծանր էի տանում, հետո հասկացա, որ դա լուրջ PR է։ Այդպիսով աստիճանաբար սկսեցի հաճախորդներ հավաքել ու հայտնի դառնալ։

Մոտիվացիա.

«Ատեքս»-ի դասախոսս՝ Անդրեյ Միլմանը,  բոլորիս ասում էր, որ կարեւորը  նպատակ ունենալն ու դրան հավատալը։  Ոչ ոք չէր հավատում, որ ես այդքան պահանջված կլինեմ ու կհասնեմ նպատակիս, բայց ես մոտիվացված էի ու հավատում էի իմ ուժերին։ Հիմա էլ իմ բոլոր ուսանողներին նախ դա եմ սովորեցնում։ Բոլորն ասում են, թե քայլող մոտիվացիա եմ։

Ըստ իս՝ կապ չունի, որ մարդն ինքնուս է։ Եթե ներսից այդ տաղանդը կա, պարտադիր չէ, որ նա այդ մասնագիտությամբ սովորի, ավարտի։ Ես ոչ ոքի մոտ դիմահարդարում չեմ սովորել, դա իմ ներսից է գալիս։ Իմ սրահի աշխատակիցներին ընտրելիս առաջին հերթին հաշվի եմ առել նրանց ճաշակը։ Շատ են ասում, թե լավ դիմահարդարը պիտի նկարիչ լինի, բայց դա կապ չունի, կարեւորը՝ ճաշակն է։

Նպատակներ

Ծրագրերիս մասին երբեք ոչ ոքի մոտ չեմ խոսում, անգամ ամուսնուս չեմ ասում, միայն ես եմ ու իմ ուժը։  Երբեք կանգ չեմ առնում, միշտ փորձում եմ ամեն ինչ առաջինն անել, բոլորից մի քայլ առաջ լինել։ Ես առաջին հայ դիմահարդարն եմ, ով արտերկրում սեմինար է անցկացրել եւ հիմա էլ աշխարհի տարբեր երկրներում վարպետության դասեր եմ տալիս։ Կան մարդիկ, ովքեր մեծ հեղինակություն են դիմահարդարման ոլորտում, ունեն իրենց սեփական ոճը, որը ներդրել են մեր ասպարեզում,  միշտ ձգտում եմ նրանց մոտ անհատական դասերի գնալ։ Եղել եմ Ջենիֆեր Լոպեսի դիմահարդար Սքոթ Բարինսի անհատական դասին։ Ի դեպ, նա առաջինն է, ով դեռ 2004թ. քոնթուրինգ արեց Քիմ Քարդաշյանին եւ այդպիսով դիմահարդարման այդ տեխնիկան այդքան պոպուլյար դարձավ։

Private դաս եմ ունեցել մի շարք աստղերի դիմահարդար-ոճաբան, մեր  հայրենակցուհի Հրուշ Աճեմյանի մոտ։ Եղել եմ  Քիմ Քարդաշյանի անձնական դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի վարպետության դասին, որի ավարտին հարյուրավոր մասնակիցներից նա հենց ինձ նվիրեց իր դիմահարդարման պարագաներից մեկը։

Երկու ամիս առաջ հանդիպեցի եւ անհատական դաս ունեցա մեր օրերի ամենահայտնի դիմահարդար Սամեր Հուզամիի մոտ։ Շուտով ԱՄն-ում մանսակցելու եմ դիմահարդարման ոլորտում աշխարհի մակարդակով մի շատ կարեւոր միջոցառման, նույն հարթակում եմ լինելու այնպիսի դիմահարդարների հետ, ինչպիսիք են Անաստասիա Բեւերլի Հիլզը, Մարիո Դեդիվանովիչն ու այլոք։

Ագաի ձեռագիրը.

Անուն ձեռք բերելուց հետո շատ դժվար է սանդղակը բարձր պահելը։ Ինչքան էլ հայտնի լինես, բայց եթե անընդհատ նույն բանն անես՝ հաճախորդը հոգնելու է քեզնից։ Բարձր վարկանիշս պահում եմ իմ հետաքրքրությամբ, որպեսզի հետաքրքրությունս չկորցնեմ այս աշխարհից, հետո նաեւ մյուսներն ինձնից։ Ես դուրս եմ ստանդարտներից։ Դիմահարդարում եմ այնպես, որ հաճախորդին դուր գա, իրեն ավելի գեղեցիկ զգա։ Չեմ նկարում աչքերի ստվերը, ես զգում եմ, թե ինչ ձև պետք է ունենա կոնկրետ մարդու դեմքը դիմահարդարումից հետո: Այդ է պատճառը, որ կարող եմ հանգիստ բոլորին սովորեցնել տեխնիկա: Ամեն մարդ միևնույն է իր ուրույն ձևով է զգալու այն: Հենց այդ զգացումն է, որ ինձ ինքնավստահ է դարձնում:

Ինչպես լավ դիմահարդարին տարբերել ոչ պրոֆեսիոնալից.

Երբ անում ես այն, ինչ մեկն արդեն արել է,  մտնում ես շաբլոնի մեջ։ Ուսանողներիս առաջինը սովորեցնում եմ մարքեթինգի կանոնները, դրա համար էլ բոլոր շրջանավարտներս ասում են՝ Ագայի մոտ առաջին հերթին կյանքի դպրոցն ենք ավարտում։ Հաճախորդը պիտի տարանջատի քեզ,  միայն դիմահարդարելով չէ,  պիտի շփման կուլտուրա ունենաս, քեզ ճիշտ մատուցես, որպեսզի  հաճախորդի մոտ վստահություն ներշնչես, նոր վերջում ցույց տաս արվեստդ։

Փաստեր, որոնք գուցե չգիտենք Ագայի մասին.

Օրս սկսում եմ մեկ գավաթ շամպայնով ու սուրճով։ Այո այո, ամեն առավոտ ես շամպայնի շիշ եմ բացում, թեկուզեւ չեմ խմում, բայց շամպայնը տոնի հետ է առնչվում, իսկ ես իմ յուրաքանչյուր օրս տոն եմ դարձնում։ Այսքան զբաղված լինելով՝ այցելում եմ մարզասրահ, հաճախում բոքսի, յոգայի։  Որքան էլ զբաղված լինեմ, երբեք չեմ մոռանում ընտանիքիս մասին։ Որքան էլ ուշ վերադարձած ու հոգնած լինեմ, առավոտյան շուտ եմ արթնանում, երեխաներիս նախաճաշ պատրաստում, հետեւում եմ տան մաքրությանը։ Շատերին թվում է, եթե հայտնի ես, ուրեմն դժվար տանը լավ կին լինես, բայց ես ապացուցում եմ, որ կարող ես հասցնել ամեն ինչ. լինել խնամված, ունենալ լավ ընտանիք ու սեփական գործ։

Սխալներ, որոնք հայ աղջիկներն անում են դիմահարդարվելիս.

Աշխատում եմ շատ չֆիքսվել ու չուսումնասիրել հայ աղջիկների դիմահարդարման սխալները, որովհետեւ երբ պրոֆեսիոնալի աչքով ես նայում, շատ բաներ ես նկատում։ Կա մի փաստ, որն ինձ համար տարօրինակ է. չխնամված մաշկը կոծկում են տոնային քսուկով, դա նույնն է, ինչ կեղտոտ մարմնին  օծանելիք ցանես։ Հիգիենան ինձ համար առաջնային է։

«Աստղաբախական» գների մասին.

Շատերը մտածում են, թե իմ իմիջ կենտրոնում դիմահարդարումը շատ թանկ է, բայց դա այդպես չէ։ Մենք աշխատում ենք շատ թանկարժեք պարագաներով, բայց դիմահարդարում շատ հասանելի գնով։ Միշտ սովոր եմ աշխատել բարձրորակ նյութերով։ Երբ  տարիներ ատաջ գումար էի վաստակում  հոնքեր ձեւավորելով, աշխատածս գումարով թանկարժեք դիմահարդարման պարագաներ էի գնում։ Ճիշտ է, կարելի է վատ նյութերով էլ գեղեցիկ դիմահարդարում ստանալ, բայց դիմահարդարումն այդպիսով երկար չի մնա, մաշկն էլ կվնասվի։

2019-ի թրենդները.

Նորաձեւությունն արդեն մի քանի տարի է՝ դինամիկ է դարձել, առանց խիստ սահմանափակումների։ Այս տարի նորաձեւ են կորալ գույնի շրթներկերը, թրենդային է ոսկեգույնը, մոխրագույն-շագանակագույնը։ Ինչ վերաբերում է տոնային քսուկին, ապա այն պետք է մաքսիմալ քիչ լինի, քանի որ նորաձեւ է մաքսիմալ թարմ ու բնական մաշկը։  Շարունակում է թրենդային մնալ գլիտերը, աչքի ասիմետրիկ սլաքները, գունավոր սլաքները,  սեւ սլաքները՝ վրան տարբեր երանգների գլիտերներով։ Օրինակ, Ամանորին կարող եք անել սեւ սլաքներ՝ գունավոր գլիտերով։

Ագայի խորհուրդը կանանց.

Որքան էլ աշխատեք, մի մոռացեք ձեր խնամքի մասին։ Հիշեք որ  կին ենք, ամեն ինչի համար էլ ցանկության դեպքում կարելի է ժամանակ գտնել։ Եթե կինն իրեն խնամված ու գեղեցիկ է տեսնում, օրը լավ է անցնում, դրական էներգիա է ունենում, որն էլ փոխանցում է իր շրջապատին։

Լուսանկարիչ՝ Մարատ Կարապետյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...