Շատերն էին ասում, թե բիզնես սկսելը բարդ գործ է, բայց դա ինձ չկանգնեցրեց. «Գինկո»-ի հիմնադիր Լուսինե Հայրապետյան

Իրենց սեփական բիզնեսը հիմնած ու դրանում հաջողության հասած երիտասարդ կանայք Հայաստանում օրեցօր ավելանում են: Wnews.am-ը, որպես ամենականացի կայքը Հայաստանում, պարբերաբար ներկայացնում է հարցազրույցներ հաջողակ հայուհիների հետ: Մենք հավատում ենք Power of Women շարժմանը և մեր հայրենակցուհիների օրինակով հաստատում այն

Լուսինե Հայրապետյանը նրանցից մեկն է. երիտասարդ, նպատակասլաց կին, ով Գերմանիայում ուսանելուց ու աշխատելուց հետո Հայաստան վերադարձավ և հիմնեց «Գինկո»-ն՝ որն այսօր դարձել է Հայաստանի առաջատար լեզվի կենտրոններից մեկը և թերևս միակը, որտեղ գործում են մասնագիտացված անգլերենի դասընթացներ:

Wnews.am-ին տված հարցազրույցում Լուսինե Հայրապետյանը պատմել է լեզվի կենտրոնի հիմնադրման, դրանում դասավանդվող ուսումնական ծրագրերի, սեփական գործն ունենալու դժվարությունների և առավելությունների մասին։

Լուսինե, ե՞րբ եւ ինչպե՞ս հիմնեցիք «Գինկո» լեզվի կենտրոնը։

-«Գինկո»-ն հիմնել եմ 2016 թվականին, երբ նոր էի վերադարձել Գերմանիայից, որտեղ Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանում մագիստրոսական կուրսեր էի ուսանում։ Լեզվի կենտրոն հիմնելու գաղափարն ինձ մոտ վաղուց էր հասունացել, իսկ մեկ տարի Գերմանիայում աշխատելով որպես պրոֆեսոր Վոլկեր Գասթի օգնական՝ հասկացա, որ Հայաստանում ակադեմիական կրթությունը մի փոքր հեռու է միջազգային ստանդարտներից, ուստի պետք է մեր կրթական մակարդակն էլ հասցնել դրան։

Հայաստան վերադառնալուց մի քանի ամիս անց բացեցի կենտրոնը: Այդ ժամանակ արդեն դասախոսում էի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում և ձեւավորել էի «Գինկո»-ի հետ կապված իմ տեսլականը. բացել ոչ թե պարզապես հերթական լեզվի ուսուցման կենտրոն, այլ վայր, որտեղ կունենանք ուսուցման հանդեպ խորը ակադեմիական մոտեցում:

Այդ ժամանակ շրջապատումս շատերն էին ասում, թե  Հայաստանում լեզվի կենտրոնները շատ են, ուսուցման տարբեր մեթոդներ կան, և առհասարակ բիզնես սկսելը բարդ գործ է, բայց դա ինձ չկանգնեցրեց։ Ես վստահ էի, որ եթե ստեղծեմ մի վայր, որն իրոք կհամապատասխանի պրոֆեսիոնալիզմի նորմերին, ապա այն կառանձնանա ու իր ուրույն տեղը կգտնի այս ոլորտում։ Բարեբախտաբար, քրտնաջան աշխատանքի շնորհիվ, դա ինձ հաջողվեց։

Արդյո՞ք կենտրոնն այնպիսին է, ինչպիսին պատկերացնում էիք։

-Ես խստապահանջ եմ թե՛ իմ, թե՛ մեր ամբողջ թիմի հանդեպ։ Կարող եմ ասել, որ այո՛, «Գինկո»-ն այնպիսի հիմքերի վրա է, ինչպիսին պատկերացնում էի։ Չնայած դրան՝  այն մշտապես գտնվում է փոփոխությունների մեջ, ինչն ավելի է նպաստում կայուն զարգացմանը։ Փաստացիորեն կարող եմ նշել, որ ամիսներ առաջ՝ սեպտեմբերին, մեր կենտրոնը համալրվեց թարգմանչական բաժնով, որն այս պահին գտնվում է ամուսնուս՝ Արթուր Մեսրոպյանի վերահսկողության ներքո և մեծ պահանջարկ ունի։ Մատուցվում են ինչպես սինխրոն, այնպես էլ գրավոր թարգմանական ծառայություններ։ Կատարում ենք բազմաբնույթ տեքստերի ու փաստաղթղերի թարգմանություններ և իրականացնում տարբեր թեմաների նվիրված համաժամանակյա թարգմանություններ։ Նշեմ, որ «Գինկո»-ում դասավանդվում է ոչ միայն ընդհանուր անգլերեն, այլև գործում են մասնագիտական դասընթացներ՝ մարքեթինգային, հաշվապահական, իրավաբանական, բժշկական, լրագրողական, տնտեսագիտական անգլերեն։ Դրանց զուգահեռ կատարվում են նույն մասնագիտական ուղղությունների թարգմանություններ. այսինքն՝  թարգմանչական բաժինն ու ուսումնական հաստատությունը փոխկապակցված են և լրացնում են իրար։

Որո՞նք են «Գինկո»-ի առավելությունները։

-Մեր կարևորագույն սկզբունքը աշխատանքի հանդեպ պատասխանատու մոտեցումն է. յուրաքանչյուր սանի գիտելիքի դասավանդման որակի հսկողությունը կենտրոնում միշտ առաջնային է։ Երկրորդ, մեզ մոտ դասավանդման պրոֆեսիոնալ մթնոլորտ է։ Այսօր մենք ունենք 60 տարեկանից բարձր ուսանողներ՝ իրավաբաններ, հաշվապահներ, բժիշկներ, ովքեր խստապահանջ են ուսման հարցում, բազմակողմանի զարգացած և ընտրել են հենց մեր կենտրոնը։ Սա շատ պարտավորեցնող է: Միևնույն ժամանակ աշխատանքը երիտասարդ մենեջերների, տարբեր կազմակերպությունների տնօրենների ու աշխատակիցների հետ, մեզ պահում ուսումնական թրենդներին շատ մոտ, որովհետեւ գործ ունենալով խստապահանջ ուսանողների հետ, ովքեր ունեն պրոգրեսիվ մտածելակերպ՝ մեզ վրա մեծ պատասխանատվություն ենք զգում ապահովելու համարժեք կրթական որակ։

Ովքե՞ր են դասավանդում կենտրոնում։

-Չեմ կարող չնշել, որ լավ մասնագետներ գտնելը «Գինկո»-ի ստեղծման դժվարություններից էր։ Իմ նպատակներից էր գտնել մասնագետներ, ովքեր կունենան նույն գաղափարախոսությունը, ինչ ես և իրենց պրոֆեսիոնալիզմով մոտ կլինեն այն նիշերին, որոնք ես դնում եմ մեր առջև։ Սակայն այստեղ բախվում ենք մեր աշխատաշուկայի հիմնական խնդրին, երբ ունենք բուհերն ավարտած ու դիպլոմ ստացած մասնագետների մեծ քանակ, որոնցից հազվագյուտներն են համապատասխանում իրենց դիպլոմում նշված որակավորմանը: Արդյունքում երբեմն մեկ թափուր աշխատատեղի համար հարյուրից ավելի դիմումներ ենք ստանում, որոնցից հարցազրույցի արդյունքում ընտրվում են տասը, իսկ տասից երբեմն աշխատանքի է անցնում մեկը։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում աշխատանք փնտրողները շատ են, սակայն քչերն են պատրաստ այն կատարել բարձր մակարդակով։ Հպարտությամբ կարող եմ փաստել, որ «Գինկո»-ում աշխատում են առաջնակարգ մասնագետներ, ովքեր մեր պահանջներին համապատասխանում են եւ’ գիտելիքներով, եւ’ մեծ պոտենցիալով, որովհետեւ մենք կարեւորում ենք մարդու ինքնազարգացման ձգտումը։

Խոսենք դասապրոցեսի մասին, ի՞նչ ծրագրերով է իրականացվում ուսուցում, քանի՞ անդամով է սովորաբար անցկացվում խմբակային դասընթացը։

-Փորձը ցույց է տալիս, որ մենք կարողանում ենք դասապրոցեսը կազմակերպել այնպես, որ տարիքային յուրաքանչյուր խմբի համար դասն անցնի հետաքրքիր ու ակտիվ մթնոլորտում։ «Գինկո»-ն համագործակցում է բազմաթիվ արտասահմանյան հրատարակչությունների հետ, շատերի հետ Հայաստանում առաջինը մենք ենք սկսել համագործակցել, ուստի նրանց ծրագրերը միայն մեզ մոտ են դասավանդվում։ Անգլերենի ուսուցման կուրսերը հագեցած են, մենք դրանք մշակում ենք մի քանի փուլերով, տարբեր կողմերից դիտարկում դրանց արդյունավետությունը ու միայն դրանից հետո ներառում մեր դասապրոցեսում։

Յուրաքանչյուր դասի տեւողությունը մեկուկես ժամ է։ Խմբերը մեծ չեն լինում, սաների առավելագույն քանակը մեկ խմբում՝ հինգ կամ վեց հոգի է. այսպիսով մասնագետը կարողանում է բոլորին ուշադրության կենտրոնում պահել։ Նշեմ, որ ունենք նաեւ անհատական դասընթացներ, որոնց ժամանակ ուսուցանվում է ինչպես մասնագիտական, այնպես էլ ընդհանուր անգլերեն։

Արդյո՞ք «Գինկո»-ի սաներին տրվում է վկայական։

-Այո, մենք հանձնում ենք հավաստագիր, սակայն, ծանոթ լինելով ոլորտին, կարող եմ ասել, որ Հայաստանում չարաշահվում է հավաստագիր տալու փաստը։ Մեզ համար կարեւորագույն չափանիշը մեր սաների առաջադիմությունն ու հաջողությունն է իրենց գործունեության ոլորտներում։ Մեր ուսանողներից շատերը բարձր առաջադիմությամբ միջազգային քննություններ են հանձնում, սովորում առաջատար դպրոցներում, անգլերենով փայլուն ելույթներ ունենում արտասահմանյան գիտաժողովների, գործուղումների և կոնֆերանսների ժամանակ, և սա մեզ համար վեր է ցանկացած հավաստագրից։

Աշխատող մարդկանց համար բավական դժվար է ժամանակ հատկացնել տնային հանձնարարություններին։ Արդյո՞ք հնարավոր է լեզուն սովորել առանց տնայինների։

-«Գինկոն»-ն փաստում է, որ հնարավոր է՝ այն էլ ինչպե՜ս։ Մեզ մոտ, որպես ակադեմիական ուսուցման կենտրոն, մասնագիտացված անգլերենի և ընդհանուր անգլերենի դասընթացներն անցկացնում են առանց տնային հանձնարարության։ Մենք ապացուցեցինք, որ հնարավոր է ունենալ մասնագիտական խորը գիտելիքներ և տիրապետել անգլերենին, առանց տնային հանձնարարությունների:

Ասացիք, որ թարգմանչական բաժինը ղեկավարում է Ձեր ամուսինը, արդյո՞ք հեշտ է ամուսիններին նույն ոլորտում աշխատելը, աշխատանքային կոնֆլիկտներ չե՞ն առաջանում։

-Մեր աշխատանքային առօրյան այնքան հագեցած է անցնում, որ թեկուզև նույն վայրում աշխատելով, իրար հետ քիչ ենք հասցնում շփվել։ Ես իրականում, շատ ուրախ եմ, որ մենք միասին ենք աշխատում, որովհետեւ մեր բնույթով մոտ ենք իրար, մեկս մյուսին լավ ենք հասկանում, նույն նպատակներն ու տեսլականն ունենք և սիրով ենք անում մեր աշխատանքը։

Դուք բավականին երիտասարդ եք եւ արդեն իսկ մի ամբողջ թիմ եք ղեկավարում, դա Ձեզ հե՞շտ է տրվում։

-Չէի ասի, թե դժվար է, պարզապես փորձում եմ աշխատակիցների հետ հարաբերությունները պահել պրոֆեսիոնալ շեմի վրա, մեր հարաբերությունները կարող են ընկերական լինել կենտրոնից դուրս, իսկ «Գինկո»-ում մենք միայն գործընկերներ ենք, ովքեր պետք է պատասխանատու վերաբերվեն իրենց գործին, որպեսզի կարողանանք առավելագույն արդյունքի հասնել։

Ինչու՞ «Գինկո», ինչպե՞ս ընտրեցիք անվանումը։

-Ինձ այդ հարցը շատ են տալիս, չգիտեմ, Հայաստանում գուցե միայն բժիշկներն ու կենսաբաններն են տեղյակ, որ գինկոն ծառի տեսակ է։ Գերմանիայում ուսանելու տարիներին այգիներում շատ էի հանդիպում այդ ծառին, այնտեղ այն շատ տարածված ու սիրված է, խորհրդանշում է իմաստություն և եղել է Գյոթեի սիրած ծառը։ Գինկոյի ծառի պտուղներից տարբեր դեղամիջոցներ են պատրաստում, որոնք նպաստում են ուղեղի աշխատանքին և հիշողության վերականգնմանը: Այս ամենից զատ, ինձ թվաց, որ գինկոյի տերևը շատ գեղեցիկ տեսք ունի և ի վերջո ես որոշեցի, որ հենց այդպես էլ կանվանեմ իմ կենտրոնը:

Որպես մարդ, ով արդեն երեք տարի է ղեկավարում է լեզվի ուսուցման մասնագիտացված կենտրոն, բացի այդ դասավանդել է նաեւ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, կարո՞ղ եք գնահատել հայաստանյան կրթական ոլորտը, ի՞նչ թերություններ, բացթողումներ եք նկատում։

-Ըստ իս, կրթական ոլորտում լճացում է, և մենք ունենք շատ լուրջ խնդիրներ, որոնց վաղուց ժամանակն է առերեսվելու: Ցավոք, կարծում եմ մեզ վիրահատական միջոցներ են անհրաժեշտ, որովհետև կոսմետիկ փոփոխություններով հարցերը չեն լուծվի: Խնդիրները կարելի է բաժանել մի քանի մասի: Մի կողմից ԲՈՒՀ-երի դասախոսների չափազանց ցածր աշխատավարձերն են, ինչը ստիպում է, որպեսզի շատ բարձրորակ մասնագետներ խուսափեն ԲՈՒՀ-երում դասավանդելուց, իսկ մնացած սակավաթիվ բարձրակարգ դասախոսները ստիպված են իրենց դասախոսական աշխատանքից զատ երկու-երեք այլ գործեր անել, ինչի արդյունքում օբյեկտիվորեն ընկնում է նաև նրանց արդյունավետությունը և մոտիվացիան: Մյուս կողմից մեր բուհական և դպրոցական ծրագրերը տասնամյակներով չեն թարմացվում, հետ են աշխարհի գիտական տեմպից, նոր պահանջներից, նոր ուսումնասիրություններից ու նոր տեսություններից: Հաջորդ խնդիրն այն է, որ ԲՈՒՀ-երում չկա ուսանողների ֆիլտրացիա. պարզ ասած քանի ուսանող ընդունվում է, գրեթե նույքան թվով էլ ավարտում են, այսինքն՝ ուսանողը գիտի, որ եթե ընդունվել է ԲՈՒՀ, ապա այսպես թե այնպես ավարտելու է և որևէ ջանք չի գործադրում իրոք սովորելու համար, որպեսզի դուրս չմնա։ Մեկ այլ խնդիր է դասախոսների, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման հարցը: Շատ դասախոսներ, ուսուցիչներ տասնամյակներով շփում չունեն արտասահմանյան գործընկերների հետ և քիչ են տեղեկացված ոլորտի փոփոխություններից, ինչի արդյունքում իրենց որակավորմամբ չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: Այս լճացումը գալիս է դպրոցներից, հասնում բուհեր ու դրան հաջորդող աշխատաշուկա: Արդյուքնում կրթական գործընթացի ամբողջ ծանրությունն ընկնում է մի քանի նվիրյալ մասնագետների ուսերին, ովքեր այսօր ուսումնական ոլորտում աշխատում են ի շահ երկրի, նոր սերնդի՝ փորձելով շտկել բացթողումները։

Արդյո՞ք «Գինկո»-ի մասնագետները վերապատրաստվում են։

-Մեր կենտրոնում պահանջ է դրված աշխատանքային ընթացքին զուգահեռ վերապատրաստումներ անցնել, ուսումնասիրել նոր ուսուցողական մեթոդներ, նոր դասագրքեր ու ձեռնարկներ. այսինքն՝ մեզ մոտ վերապատրաստման գործընթացը շարունակական է։ Որպես այդպիսին երկու կամ երեքամասյա վերապատրաստման փոխարեն մենք նախընտրում ենք շաբաթական ինտենսիվ կարճաժամկետ վերապատրաստումները, որոնք ավելի զգոն են պահում մասնագետներին, չեն կտրում աշխատանքային ընթացքից։

Խոսենք Ձեր մասին։ Ի՞նչ հետաքրքրություններ ունեք աշխատանքից դուրս։

-Աշխատանքից դուրս փորձում եմ սպորտով զբաղվել, հետաքրքրվում եմ ժամանակակից արվեստով, սիրում եմ երաժշտություն և առիթի դեպքում գնում եմ ջազ երեկոների, հաճախ նաեւ կինո, թատրոն… մի խոսքով արվեստի սիրահար եմ։ Սիրում եմ նաև ընթերցել, վերջին կարդացածս գիրքը, Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակներ» վեպի վերընթերցումն էր։

-Որպես սեփական գործում հաջողության հասած երիտասարդ կին ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ևս ցանկանում են հիմնել իրենց գործը։

-Խոստովանեմ, որ «Գինկո»-ն հիմնադրելու ընթացքում բազմաթիվ դժվարություններ եմ ունեցել։ Ամենահետաքրքիրն այն էր, որ հաճախ գալիս էին կենտրոն ու չէին սպասում, որ տնօրենը 24-ամյա երիտասարդ աղջիկ է, մի քանի անգամ հարցնում էին կենտրոնի բուն տնօրենին… ես դրան թեթև ժպիտով էի արձագանքում՝ գիտակցելով, որ մեր հասարակության մեջ ամրացած չէ այն միտքը, որ երիտասարդ կնոջը կարելի է տեսնել հիմնադիր տնօրենի կարգավիճակում։ Դա նկատում եմ նաև թղթաբանական հարցեր լուծելիս, երբ պետական կառույցներում բազմաթիվ տղամարդիկ զարմացած հայացքներ  են նետում՝ տեսնելով, թե ինչպես եմ այս կամ այն հարցը կարգավորում։ Այս ամենն ինձ համար նաև հաճելի է, չէ որ մեր գործունեությամբ Հայաստանում որոշակի մտածելակերպ ենք փոխում։

Բոլորին խորհուրդ կտամ ինքնուրույնություն դրսեւորել։ Երբ նոր էինք սկսում «Գինկո»-ի գործունեությունը, հայտարարություն տալուց մի քանի օր անց այլ ուսումնական հաստատությունների կողմից նկատում էինք մեր հայտարարությունների, կուրսերի անուղղակի պատճեններ, դրանց թեթև էի վերաբերում, որովհետեւ զգում էի, որ մեր գործունեությունը նպաստում է դաշտի զարգացմանը, քանի որ անում ենք այնպիսի բաներ, որ մյուս կենտրոնները նկատում են եւ փորձում կրկնել։

Մյուս խորհուրդս է ճիշտ գնահատել ներուժը, լինել համարձակ, բայց միաժամանակ նաև պատասխանատու, չէ՞ որ ցանկացած թեթեւ թվացող երազանքի հետեւում կա մեծ աշխատանք, բազմաթիվ դժվարություններ, անկանխատեսելի խնդիրներ։

Որո՞նք են սեփական գործն ունենալու թերություններն ու առավելությունները։

-Որպես թերություն կարող եմ ասել, որ դու աշխատում ես օրը 24 ժամը, որովհետեւ քո միտքն անընդհատ մտածում է աշխատանքի ուղղությամբ, գրեթե ոչ արձակուրդ ես ունենում, ոչ աշխատանքային լիարժեք դադար։ Առավելություններից է ինքնադրսևորման հոգեհարազատ հարթակը, որտեղ կարող ես դրսևորել գիտելիքներդ և չկան կաշկանդող գործոններ։ «Գինկոյի» միջոցով ես փորձում եմ ռեալիզացնել իմ ամբողջ ներուժը, այն ինձ հնարավորություն է տալիս իրագործելու իմ երազանքները և իմ համեստ ներդրումն ունենալու անգլերենի ուսուցման գործում:

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...