Բժիշկ Միքայելի խորհուրդները կորյակային հիվանդության բուժման եւ կանխարգելման մասին

  • Ի՞նչ է կորյակային հիվանդությունը:

Կորյակային հիվանդությունը ճարպագեղձերի և մազային ֆոլիկուլների ախտահարումով ընթացող հիվանդություն է: Այն, կախված իր կլինիկական դրսևորման բազմազանության և տարբեր տարիքային խմբերում դրսևորվելուց, շարունակում է մնալ արդիական՝ գրավելով մաշկաբանների ուշադրությունը: Կորյակային հիվանդությանը բնորոշ է կոմեդոնների, հանգուցիկային և թարախաբշտիկային ցանավորման, ինչպես նաև հանգույցների և կիստոզ խոռոչների առաջացումը: Հիվանդության էֆեկտիվ բուժումը ներառում է անհատական և կոմպլեքսային մոտեցումների միաժամանակյա իրականացում:

  • Հիվանդության տարածվածությունը:

Հիվանդությունը գործնականում հանդիպում է տարիքային բոլոր խմբերում, սակայն առավել հաճախ հանդիպող տարիքային խմբերը երկուսն են՝ 12-24 և 25-35: Առաջինի պարագայում այսպես կոչված պատանեկան ակնեի շրջանն է և բոլոր դեպքերի մոտ 90%-ն է: Կորյակային հիվանդությունը պատճառում է կոսմետիկ և էսթետիկ դիսկոմֆորտ, հիվանդները հաճախ կոմպլեքսավորվում են, որն ավելի վառ դրսևորվում է երիտասարդ աղջիկների մոտ:

  • Հիվանդության առաջացման պատճառները և նպաստող գործոնները:

Հայտնի են 4 հիմնական գործոններ, որոնք հանգեցնում են կորյակային հիվանդության զարգացմանը՝

  1. ճարպագեղձերի գերֆունկցիան,
  2. ֆոլիկուլյար ապարատի եղջրացման խնդիրներ,
  3. պրոպիոնային բակտերիաների (Propionibacterium acnes) գերբազմացում,
  4. բորբոքային գործընթաց:

Իհարկե, թվարկված 3 գործոնները առ ոչինչ կլինեին առանց բորբոքային գործընթացի, որը և ստեղծում է հիվանդության պատկերը:

Հիվանդության առաջացմանը նպաստում են ներքին և արտաքին գործոնները: Որպես ներքին գործոններ՝ դիտարկվում են արյան մեջ տեստոստերոնի մակարդակը, մարսողական համակարգի վիճակը (գաստրիտ, դիսբակտերիոզ և այլն), նյարդային տևական լարվածությունը՝ սթրեսը, իմունային համակարգի տեղաշարժերը և այլ: Արտաքին գործոնների շարքին են դասվում կոսմետիկան, խոնավ և տաք կլիման, արևը և ուլտրամանուշակագույն ճառագայթները, թունավոր նյութերի հետ շփումը (մասնագիտական բերումով), թարախաբշտիկների մեխանիկական վնասումը (դրանց սեխմումը՝ որպես ինքնաբուժման սխալ մեթոդ), մաշկին կիպ սեխմող իրերի կրելը (օրինակ՝ օձիգի, ակնոցների մաշկին հպման տեղերում), որոշ դեղորայքի կիրառումը (օրինակ՝ հորմոնալ դեղորայքը), հիգիենայի չարաշահումը (մաշկի բնական ֆլորայի վնասում, չափից առավել չորացում, պաշտպանական գործառույթների թուլացում):

 

  • Հիվանդության ախտանշանները:

Ի սկզբանե ի հայտ են գալիս փակ և բաց կոմեդոններ, որոնք մատնանշում են մաշկում տեղի ունեցող ֆիզիոլոգիական գործընթացների տեղաշարժի մասին: Մի շարք գործոնների ազդեցության տակ փակ կոմեդոնները բորբոքվում են և վերածվում հանգույցիկների և թարախաբշտիկների: Ախտաբանական գործընթացը տեղի է ունենում ճարպամազային ֆոլիկուլներում: Արդյունքում դրանք պատռվում են և պրոցեսը տարածվում է հարևան հյուսվածքներ՝ ձեռք բերելով տարածուն բնույթ: Հիվանդությունը ըստ կլինիկական ընթացքի լինում է թեթև, միջին, ծանր և կայծակնային: Ցանային տարրերը կարող են առաջանալ ինչպես դեմքի մաշկին, այնպես էլ կրծքավանդակին, մեջքին, պարանոցի կողմնային և բազուկների մաշկին:

Կայծակնային ընթացքի ժամանակ ցանավորումը ի հայտ է գալիս անսպասելիորեն, լինում է առատ, շատ հաճախ ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, հոդացավերով և մկանացավերով: Խոշոր թարախաբշտիկների տեղերում, շատ հաճախ, մնում են սպիական լավացման հետքեր, որոնք և դառնում են հետագա խնդրո առարկա՝ ստեղծելով մաշկի անատոմիական տարատեսակ անհարթություններ: Բորբոքային գործընթացի հետագա խորացման պարագայում կարող են ի հայտ գալ խոշոր բորբոքային հանգույցներ, որոնց տեղերում հետագայում կարող են մնալ կիստոզ խոռոջներ՝ ընդգրկելով մաշկի առավել խորը շերտերը՝ բուն մաշկը և ենթամաշկային ճարպաբջջանքը:

կորյակային հիվանդությունից հետո առաջացած մաշկային անհարթություններ

 

  • Ի՞նչ է խորհուրդ տալիս բժիշկ Միքայելը:

Նախևառաջ պետք է ապահովել մաշկի գրագետ խնամքը: Կորյակային հիվանդության ի հայտ գալու դեպքում գեղեցիկ սեռին խորհուրդ է տրվում ժամանակավորապես հրաժարվել կոսմետիկ միջոցներից, վերափոխել սննդակարգը՝ հրաժարվել արագ սննդից, տապակած, կծու, թթու և աղի չարաշահումից (հնարավորինս նվազեցնել օրական չափաբաժինը), առհասարակ զերծ մնալ շոկոլադից և քաղցրավենիքից (մոտ 3 ամիս), ինպես նաև շաքար պարունակող բոլոր տեսակի ընպելիքներից (զովացուցիչ գազավորված ըմպելիքներ և այլն), հարկավոր է նաև նվազեցնել ալրային սննդամթերքը (հաց, մակարոնեղեն և այլն): Անձնական հիգիենայի տեսանկյունից հարկավոր է հաճախակի լվանալ ձեռքերը (կորյակային հիվանդության ժամանակ հիվանդները հաճախ են դիպչում դեմքի մաշկին), դեմքի համար նախատեսված սրբիչները փոխել ամեն օր (ցանկալի է դեմքը լվանալուց հետո այն չորացնել հիգիենիկ անձեռոցիկներով կամ թողնել՝ ինքնուրույն չորանա): Հնարավորինս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ հատկապես ցերեկային ժամերին, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթները առավել ինտենսիվ են: Վնասակար սովորույթների մասին խոսելը, կարծում եմ կրկնակի տեղին է, քանզի ալկոհոլը, նիկոտինը և այլ տեսակի տոքսիկ նյութերը միմիայն թուլացնում են մեր մաշկի կենսական ուժերը՝ հարմար պայմաններ ստեղծելով տարատեսակ հիվանդությունների ի հայտ գալու համար:

Եվ այսպես, եթե հիվանդությունն արտահայտված է աննշան (եզակի՝ 2-3 թարախաբշտիկներ, ընդհանուր բորբոքային ֆոնի բացակայություն, ցանային տարրերի տարածման բացակայություն և այլն), ապա վերը թվարկված միջոցները օգտակար կլինեն մաշկի բնական և առողջ տեսքը վերականգնելու համար: Մնացած բոլոր դեպքերում, երբ առկա են տարածուն ցանավորում, բորբոքային արտահայտված ֆոն, և թարախաբշտիկները առաջանում են մեկը մյուսիի ետևից՝ տարածման հակվածությամբ, ապա անհապաղ պետք է դիմել մաշկաբանին, քանի որ նման դեպքում բուժումը պետք է ներառի արտաքին և ներքին օգտագործման դեղորայք, որոնք հիվանդը պետք է ստանա տևական ժամանակահատված (միջինում 2-3 ամիս): Տևական և համբերատար բուժման պարագայում գրեթե միշտ հաջողվում է վերականգնել մաշկի էսթետիկ գեղեցիկ և առողջ տեսքը:

Կորյակային հիվանդության բուժումից հետո երբեմն, երբ հիվանդությունը խիստ է արտահայտված լինում, մնում են մաշկային անհարթություն ստեղծող տարատեսակ երևույթներ՝ սպիներ, փոսիկներ, պիգմենտացիոն տարատեսակ խնդիրներ և այլն, որոնք, իհարկե, ունեն լուծման իրենց մեթոդները: Այդ մեթոդներից են ֆրակցիոն լազերային, կարբոնային, քիմիական և այլ տեսակի փիլինգները, մաշկի կոլագենային և էլաստիկ շարակցական թելերի համամասնությունը կարգավորող արտաքին դեղորայքը և այլ տեսակի կոսմետիկ-թերապևտիկ միջոցներն ու մեթոդները, որոնց մասին խոստանում ենք ներկայացնել հաջորդ հոդվածում:

 

  • Եզրակացություն

Այսպիսով, հիվանդությունն ի հայտ է գալիս բազմաթիվ գործոնների ազդությամբ և բուժման է տրվում համառորեն՝ հիվանդից պահանջելով համբերատարություն և հետևողականություն:

Եղե՛ք առողջ:

Հիշեցնենք, որ բժիշկ Միքայելը աշխատում է «Մեդեսի» էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կլինիկյում (Դավիթաշենի կամրջի հարևանությամբ):

 

Կոնտակտային տվյալներ.

աշխատանքային հեռ.: 099-09-10-90

էլ.հասցե: [email protected]

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...