Անսահման երջանկանում եմ, երբ տեսնում եմ, որ հիվանդն աշխարհի չափ շնորհակալ է ինձ. Ելենա Մալայան

Ականավոր ակնաբույժ Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Հայաստանում առաջինն է, որտեղ սկսած 2001 թվականից կատարվում են տեսողության շտկման լազերային մեթոդով վիրահատություններ։ Հատկանշական է, որ Սերգեյ Մալայանի թոռնուհին՝ Ելենա Մալայանը, առաջիններից էր, ով Հայաստանում սկսեց կատարել նման վիրահատություններ՝ այդպիսով երջանկացնելով, աչքի լույս պարգեւելով հազարավոր մարդկանց։

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հարցազրույցների շարք իրենց կյանքում եւ աշխատանքում հաջողությունների հասած կանանց հետ։ Մեր զրուցակիցը  Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանն է։

-Տիկի’ն Մալայան, Ձեր պապը ակնաբուժության ոլորտի ականավոր գործիչ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Սերգեյ Մալայանն է, հայրը՝ հայտնի ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, կարելի՞ է ասել, որ ակնաբույժի մասնագիտության ընտրությունը Ձեր դեպքում պարտադրողաբար է եղել։

-Ոչ, մասնագիտությանս ընտրությունը ստիպողաբար չէր. քույրս՝ Զառա Մալայանը, ով «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ի ընդհանուր գծով փոխտնօրենն է, մասնագիտությամբ ակնաբույժ չէ. այսինքն՝ ծնողներս երբեք չեն պարտադրել, որ մենք ընտրենք բժշկի մասնագիտությունն ու շարունակենք ընտանեկան ավանդույթը։ Միեւնույն ժամանակ ինքս իմ մեջ երբեք չեմ քննարկել ու ընտրության առջեւ չեմ կանգնել՝ լինել բժիշկ, թե, օրինակ, ուսուցչուհի, միշտ վստահ եմ եղել, որ պետք է բժիշկ դառնամ։ Այլ հարց է, որ ակնաբույժ դառնալու որոշմանս մեջ մեծ դերակատարում է ունեցել ընտանիքս, տանն առկա բոլոր գրքերը, խոսակցությունները…Մասնագիտությանս ընտրության հարցում երբեւէ չեմ փոշմանել, որովհետեւ շատ եմ սիրում աշխատանքս։

-Ո՞րն է Ձեր ամենահիշարժան վիրահատությունը։

-Հիշում եմ, երբ հայրս առաջին անգամ ինձ վստահեց հիվանդի աչքից հեռացնել օտար մարմին։ Հիմա եմ հասկանում, որ դա շատ պարզ գործողություն էր, բայց այդ ժամանակ ինձ թվում էր, թե աշխարհ եմ շուռ տվել…Վիրահատական միջամտությունից հետո հորս կողմից իմ հասցեին հնչած գովասանքը, իսկ հայրս գովասանքների հարցում մեր հանդեպ սովորաբար զուսպ է,  ինձ յոթերորդ երկինք էր տեղափոխել։

Առաջին ինքնուրույն վիրահատությունս  լազերային տարբերակով էր։ Այդ ժամանակ հասկացա, որ այս վիրաբուժական ուղղության մեջ մենակ եմ՝ առանց հորս աջակցության, եւ կատարածս բոլոր քայլերի, հետեւանքների միակ պատասխանատուն ես եմ։

-Ասացիք, որ Ձեր հայրը՝ ականավոր ակնաբույժ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, ԵՊԲՀ-ի Մ.Հերացու անվան ակնբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը, գովասանքներում շռայլ չէ, իսկ ինչպե՞ս են կարգավորվում ձեր աշխատանքային հարաբերությունները։

-Հարազատի հետ նույն ոլորտում աշխատելը եւ’ մեծ երջանկություն է, եւ’ ահռելի պատասխանատվություն՝ հատկապես, երբ քո նախորդ սերունդներն ունեցել են թնդացող կյանք, եղել են ակնաբուժության հիմնադիրներից։ Հպարտությամբ կարող եմ փաստել, որ Հայաստանում ակնաբուժության սկիզբը դրվել է իմ պապիկի՝ Սերգեյ Մալայանի կողմից, այս հիվանդանոցն էլ ստեղծվել է իր նախաձեռնությամբ։

Հարազատի հետ աշխատանքում պետք է կարողանալ զսպել էմոցիաները, տհաճ իրավիճակում օբյեկտիվ, սթափ դատել, լինել համբերատար։ Նշեմ, որ  աշխատանքում հայրս  երբեք իր հորը չի դիմել «պապա», նույնը սերմանել է իմ մեջ, ես էլ դա փոխանցում եմ դստերս, ով եւս ապագա ակնաբույժ է։

-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում աշխատանքում։

-Կարելի է ասել՝ ամեն ինչը։ Սիրում եմ  մարդկանց հետ շփումը, մեծ հաճույք եմ ստանում այցելուի հետ հաջող կապ հաստատելուց։ Դու կարող ես լինել լավագույն վիրաբույժը, բայց չկարողանաս հիվանդի հետ գրագետ շփում հաստատել, ինչը շատ կարեւոր է։  Մարդիկ տարբեր են, պիտի կարողանաս մտնել նրանց դրության մեջ, փորձել հասկանալ նրանց։ Դա չի ստացվի, եթե չսիրես քո գործը։ Ինձ երբեմն հարցնում են՝ այսքան խոսել կլինի՞, բայց ես դա չեմ զգում, որովհետեւ սիրում եմ մարդկային փոխհարաբերությունները։

-Տպավորություն է, թե բժիշկներն անընդհատ լիցքեր են տալիս, իսկ ինչպե՞ս են իրենք լիցքավորվում։

-Անսահման երջանկանում ու լիցքավորում եմ, երբ տեսնում եմ, որ այցելուն աշխարհի չափ շնորհակալ է ինձ։

-Կպատմե՞ք լազերային շտկման վիրահատության պրոցեսի մասին։

-Վիրահատությունը տեւում է 15-20 րոպե։ Ապաքինման ժամկետը եւս կարճ է՝ առավելագույնը երեք օր անց հիվանդները վերադառնում են իրենց առօրյային՝ արդեն լավ տեսողությամբ։ Վիրահատությունից հետո բարդացումները գրեթե բացառվում են։ Եթե տարիներ առաջ լազերային վիրահատության միջոցով տեխնիկայի պակասի պատճառով  լուծվում էր միայն կարճատեսության հարցը, ապա այժմ վիրահատության միջոցով շտկվում է աչքի օպտիկայի հետ կապված ցանկացած խնդիր։

Ես Հայաստանում առաջիններից էի, ով սկսեց կատարել նման վիրահատություններ։ Անցել է մեծ ժամանակ, տարեց տարի այցելուների քանակն ավելանում է։ Նախկինում հայ ազգը պատրաստ չէր այն մտքին, որ Հայաստանում նման վիրահատությունն արվում է բարձր մակարդակով եւ շատերը լազերային վիրահատություները կատարում էին արտերկրում, իսկ այսօր ընդհակառակը՝ հաճախ հիվանդներ ենք ընդունում Սփյուքից, արտերկրից, ինչն էլ խոսում է  վիրահատության արդյունավետության, վիրահատող բժիշկների պրոֆեսիոնալիզմի մասին։

Հպարտությամբ կարող եմ փաստել, որ բազմաթիվ օտարերկրյա բժիշկներ լազերային վիրահատության վերապատրաստման են գալիս մեր կենտրոն։

-Ասացիք, որ տարիներ առաջ լազերային վիրահատական սարքերով հնարավոր էր կատարել միայն կարճատեսության շտկում, այժմ ի՞նչ սարքավորումներով եք «զինված», արդյո՞ք նույն հարթության վրա եք գտնվում եվրոպական երկրների հետ։

-Այսօր մենք աշխատում ենք Alcon ընկերության սարքերով, որոնց արտադրած վերջին սարքավորումը տեղադրված է մեր վիրահատարանում, այսինքն՝ ոչնչով չենք զիջում եվրոպական երկրներին։

-Եթե դիտարկենք վիճակագրական տվյալները, տեսողության հետ կապված խնդիրները երիտասարդացման միտում ունե՞ն։

-Եթե հաշվի առնենք այն, որ այս դարաշրջանում շատ է կիրառվում տեխնիկան՝ գաջետներ, համակարգիչներ, հեռախոսներ, ապա այո, բայց մյուս կողմից կարճատեսության խնդիրը եղել է դարեր շարունակ։ Օրինակ՝ 90-ականներին հնարավոր չէր գնալ ակնաբույժի մոտ, սոցիալական պայմաններն այնպիսին էին, որ մարդիկ փոքր գանգատի դեպքում բժշկի չէին դիմում։ Հիմա կյանքի լավ պայմանները ստիպում են, որ խնդիրը շուտ հայտնաբերվի։ Միանշանակ համակարգիչները նպաստում են խնդրի շուտ զարգանալուն, բայց տոկոսային առումով տարբերությունը մեծ չէ։ Իհարկե, խնդրի բուն հիմքը ժառանգականությունն է, բայց նպաստող պայմանները՝ տեխնիկան, թերի սնունդը, եւս մեծ դեր ունեն։

-Այս դարաշրջանում դժվար է գործունեություն իրականացնել առանց տեխնիկայի, ինչպե՞ս նվազեցնել դրա բացասական ազդեցությունը տեսողության վրա։

-Պետք է պահպանել ռեժիմ՝ առնվազն 40 րոպեն մեկ մի քանի րոպեով դադարեցնել համակարգչով աշխատանքը, փոխել հայացքը։ Երբ մարդ իր հայացքը երկար ժամանակ մի ուղղությամբ է սեւեռում, լարում է աչքերը, չի թարթում, այդպիսով վնասում է տեսողությանը։Բացի այս կան նաեւ խոնավեցնող կաթիլներ, որոնք ստեղծում են աչքի մակերեսի պաշտպանիչ շերտ։

-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք աշխատանքից դուրս։

-Շատ եմ սիրում շփվել ընկերներիս հետ, տանը ջերմ մթնոլորտում հավաքներ կազմակերպել։ Այսօր սարսափով եմ նկատում, որ փոքրիկ քաղաքում ապրելով՝ մարդկային շփումը կրճատվել է,  երիտասարդները սրճարանում նստած ամեն մեկն իր հեռախոսով է զբաղված։ Իմ տարիքի սերունդը փորձում է հետ բերել անցյալը՝ կարեւորություն տալով կենդանի շփմանը։ Սիրում եմ ճանապարհորդել, լավ էմոցիաներ ստանալ։

-Հիվանդների հետ կապված ի՞նչ զվարճալի դեպքեր կմտաբերեք։

-Հիշում եմ՝ տարիներ առաջ մեր առաջին վիրահատություններից էր, երբ շունչներս պահած հետեւում էինք՝ ինչպես են արձագանքում հիվանդները։ Մի շատ գեղեցիկ աչքերով աղջկա էի վիրահատել, ում մոտ -10 կարճատեսություն էր եւ հաստ ապակով ակնոց էր կրում։ Վիրահատությունից մեկ շաբաթ անց նա ամուսնու հետ ստուգման էր եկել։ Երբ ստուգեցինք ու տեսանք, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, գերազանց արդյունք է գրանցվել, նրա ամուսինը ջղային տոնով հարցրեց՝ բժշկուհի այս ի՞նչ ես արել, կինս ամեն օր նայում է ինձ ու ասում՝ «ես քոռ-քոռ ոնց քեզ հետ ամուսնացա»։

 

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...