Ամեն ճանապարհորդությունից հետո կյանքին նայում եմ էլ ավելի պոզիտիվ հայացքով. «Go Travel»-ի հիմնադիր Լիանա Սահակյան (Photo)

 Գեղեցիկ ու երիտասարդ կին գործարար, «Go Travel» տուրիստական գործակալության հիմնադիր եւ ղեկավար Լիանա Սահակյանը ճանապարհորդությունների մեծ սիրահար է։ Մասնագիտությամբ իրավաբան Լիաննան մի քանի տարի առաջ իր հոբբին վերածեց աշխատանքի և հիմա ամեն օր հաճույքով է աշխատանքի գնում:
Մենք Wnews.am-ում, սիրում ենք գրել այդպիսի կանանց մասին: Նրանք մոտիվացնում են ոչ միայն մեզ, այլև բոլոր մեր այն ընթերցողներին, ովքեր իրենց երազանքն իրականացնելու ճանապարհին են:
Մեր նոր հարցազրույցում Լիանայի հետ զրուցել ենք իր տարերքի, իրականացած երազանքի՝ ճանապարհորդությունների մասին:
-Ի՞նչ է Ձեզ համար ճանապարհորդությունը, ինչու՞ եք հաճախ ճանապարհորդում։
-Ճամփորդելը կյանքի այն կարեւոր ասպեկտներից է, որի շնորհիվ ձեռք ես բերում կյանքի փորձ, գիտելիքներ եւ միեւնույն ժամանակ հաճույք ստանում այդ պրոցեսից։
Ճամփորդելիս ծանոթանում ես նոր մշակույթների հետ, այն միեւնույն ժամանակ քեզ հաղորդում է դրայվ, նոր էմոցիաներ, որը կիրառում ես անձնականում։ Իմ դեպքում հենց այդպես է լինում։
-Ո՞րն է այն վայրը, որտեղ եղել եք ու կրկին կցանկանայիք վերադառնալ։
-Միանշանակ դա Թաիլանդն է։ Այնտեղ ապրում են բուդդիստներ, ովքեր աշխարհի ամենաբարի մարդիկ են եւ ամեն ինչ անում են, որ կյանքդ հետաքրքիր անցնի։ Իրենց մոտ  «չէ» բառ գոյություն չունի։ Բացի այդ Թաիլանդում կարող ես այցելել մշակութային գեղեցիկ վայրեր, զբաղվել շոփինգով, ակտիվ հանգիստ ունենալ։ Մի խոսքով, կրկին ու կրկին կցանկանայի վերադառնալ Թաիլանդ։
Ո՞րն է Ձեր կյանքի ամենատպավորիչ ճանապարհորդությունը։
-Իմ ունեցած գրեթե բոլոր ճանապարհորդություններն էլ տպավորիչ են եղել։ Փառք Աստծո, չեմ ունեցել այնպիսի ճանապարհորդություն, որը չհիշեմ։ Ամենատպավորիչը թերեւս եվրոպական քաղաքաներով կրուիզն էր. գիշերում ես նավում, ամեն օր արթնանում մի նոր վայրում, օրվա մեջ զբոսնում քաղաքում, իսկ երեկոյան նավ վերադառնալիս կրկին քեզ հագեցած երեկո է սպասվում.  հետաքրքիր շոու ծրագրեր, անիմացիաներ, ռեստորաններ… մի խոսքով՝ այդ երկուսի համադրությունը շատ տպավորիչ էր, մի լավ էմոցիայ ճանապարհում ես, մյուսն ընդունում։
-Ու՞մ հետ եք սիրում ճանապարհորդել։ 
-Տարվա մեջ հաճախակի եմ հասցնում լինել տարբեր վայրերում։ Սիրում եմ ճանապարհորդել ընտանիքիս հետ, երբ բալիկիս հետ գնում ենք իր նախընտրած վայրերը, հետաքրքիր ժամանց անցկացնում, սիրում եմ ճանապարհորդել նաեւ մայրիկիս հետ, ով ավելի ծովափնյա հանգստի սիրահար է։ Շատ եմ սիրում նաեւ իմ գործնական, ընկերական ճամփորդությունները… մի խոսքով՝ չկա մի ճամփորդություն, որը չսիրեմ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն է տալիս այդքան ճանապարհորդել եւ լավ տպավորություններ ստանալ։
-Ասում են՝ մարդուն բացահայտում ես ճանապարհորդելիս։ Նման «բացահայտումներ» արե՞լ եք։
– Կարող եմ ասել, որ այս արտահայտությունը լրիվ համապատասխանում է իրականությանը։ Լինում է, երբ քեզ թվում է, թե դիմացինդ հեշտ մարդ է, բայց ճանապարհորդելիս հասկանում ես, որ լրիվ հակառակն է։ Իմ կյանքում ճանապարհորդելիս 99%-ի դեպքում շատ հաճելի բացահայտումներ են եղել, երեւի թե 1 տոկոսի դեպքում եմ հիասթափություն ապրել, բայց դա էլ հետաքրքիր փորձ էր, որովհետեւ այդ ամենը համադրելով կարողանում ես լավը գնահատել։
Ո՞ր քաղաք եք պատրաստ կրկին ու կրկին վերադառնալ։
-Բարսելոնա։ Այն ինձ համար ամենաջերմ քաղաքն է։ Ավելորդ կհամարեմ խոսել քաղաքի մշակութային զանազան վայրերի մասին, քանի որ դրանք տեսնել է պետք։ Կարող եմ ասել, որ Բարսելոնայում տարբեր հանգստի սիրահարները կգտնեն իրենցը. այստեղ կարող ես համադրել ծովափը, գիշերային կյանքը, շոփինգը։ Ես Երեւանն աշխարհի չափ եմ սիրում, բայց եթե օրերից մի օր ստիպված լինեմ մեկ այլ քաղաքում ապրել, դա կլինի Բարսելոնան։
– Ո՞ր երկրներում կցանկանայիք լինել։
-Շատ երկրներ կան, որտեղ կցանկանամ այցելել։ Իմ սիրելի երկրների ցանկում կառանձնացնեմ Բրազիլիան։ Անկեղծ ասած՝ այնտեղ այցելելու շատ հնարավորություններ են եղել, բայց այն ուզում եմ թողնել որպես իմ երազանքի երկիր եւ հատուկ չեմ այցելում։
-Կնշե՞ք այն երկրները, որտեղ բոլորին խորհուրդ կտաք այցելել։
-Ասիական երկրներից խորհուրդ կտայի այցելել Թաիլանդ, Շրի Լանկա, Բալի, Սինգապուր։Դրանք իսկապես շատ հետաքրքիր վայրեր են եւ բարի երկրներ եմ համարվում։ Եվրոպական երկրներից միանշանակ խորհուրդ կտայի Իսպանիան, Իտալիան, քաղաքներից՝ Պրահան, Վիեննան։ Իհարկե, սա կախված է մարդու նախասիրությունից եւ նրանից, թե ում հետ եք պատրաստվում այցելել. ընտանիքով, թե զույգով, քանի որ դրանից ելնելով հանգստի տեսակը փոխվում է։
-Վստահ եմ, ունեցել եք նաեւ արկածային ճանապարհորդություններ։ Կպատմե՞ք դրանց մասին։
-Դա Դուբայում էր։ Մենք Նոր Տարվա գիշերը «Fire show»-ի տոմսեր էինք գնել, որը պետք է գրանցվեր ռեկորդների գրքում։ Պարզվեց, որ նրանք նախատեսվածից ավելի շատ տոմսեր էին վաճառել, իսկ շոուի վայր տեղափոխում էին հատուկ ավտոբուսներով։ Մենք տոնական հագնված պատրաստվում էինք ուղեւորվել շոուին, երբ տեսանք, որ ավտոբուս նստելու համար հսկայական հերթ է գոյացել, իսկ Ամանորին մնում է կես ժամ։ Քանի որ տեղերը սահմանափակ էին, իսկ նրանք նախատեսվածից շատ տոմսեր էին վաճառել, պարզապես փակել էին մուտքն ու ոչ ոքի ներս չէին թողնում։Գիտակցելով, որ եթե հերթի մեջ սպասենք, ստիպված Ամանորը այդպես կդիմավորենք, հանեցինք բարձրակրունկները, վազելով հետ գնացինք հյուրանոց, սենյակից վերցրինք շամպայնը, բարձրացանք հյուրանոցի տանիք, որտեղից հիանալի երեւում էր «Fire show»-ն եւ այդպես ուրախ դիմավորեցինք Նոր Տարին։
-Կնշե՞ք այն երեք պարտադիր իրերը՝ առանց որոնց չեք կարող ճանապարհորդել։ 
-Միանգամից ասեմ, որ չունեմ այնպիսի իր։ Ամենակարեւոր «իրը» լավ տրամադրությունն է, այն միշտ վերցնում եմ ինձ հետ եւ ունենում ուրախ ճանապարհորդություն։
-Քանի որ ղեկավարում եք Հայաստանի առաջատար տուրիստական գործակալություններից մեկը, ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են ճանապարհորդության մեկնել։
-Խորհուրդ կտամ որեւէ երկիր մեկնելիս շատ ինֆորմացիա իմանալ դրա մասին, քանի որ այդ դեպքում ճանապարհորդությունն էլ ավելի վառ ու գունավոր է լինում։ Ընդհանրապես՝ բոլոր ընթերցողներին խորհուրդ կտամ շատ ճանապարհորդել։ Դա ձեզ տալիս է դրայվ, լավ էմոցիաներ, դարձնում ավելի հետաքրքիր ու բանիմաց, այն ամենը, ինչ տեսնում ու ձեռք եք բերում ճանապարհորդելիս, միշտ ձեզ հետ է մնում։
-Ի՞նչ նոր ծրագրեր է իրականացնում  «Go Travel» տուրիստական գործակալությունը։
-Մեզ մոտ գործում է ուսուցում. մենք սովորեցնում ենք ավիատոմսերի մասնագետների, արտագնա տուր մենեջերների։ Այն ուսանողները, ովքեր ուզում են պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել, կարող են դիմել մեզ։
-Ի՞նչ հետաքրքիր առաջարկներ ունի «Go Travel»-ը աշնանային սեզոնին։
-Միշտ ասում եմ, որ հայերի համար ամենատարածված ուղղությունները՝ Եգիպտոսն ու Դուբայը, երբեք չեն փոփոխվում եւ դժվար էլ փոխվեն։ Ստանդարտից դուրս գալու համար խորհուրդ կտամ մեկնել Դոմինիկյան Հանրապետություն, որտեղ ես ուղեւորվում են, այն ամենահետաքրքիր վայրերից է համարվում։ Աշունը հետաքրքիր է նաեւ Եվրոպական երկրներում, իհարկե յուրաքանչյուրն իր բյուջեին համապատասխան պետք է շարժվի։ Ըստ իս, կապ չունի՝ որտեղ ես գնում, կարեւորը՝ ճանապարհորդես ու հաճույք ստանաս դրանից։
 
Լուսանկարիչ՝ Հրաչյա Ոսկանյան
 Հագուստը՝ Ժենյա Ասատրյանի
 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...