Կանայք, ովքեր հավակնում են դառնալ Երեւանի քաղաքապետ

Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 23-ին: Ընտրություններին մասնակցում է 13 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 9 կուսակցություն։

Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար ընտրություններում պայքարում է երեք կին՝ Նաիրա Զոհրաբյանը, ով գլխավորում է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը, Զարուհի Փոստանջյանը՝ «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը եւ Անահիտ Թարխանյանը, ով գլխավորում է «Գալա» կուսակցության ցանկը։

Հայաստանը, ի դեմս Դիանա Մնացականյանի, ունի կին քաղաքապետի օրինակ (վերջինս Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է)։

Հայաստանի ամենականացի կայքը՝ Wnews.am-ը ներկայացնում է կին թեկնածուներին։

Նաիրա Զոհրաբյան.

Ծնվել է 1965թ. մայիսի 8-ին Երեւանում:

Գերազանցությամբ ավարտել է Երեւանի թիվ 21 միջնակարգ դպրոցը: 1987թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը:

Մասնագիտական վերապատրաստումը անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում:

Թատերական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է:

1992թ. լրագրող է աշխատել «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» պարբերականներում: 1999-2006թթ.`«Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան: 2007թ.` «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

2012թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Ունի մեկ դուստր եւ մեկ թոռնիկ:

Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում ամենաակտիվ պատգամավոր կանանցից է։ Բացի նրա քաղաքական ելույթներից, հաճախ է քննարկվում նաեւ նրա ոճն ու հագուստը, ինչպես, օրինակ, ծննդյան օրը խորհրդարանում կրած Dolce&Gabbana-ի զգեստն էր։ Ի դեպ, ինչպես Wnews.am-ը պարզեց տիկին Զոհրաբյանի հետ հարցազրույցում, հագուստի առումով էլ նա գիտակ է, իսկ սիրած ապրանքանիշերից է Chanel-ը։

Նաիրա Զոհրաբյանը ոչ միայն հրաշալի տեղյակ է նորաձևության թրենդներից այլև իսկական գրքամոլ է: Բազմազբաղ պատգամավորը միշտ ժամանակ է գտնում գիրք  ընթերցելու համար: Իր նախընտրած գրքերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Զարուհի Փոստանջյան.

Զարուհի Փոստանջյանը բոլորիս հայտնի է որպես բազմազավակ մայր-ակտիվ կին քաղաքական գործիչ։

Ծնվել է 1972 թ. հունվարի 16-ին Երևանում։

1990-1994 սովորել եւ ավարտել է Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը։ Մասնագիտությամբ իրավաբան-իրավագետ է։

Տիկին Փոստանջյանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։ Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում և Լեհաստանում։

Ի դեպ, նա եղել է «Պրոմեթևս» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ և վարող։2007 – 2012 – ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր։ Ժառանգություն խմբակցության անդամ։

Մայիսի 6, 2012 թվական – Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Ժառանգություն» կուսակցությունից։

Այժմ Զարուհի Փոստանջյանը Երեւանի ավագանու անդամ է։

Զարուհի Փոստանջյանն ամուսնացած է։ Ունի չորս դուստր։

Տիկին Փոստանջյանի ընտանիքի անդամներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Անահիտ Թարխանյան.

Անահիտ Թարխանյանը շուրջ երկու տարի անազատության մեջ անցկացրած ընդդիմադիր գործիչ, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կինն է: Նա միշտ աչքի է ընկել իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ: Ի դեպ, Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, որ կուսակցություն է հիմնելու և մասնակցելու է խորհրդարանական առաջիկա ընտրություններին, ուստի ենթադրվում է, որ տիկին Թարխանյանը ակտիվ դերակատարում կունենա նաև խորհրդարանական ընտրություններում:

Անահիտ Թարխանյանը ծնվել է Երևանում, ճարտարապետ Արթուր Թարխանյանի ընտանիքում։ 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը, 1993 թվականին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը, 1994 թվականին՝ Մեծ ԲրիտանիայիԼիդսի համալսարանի դիվանագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացները։

1981-1989 թթ․ եղել է «Հայպետնախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարապետ, 1989-1992 թթ․՝ «Վեմ» ճարտարապետական արվեստանոցի տնօրեն

1992-1994 թթ․ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչությունում՝ պետի տեղակալ (երկրորդ դասի խորհրդականի դիվանագիտական աստիճան)։

1994-1998 թթ․ եղել է Հայ FM – 105.5 ռադիոկայանի տնօրեն

1997-1998 թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության հեռուստառադիո ոլորտի հարցերով պետի տեղակալ, 1998-2004 թթ.՝ «Ա3 Ճարտարապետներ» ՍՊԸ տնօրեն, 2004-2007 թթ․ ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր ճարտարապետ, 2007-2018 թթ․՝ «Ա3 Ճարտարապետներ» ՍՊԸ տնօրեն:

1994 թվականի աշնանը հիմնադրել է ՀԱՅ FM 105.5 Երևանը, 1996 թվականին՝ Ռադիո Հայ ռադիոկայանը (Երևանում 104.1 հաճախականությամբ)։

Շուրջ 5 տարի Անահիտ Թարխանյանը եղել է Հայ առաքելական եկեղեցու գլխավոր ճարտարապետը, որի ընթացքում ղեկավարել է 60 ճարտարապետաան ծրագրերի նախագծումն ու կառուցումը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Հիմնադրել է «Մեր քաղաքը» հասարակական կազմակերպությունը, մասնակցել Երևանի պատմական շինությունների և հուշարձանների պաշտպանության բոլոր շարժումներին, այդ թվում` Երիտասարդության պալատի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի, Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճի, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Երևանի փակ շուկայի և այլն։

Անահիտ Թարխանյանն ունի երեք երեխա։ Ի դեպ, նա ամուսնուց մեծ է 11 տարով։

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...