Կին, ով կարդում է. Նաիրա Զոհրաբյան (Photo)

Wnews.am-ը շարունակում է մեր ընթերցողների շրջանում սիրված  հարցազրույցների շարքը, որի շրջանակում հայտնի կանանց հետ զրուցում ենք բացառապես գրքերի մասին։
Այս անգամ մեր զրուցակիցը  ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղար , Երևանի քաղաքապետի  թեկնածու Նաիրա Զոհրաբյանն է:
Պարզվում է՝ Նաիրա Զոհրաբյանը ոչ միայն հրաշալի տեղյակ է նորաձևության թրենդներից (մեր հարցազրույցը նրա հետ այդ թեմայով կարդացեք այստեղ ), այլև իսկական գրքամոլ է: Բազմազբաղ պատգամավորը միշտ ժամանակ է գտնում գիրք  ընթերցելու համար:

–Հիշո՞ւմ եք Ձեր առաջին գիրքը: Քանի՞ տարեկան էիք, երբ կարդացիք:

– Առաջին գիրքը դժվար է հիշել, սակայն 7 թե 8 տարեկանում սկսեցի կարդալ իտալական ժողովրդական հեքիաթներ ու հատկապես տպավորվեց «Կապիկների ամրոցը», երկվորյակ եղբայրների՝ Անտոնիոյի եւ Ջովանիի մասին։

Տարիքի հետ ինչպե՞ս է փոխվել գիրք կարդալու Ձեր ժանրային նախասիրությունները։

-Դպրոցական տարիների ուղղակի կլանում էի Ֆոլքներ, Հենրի Ջեյմս, Ժեյն Օսթին, Դիկկենս, Դոստոեւսկի, Տոլստոյ, Հեմինգուեյ, ԿաՖկա, Նաբոկով, Վիրջինյա Վուլֆ։ Արդեն ուսանողական տարիներին ինձ սկսեց գրավել պոեզիան՝ Բլոկ, Լորկա, Ալըն Գինսբերգ, Ջոն Դոն, Դիլըն Թոմսա, Թեդ Հյուզ, Էդգար Ալան Պո, Էլիոթ, Էզրա Փաունդ, Մանդելշտամ, Շիլլեր, Ջիմ Մորիսոն, Վիլյամ Բլեյք։ Եւ իհարկե՝ Չարենց, ում ես համարում եմ հայ պոեզիայի գլուխգործոցը։ Հետո արդեն, երբ «հաղթահարեցի» Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը», հասկացա, որ երեւի թե մարդ իր կյանքում երկու գիրք պետք է կարդա՝ «Աստվածաշունչը» եւ «Ուլիսեսը», որը գրականության Աստվածաշունչն է։ Ու պատահական չէ Ժակ Դերիդայի խոսքը՝ «Երբեք մի ասա, թե դու կարդացել ես Ջոյս, որովհետեւ մենք միշտ գտնվում ենք նրան ընթերցելու եզրին։»։ Արդեն ավելի ուշ տարիքում, երբ լրագրող էի, ինձ շատ լուրջ սկսեց հետաքրքրել փիլիսոփայությունը՝ Կանտ, Մաքիավելի, Ռենե Դեկարտ, Կոնֆուցիուս, Զենոն, Էպիկուր, Նոամ Խամսկի, Ժակ Դերիդա, Լենկ Հանս։ Տեւական ժամանակ հատուկ ուսումնասիրել եմ Սթիվեն Հոքինգի տեսությունը՝ տիեզերքի եւ սեւ խոռոչների մասին։ Հոքինիգի գիրքը՝ «Ժամանակի կարճ պատմությունը», պարզապես ֆանտաստիկ է։ Դե, բնականաբար, արդեն որպես քաղաքական գործիչ, քաղաքագիտական գրականություն եւ հատկապես Ջոզեֆ Նայ ու նրա՝ «Փափուկ ուժի» տեսությունը, Բժեզինսկի, Սիրիլ Պարկինսոն։ Մեծ տպավորությունն եմ ստացել Շենդերովիչի՝ «Ուղեղի բլոկադա» գրքից։ Մի խոսքով, ինչ հնարավոր է եւ անհրաժեշտ է՝ փորձում եմ ժամանակ գտնել եւ կարդալ։ Անկեղծ ասած՝ ես գրքամոլ եմ։

– Հեղինակներ, որոնց գրքերը հետևողական, իրար հաջորդելով կարդացել եք:

-Հեղինակներ, որոնց գրքերը հետեւողական իրար հետեւից կարդացել եմ՝ Շեքսպիր, Դոստոեւսկի, Ֆոլքներ, Հերման Մելվիլ, Կոստան Զարյան, Հրանտ Մաթեւոսյան։

– Գրքեր, որոնք կիսատ եք թողել և ինչո՞ւ:

-Անկեղծ ասած՝ երբեք չեմ նախընտրել դեդեկտիվ գրականություն եւ Ագաթա Քրիստիի պատմվածքներից որոշները կիսատ եմ թողել, երբեք չի եղել գայթակղություն իմանալու՝ այնուամենայնիվ, ո՞վ էր մարդասպանը։

-Իսկապե՞ս: Իսկ տպավորություն է, թե դուք միշտ հետևողական եք ու անպայման ուզում եք պարզել և պատժել մեղավորներին:

-Ագաթա Քրիստիի որոշ գործեր այո՛ կիսատ եմ թողել նաեւ այն պատճառով, որ զբաղված եմ եղել իրական կյանքում հանցագործներին պատժելով:

– Գրքի հերոսուհիներ, կերպարներ, որոնց մեջ Ձեզ տեսնում եք,նմանեցնում եք:

-Դժվար գտնեմ որեւէ գրական հերոսուհի, որին ես ինձ կնմանեցնեի։ Մի քիչ Սքարլեթ Օ Հարա, մի քիչ բուլգակովյան Մարգարիտա, մի քիչ Էլիզաբեթ Բեննեթ, մի քիչ Ֆերիդե՝ մարդ ով ինքն իր համար ստեղծում էր պրոբլեմներ եւ հետո սկսում դրանք հաղթահարել, մի քիչ Գերդա, մի քիչ Մինա Խարկեր։ Բայց, արդյունքում՝ ես ես եմ։

– Ձեր կարդացած սիրո պատմությունը, որին հավատում եք :

–  Էրիկ Սիգալի՝ «Սիրո պատմությունը» եւ Փեննի Ֆլեգի՝ «Տապակած կանաչ լոլիկներ՝ «Կիսակայարան» սրճարանում»։

Սիգալի «Սիրո պատմություն»-ը հավերժական   սիրո մասին է, որին կարող է բաժանել միայն մահը: Հավատո՞ւմ եք դրան:

-Էրիկ Սիգալի «Սիրո պատմությունը» ինձ ցնցել է նաև,  որովհետեւ ես վստահ եմ որ իրական սերը մահով չի ավարտվում ու Ջենիի մահը ՝ սիրո վերջը չէ ,այլ՝ շարունակությունը։
– Գիրք, որի վերջաբանն այլ կերպ կգրեիք:

– Գիրք, որի վերջաբանը այլ կերպ կգրեի՝ երեւի թե Ջոն Ֆաուլզի՝ «Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին» գրքի վերջաբանը։

-Ինչո՞ւ, որովհետև սիրո պատմությունը պետք է անպայման լա՞վ վերջաբան ունեա:

-Այո՛ ինձ համար միշտ կարեւոր է ,որ սերը լինի հաղթող:

–Գիրք, որը հիմնովին փոխել է Ձեր աշխարհայացքը։

– Բնականաբար, Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»։ Շատ բարդ է այն կարդաը, պետք է մի ամբողջ համաշխարհային գրականություն կարդացած ու յուրացրած  լինես, որպեսզի հանդգնես կարդալ   «Ուլիսես»: Եվ այո՛, ով կարողացել է դա հաղթահարել, կարդալ «Ուլիսեսն» իր ամբողջ ծանոթագրություններով, անպայման փոխվել է նրա աշխարհայացքը:  Եթե հիշում եք, ծագումով հրեա Լեոպոլդ Բլումի կյանքի մեկ օրն է նկարագրված՝ 1904թ-ի հունիսի 16-ը և  պատահական  չէ, որ արդեն երկար տարիներ այդ օրը նշվում է որպես Bloomsday : Վեպը կազմված է 18 գլխից  յուրաքանչյուր գլուխը մի առանձին գրական ժանր է: 

– Հիմա ի՞նչ գիրք եք ընթերցում:

– Այս պահին կարդում եմ ամերիկացի լրագրող Ջանեթ Ուոլսի՝ «Ապակե ամրոցը» գիրքը։

–Երեք must- read գրքեր՝ Նաիրա Զոհրաբյանից

-Եւ վերջում՝ անպայման կարդացեք Ջոյսի «Ուլիսեսն» ու «Ջակոմո Ջոյսը», Սթիվեն Հոքինգի «Ժամանակի կարճ պատմությունը» եւ Սեսիլիա Ահերնի՝ «Հ. Գ. Ես սիրում եմ քեզ» գեղեցիկ սիրո պատմությունը։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...