Ինչու՞ են 21-րդ դարում կանայք, այդ թվում՝ հայուհիներ, համաձայնում բազմակնության

Արևելյան քաղցր հեքիաթի մասին երազում են բոլորը՝ արև, որ հատուկ կիջնի կքսվի մարմնիդ, ծով, որ բոլորին կթողի, կգա քեզ կօրորի և իհարկե հավիտյան սեր խոստոցող ու մութ գիշերվա պես՝ սև աչքերով, տաքարյուն եգիպտացի, ով անպայման սիրահարվում է առաջին հայացքից:  Նախորդ հոդվածում գրել էի եգիպտական սիրո ու ավանդույթների մասին և կանգ առել բազմակնության շատ նուրբ թեմայի վրա: Եգիպտոսը մուսուլմանական երկիր է և այստեղ ընդունված է բազմակնություն:

 

Ինչպես միշտ ամեն ինչ հենց սկզբից փչացնեմ ու  հոդվածս սկսեմ վերնագրի հերքումով.. Պարզվում է, որ ո՛չ, բազմակնության պատրաստ չեն ո՛չ Նյու Յորքի երկնաքերերի տիրուհիները, ո՛չ էլ ստվերների պես աննկատ եգիպտուհիները:  Բայց երևույթը կա և բազմաթիվ օտարերկրյա կանայք, այդ թվում հայուհիներ ամուսնանում են մի երկրում, որտեղ բազմակնություն է:

Բազմակնություն:

Ղուրանում ասվում է, որ տղամարդը կարող է ունենալ մինչև 4 կին, ԵԹԵ ՄԻԱՅՆ կկարողանա սիրել բոլորին նույն հավասար սիրով: Եթե ո՛չ, ապա մեղք է: Սա դեռ մի կողմ՝ մի քանի կին ունենալը ճոխություն է, չէ՞ որ յուրաքանչյուր կնոջ համար պետք է ունենալ առանձին տուն և բաշխել ունեցվածքը հավասարապես: Եգիպտացիների համար ընտանիքը վեր է ամեն բանից:  Երկրորդ կին ընտրելիս, պետք է խնդրել առաջին կնոջ թույլտվությունը, բայց եթե մերժեց, տղամարդը կարող է ընտրության առաջ կանգնեցնել՝ կամ բաժանվում ես, կամ ընդունում: Եվս մի փաստ, որն ինձ ցնցել էր ՝ երկրորդ կին ունենալու համար հարկավոր է

պատճառ, օրինակ՝ առաջին կինը չբեր է կամ հիվանդ, բայց եթե տղամարդը սիրահարվել է և ցանկանում է այդ կնոջը երկրորդ կին բերել, դա դավաճանություն է, այսինքն սերը պատճառ չէ: Ինչպես իմ ինֆորմացիայի անսպառ պաշար Ահմեդն է ասում, պետք է ամուսնանալ սիրով, բայց սերը պատճառ դառնալ չի կարող..այո ինձ էլ է թվում, որ մի բան այն չէ..)

Իսկ արդյո՞ք կարելի է բաժանվել:

Ամուսինները բաժանվում են, եթե տղամարդը ասում է ընդամենը մեկ խոսք՝ ինտի տալյեկ..դու բաժանվա՛ծ ես .. այ իրենց խոսքը՝ խոսք է) բաժանումից հետո ողջ ուենցվածքը և երեխաները մնում են կնոջը, թերևս սա է պատճառը, որ բաժանումները ծայրաստիճան հազվադեպ են: Մի շտապեք գովել ու ախ քաշել, հիմա սահուն անցում կատարենք  օտարերկրացի կանանց, եթե կինը եգիպտուհի չէ և նրանք բաժանվում են, ապա նա չի ստանա ուղիղ հաշվով ոչինչ, երեխաները ևս իր հետ չեն մնա:

Լավ, այդ դեպքում ի՞նչն է ստիպում անսանձ ռուսներին, անկախ եվրոպացիներին կամ հպարտ հայուհիներին գալ ու ամոսւնանալ եգիպտացիների հետ:

Երբ այս հարցը ուղղեցինք նրան՝մեր խարիզմատիկ զբոսավար Ահմեդին, նա եգիպտացու խորամանկ ժպիտով ժպտաց ու պատասխանեց շատ կարճ՝.

  • Քնքշանքն է պակասում..

Եվ անշուշտ, այդպես է՝ եգիպտացի տղամարդիկ զուսպ են, բայց սերը արտահայտելիս չեն խնայում ոչ մի ջանք: Նվերներ են շռայլում, հավերժական սեր խոստանում, քնքուշ են ու չեն թաքցնում իրենց հիացմունքը, գոնե սկզբի համար: Այ հիմա գրում եմ, և մտքիցս դուրս չեն գալիս, վերելակի դռների արանքում կանգնած հիացմունք արտահայտող աչքերով Մուհամեդը, կոկոսի յուղ վաճառող ու ձեռքս 20 րոպե մերսող Մահմուդը և ինստագրամիս էջին բաժանորդագրված տասնյակ Ահմեդները:

Կա մի քանի դրդապատճառ, որ ստիպում է ամուսնանալ Եգիպտոսում:

  1.  70 տոկոսը նշում է, որ եգիպտացի տղամարդիկ լավագույնն են՝ նախ նրանք չեն դավաճանում, չեն խմում և ունեն պատասխանատվության մեծ զգացում, հետո ընտանիքը առաջին տեղում է, հետո բաժանվելիս հիստերիաներ չեն անում, այլ փակ ատամների տակից սղացնում են բաժանման այդ մի խոսքը:

Մյուս 20 տոկոսը ամուսնանում է, քանի որ սիրահարվում է Եգիպտոսին: Հատկապես ռուս կանայք, ովքեր հոգնել են -40 աստիճան ցրտին, ամբողջ օրը աշխատելուց, տուն պահելուց և ման եկող ամուսնու հարբեցողության դեպ պայքարելուց: Լավ եղանակ, տաք արև, անհոգություն:

Մյուս 10 տոկոսը ռոմանտիկայի զոհերն են՝ նրանք սիրահարվում են և վերջ: Ընդհանրապես անկախ երկրից, հանգստավայրում սիրահարվելը շատ հեշտ է, համեղ ուտելիքներ, ծով, անընդհատ ժպիտներ, ֆլիրտ ՝ ամեն ինչ տրամադրում է սեզոնային սիրավեպին, որը պետք է վայելել և հետ վազել տուն.. Սակայն իմ նշած 10 տոկոսը կառչում է այդ սիրուց և ձգում իր եգիպտական արձակուրդները ողջ կյանք:

Իսկ հետո, եգիպտական բարքեր,բարեկամություն, լեզվի խնդիրներ, հավատափոխության թեմաներ, տունը նստել, չաշխատել ու երեխա պահել: ԲԱՅՑ ասում են, որ չի թույլատրվում կնոջը ստիպել հավատափոխ լինել, դրա մասին անգամ արգելված է խոսել, սակայն եթե եգիպտացու շնորհիվ կինը ընդունի Իսլամ, ըստ կրոնի տղամարդը մեխանիկորեն հայտնվելու  է դրախտում: Ուստի շատ կանայք, մոտ 98 տոկոսը, ցանկանում է ամուսնուն փոքրիկ նվեր անել՝ ուղևորություն դեպի դրախտ:

Չաշխատելու հետ կապված՝ Եգիպտոսում անկախ կրթությունից կանայք նախընտրում են չաշխատել, սկզբից գենդերային անհավասարության մասին կայծկլտացող մտքեր են ծագում, հետո եգիպտուհիների հետ խոսելիս հասկանում ես, իրենց մոտեցումը այլ է՝ թագուհիները չպետք է աշխատեն, տղամարդը պետք է աշխատի և ապահովի կնոջը: Մի խոսքով՝ սա ուրիշ աշխարհ է, հագեցած ու խիտ գույներով, արմատներով ու մշակույթով:

 

Ընդհանուր առմամբ, անիմաստ է ժխտելը, որ ավանդույթներում նմանություններ շատ կան: Ի դեպ բոլոր դրական հատկանիշները, որոնք շեշտել էի արևելյան տղամարդկանց մասին  հայ տղամարդկանց մեջ ևս վառ արտահայտված են՝ ընտանիքի կարևորությունը, պատասխանատվությունը, սակայն ինչքան շատ ենք հիմա նկատում հակառակը  անլրջություն, դավաճանություններ, բաժանություններ, եթե Ձեզ թվում է, որ հայ տղամարդիկ փոխվել են, վստահեցնում եմ, որ կանայք ևս:

Գուցե պետք  չէ արևելյան հեքիաթի ու սիրո փնտրտուքներով շեղել ուղիները դեպի օտարություն, այլ փորձել հարաբերությունների հստակությունը և մաքրությունը պահպանել այստեղ, իսկ Եգիպտոսը թող մնա անմոռանալի ու անկրկնելի հանգստի համար:

Սա ընտրություն է, որ պետք է անի յուրքանչյուր կին: Ինչ խոսք, կին լինելը դժվար, բայց ուժեղ խաղաքարտ է…

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...