Կին, ով կարդում է. Լուսինե Բեկիրսկա-Թամազյան

Wnews.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակում հայտնի եւ հեղինակավոր կանանց հետ զրուցում ենք բացառապես գրքերի մասին։
Այս անգամ մեր զրուցակիցը «Վ. Ավագյան» բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ և Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանն է։

-Տեղյակ եմ, որ սկսել եք կարդալ դեռ 6 տարեկանից։ Ո՞րն է Ձեր ընթերցած առաջին գիրքը, ի՞նչն է տպավորվել։

-Ես, իհարկե, չեմ հիշում, որ սկսել եմ կարդալ այդ տարիքից։ Այդ մասին կարող եմ փաստել մորս պատմածով։ Դա  իմ ընտրությամբ մանկական պատմվածք էր։ Մորս խոսքերով՝ իրեն շատ է զարմացրել, որ ինքնուրույն կարդալուց հետո սկսել եմ վերլուծել այն։ Այսինքն՝ այդպիսով իմ մեջ ինքնուրույն կարդացողի կերպար է ձեւավորվել։

-Ո՞ր գիրքը Ձեզ ստիպեց մտնել գրքերի  աշխարհ եւ արթնացրեց սերը դեպի ընթերցանություն։
-Առաջինը շատ սիրեցի Մորիս Դրյուոնին. տանն ունեինք նրա գրքերի հատորները։ Ես ընկա այդ միջավայրը, սիրահարվեցի այդ ժամանակների նիստուկացին, գեղեցիկ հագուստներին, ձիերին… հետո սկսվեց սերի դեպի Ալեքսանդր Դյումա։ Վաղ տարիքում սկսեցի կարդալ Ջեկ Լոնդոն.  «Մեծ տան փոքրիկ տիրուհին» վեպը կարդացել եմ ընդամենը 13 տարեկանում, երկրորդ անգամ նույն գիրքն ընթերցել եմ արդեն 30 տարեկանում եւ այլ կերպ եմ ընկալել այն։ Ինձ վրա մեծ տպավորություն թողեց Ժորժ Սանդի «Կոնսուելո» վեպը։ 13 տարեկան էի, երբ այն կարդացի եւ իսկապես հոգեբանական սթրես ապրեցի, որովհետեւ հերոսուհին, ով ապրում էր գետնի տակ,  երկակի կյանք էր վարում, իսկապես ծանր էր… ես սկսեցի սարսափ երազներ տեսնել, ճչոցով էի արթնանում։ Մենք այդ ժամանակ ապրում էինք Ալավերդիում եւ գայթակղություններն ավելի քիչ էին, քան հիմա, մուլտֆիլմերը ցուցադրվում էին շաբաթական երկու-երեք անգամ եւ գրքերից շատ ավելի հագենում ու ինֆորմացիա էինք ստանում։Իմ ապրումների պատճառով  «Կոնսուելո»-ի երկրորդ հատորը, որն ինձ համադասարանցիս էր տվել, մայրս չթողեց ինքնուրույն կարդալ. նա էր կարդում ու ինձ պատմում, ուստի այն ինձ վրա այդպիսի մեծ ազդեցություն չթողեց։
Մեկ այլ հետաքրքիր պատմություն էլ պատմեմ.  կարդացել էի Դյումայի «Երեք հրացանակիրներ»-ի բոլոր հատորները՝ բացառությամբ վերջինի, որը չկար Հայաստանում։ Մենք Մոսկվա էինք մեկնել, ծնողներիս ընկերների տանը տեսա գրքի վերջին հատորը, խնդրեցի, որ տան կարդամ, բայց տան ռուս տիկինը մերժեց խնդրանքս՝ մտածելով, թե կարող է էլ չվերադարձնեմ։ Ես էլ վերցրի գիրքը,  ծածկոցի տակ, հորս մեքենայի միջի լուսարձակով, մի գիշերվա մեջ կարդացի այն։ Առավոտյան 6-ի կողմերն էր՝ գիրքն ավարտեցի  ու բավարարվածության զգացումով նստել էի. մենք մի գիշեր էինք մնալու նրանց տանը եւ ուրիշ օր չունեի։ Գիրքը կարդալուց հետո այն տարա նորից դրեցի պահարանում, այդ բավարարվածության զգացողությունը մինչեւ հիմա շատ թարմ է մնացել հիշողությանս մեջ։
-Ո՞ր գրքերի միջոցով Ձեր երեխաների մեջ արթնացրիք սերը դեպի ընթերցանություն։
-Մենք ունեինք շատ մեծ մանկական գրադարան, ես անընդմեջ կարդում էի, ամուսինս՝ Սուրենը, Մոսկվայից անընդհատ մանկական նոր գրքեր էր բերում։ Մեծ տղաս եղած գրքերն ինքն էր իր եղբորն ու քրոջը ցույս տալիս, բացատրում։ Երեխաներս շատ սիրեցին  Գրիգորի Օստերին. հեղինակի գրքում պատմվածքներ են՝ հակառակ իմաստով։ Մենք գիտենք, թե ինչ չի կարելի անել, այնտեղ գրված է, որ այդ «չի կարելի»-ն պետք է անել ու այդ գրքույկը մեծ դաստիարակչական ուժ ունի։ Երբ իրենք սկսեցին կարդալ, իրենց ժամանակ համացանցը սկսել էր զարգանալ եւ գրքին անցնելը դժվար էր։ Ես կարդում էի իրենց համար, համոզում, որ գրքի մի պարբերությունն իրենք կարդան, հաջորդը ես, հետո միասին քննարկենք։ Այդպիսով էլ իրենց մեջ առաջացավ սերը դեպի ընթերցանություն։
Տարիների ընթացքում ինչպե՞ս են փոխվել գիրք կարդալու Ձեր նախասիրությունները։
-Մի շրջան ես անընդհատ կարդում էի՝ ասես ծարավ լինեի։Դա մինչեւ 35-40 տարեկանն էր։ Հետո եկավ շրջան, երբ սկսեցի կրկին վերընթերցել գրքերը։ Կար մի շրջան, երբ ընդհանրապես չէի ուզում գիրք կարդալ եւ ինքս ինձ վրա զարմանում էի, որովհետեւ դա ինձ համար խորթ էր։ Հետո հասկացա, որ ներաշխարհդ պիտի այլ տրամադրությամբ լինի, որ կարդալու ցանկութուն ունենաս։ Անցավ մեկ-երկու ամիս եւ նորից գիրք կարդալու ցանկությունն արթնացավ։
Ինչ վերաբերում է գրքերի ժանրերին, ապա կար շրջան, երբ շատ էինք կարդում դետեկտիվներ կամ մանր գրքույքներ, որոնց «արեւածաղիկի սերմեր» էինք անվանում։ Տանը շատ մեծ գրադարան ունենք, որոնց հիմքը դրել է ամուսնուս մայրը։ Խորհրդային միության տարիներին շատերը բաժանորդագրված լինելով՝ պարբերաբար  ստանում էին նոր տպագրվող գրքերի բոլոր հատորները, հետո անցանք մի շրջան, երբ ինձ շատ էր հետաքրքրում մասնագիտական գրականությունը, ժամանակ չէր մնում այլ բաների։
Դպրոցական տարիքում սիրում էի մեր սովորած գրականությունը։ Շատ համադասարանցիներ Դոստոեւսկուն, Չեխովին վատ էին ընկալում, որովհետեւ այդ տարիքի երեխայի համար գուցե դա ծանր գրականություն է, բայց ես հաճույքով էի կարդում։ Ռուս ամենամեծ գրողն ինձ համար Տոլստոյն է, հետո նոր Դոստոեւսկին ու Չեխովը։
Հայ գրականության հանդեպ սեր արթնացնելու համար հատուկ շնորհակալ եմ ծնողներիս։ Ունենալով հայկական կրթություն՝ նրանք ուզեցան, որ մենք ստանանք ռուսական կրթություն, քանի որ այդ ժամանակ շատ գրքեր թարգմանված չէին հայերեն եւ համաշխարհային գրականությանը կարելի էր ծանոթանալ ռուսերենով։ Սեփական փորձով նման դժվարություններ ունենալով՝ նրանք որոշեցին, որ մենք պետք է գնանք ռուսական թեքումով դպրոց։ Մայրս շատ գեղեցիկ ասմունքում է, հայրս հաճույք ստանալով նրա ասմունքից՝ մեր տանը երեկոյան ժամերին հավաքում էր իր բոլոր ընկերներին, որոնցից ոմանք չունեին բարձրագույն կրթություն, աշխատանքից հոգնած՝ օրվա վերջում հավաքվում էին ու մայրս ասմունքում էր Սեւակ, Շիրազ։ Այդպիսով հայ պոեզիան շատ սիրեցի։ Դա նաեւ հետք թողեց ինձ վրա, երբ սկսեցի բանաստեղծություններ գրել եւ ինքս էլ սիրում եմ ասմունքել։  Հայ գրականությունը շատ սկսեցի սիրել նաեւ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհուս միջոցով։
-Ո՞րն է Ձեր ընթերցած սիրո պատմությունը, որին հավատում եք։
-Օ. Հենրիի «Մոգերի ընծաները» պատմվածքը, որում հերոսուհին վաճառում է մազերն իր սիրելիին ժամացույցի շղթա գնելու համար, իսկ տղան, չիմանալով այդ մասին, վաճառում է ժամացույցը՝ աղջկան մազակալ գնելու համար։ Պատմությունն ավարտվում է համեմատությամբ․ հեղինակը զոհողության գնով ձեռք բերած նվերները համեմատում է աստվածաշնչյան մոգերի նվերների հետ։
-Գիրք, որի վերջաբանն այլ կերպ կգրեիք։
-Մոտ հինգ տարի առաջ կարդացի Պոլինա Դաշկովայի «Երջանկության աղբյուրը» գիրքը։ Դրանում հետաքրքիր ձեւով է բացատրվում 1917թ. ռուսական հեղափոխութունը, որից հետո մեր բոլորի կյանքը փոխվեց եւ հետաքրքիր տեսանկյունից է դրան մոտենում։ Մենք միշտ այդ ամենը դիտարկում  ենք սոցիալիստական դաստիարակման ոճով, բայց դա օբյեկտիվ է դիտվում. այսինքն՝ ոչ սպիտակների ոչ կարմիրների կողմից։ Իհարկե, բոլորս գիտենք, թե ավարտն ինչ եղավ, դա պատմական փաստ է, բայց ես կուզեի, որ այլ ավարտ լիներ։
Կուզեի խոսել Պաուլո Կոելիոյի մասին, ում գրեթե բոլոր գրքերն ընթերցել եմ, իսկ «Ալքիմիկոս»-ը  պարբերաբար վերընթերցում եմ։ Նրա՝ «Սատանան ու օրիորդ Պրիմը» գրքի վերջաբանը եւս կուզեի փոխել։
-Հեղինակներ, որոնց գրքերն իրար հաջորդելով ընթերցել եք։
-Ինչպես ասացի՝ Կոելիոն էր, բայց նրա առաջին երեք գրքերը շատ սիրեցի, հետագայում, կամ իմ հոգեվիճակը փոխվեց կամ ինքն ուրիշ ուղղվածություն վերցրեց։ Շատ եմ տարվել Բերնար Վերբերով։Այդ շրջանում կորցրինք հայրիկիս եւ ինձ երեւի թե պետք էր գրականություն, որը կբացատրեր մահը։Որպես բժիշկ հասկանում եմ, որ ֆիզիկական մահը մի բան է, եւ արդեն  էմոցիոնալ մարդ լինելով հասկանում եմ, որ կա նաեւ հոգու անմահություն, բայց այդ ամեն ինչի ավելի ճիշտ բացատրությունը կուզեի իմանալ։ Վերբերն ավելի ֆանտաստիկ գրող է, իր շարքը՝ «Մենք ենք աստվածները», «Հրեշտակների կայսրությունը» եւ այլն, գեղարվեստականորեն բացատրում է մահը։ Ավելի վաղ հասակում շատ եմ սիրել Սիդնի Շելդոնին։ Յուրաքանչյուր վեպում նա այդ իրավիճակի մասին մեծ ինֆորմացիա է հավաքել եւ ներկայացրել։
Շատ եմ սիրել Ֆրենսիս Սքոթ Ֆիջերալդին եւ Թեոդոր Դրայզերին։ ԱՄՆ-ի մասին պատկերացումներս եւ բացահայտումն արել եմ հենց վերջինիս միջոցով։ Ինձ թվում էր, որ Չիկագոն ծխոտ քաղաք է, բայց երբ եղա այնտեղ եւ տեսա այդ զարգացած, լուսավոր ու բարգավաճող քաղաքը, զարմացա։
Կուզեի խոսել նաեւ Պյոտր Վայլի «Гений места» գրքի մասին, որում նա ներկայացնում է տարբեր գրողների, նրանց գրքերի եւ դրանց միջոցով մեր ընկալած քաղաքների մասին։ Երեք անգամ ընթերցել եմ Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում` անդունդի եզրին» գիրքը։ Սիրածս գրքերից է նաեւ Քոլին Մակկալոուի «Մամխի մեջ երգողները»։
 -Ժամանակակից գրողներից ու՞մ կառանձնացնեք։
-Նախ կուզեի առանձնացնել մեր հայրենակցուհի Նարինե Աբգարյանին։ Երեք ընկերուհիներով մենք ամիսը մեկ անգամ հանդիպում ենք եւ գրքերով փոխանակվում։ Նրանցից մեկը Մոսկվայից բերել էր Աբգարյանի «Մանյունյան», որն ինձ հիշեցրեց  մանկությունս։ Աբգարյանը շատ թեթեւ լեզու ունի, նրա ոճը կնմանեցնեի Նաբոկովին. կարող ես երկար կարդալ ու չհոգնել։ «Մանյունյա»-ից հետո Աբգարյանից շատ գրքեր կան, որոնք ինքնուրույն սկսեցի գնել։ Աբգարյանի վերջին գիրքը՝«Երկակի ծիածան»-ը  մոտ մեկ տարի առաջ եմ գնել, բայց դեռ չեմ կարդացել։ Բացի Աբգարյանից կառանձնացնեի Յանուշ Վիշնեւսկու «Մենությունը ցանցում», Իրվին Յալոմի՝ «Շոպենհաուերը որպես դեղամիջոց» գրքերը։ Վերջինս իմ հիվանդներից մեկնէ նվիրել, ով մասնագիտությամբ հոգեբան է։ Գրքում բժիշկ հոգեբանն իմանում է, որ մահացու հիվանդ է եւ որոշում է իր 15 տարի առաջվա չբուժած հիվանդին բուժել, հիվանդը փիլիոփա է, ով ինքն իրեն բուժել է Շոպենհաուերի փիլիսոփայութմաբ։ Գրքում մեկը սովորում է մահանալ, մյուսը՝ ապրել։
-Ի՞նչ գիրք եք հիմա կարդում։
-Այժմ կարդում եմ Միլան Կունդերա։
-Գրքի հերոսուհի, որին Ձեզ եք նմանեցնում։
-Թերեւս Սքարլեթ Օհարայի «Այդ մասին ես կմտածեմ վաղը» գրքի հերոսուհուն, սակայն մասամբ. նրա եւ իմ բնավորության ընդհանուր գիծը վճռականությունն է։
-3 must have  գիրք՝ Լուսինե Թամրազյանին։
-Կոելիոյի «Ալքիմիկոս», Պոլինա Դաշկովայի «Երջանկության աղբյուրը» եւ Անդրեյ Իվանովի «Иереван» գիրքը։
Վերջինս ռուս ճարտարապետ է, քաղաքաշինության գիտակ, ով շատ հրավերներ է ունենում արտերկրից։Երեւան կատարած իր առաջին այցի ժամանակ միասին զբոսնում էինք Երեւանով եւ ամուսինս հարցրեց՝ հավանու՞մ եք Հյուսիսային պողոտան, վերջինս պատասխանեց որ չի հավանում. այն վերեւից սեւ է, ներքեւից՝ սպիտակ։ Իվանովը սիրահարվեց Երեւանին եւ որոշեց գիրք գրել մեր մայրաքաղաքի մասին։ Ես միշտ մեծ թվով գնում եմ այդ գրքից ու նվիրում մտերիմներիս։
-Ի՞նչ գիրք է դրված Ձեր գրասեղանին։
Դա հորս՝հայտնի վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս, երրորդ գումարման ԱԺ պատգամավոր, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի տնօրեն Համլետ Թամազյանի մասին գիրքն է, որը գրվեց նրա մահվանից մի քանի ամիս անց։ Գրքում մեր հիշողություններն ու նրա մասին հետաքրքիր պատմություններ են։  Մենք որոշեցինք, որ գրքում պետք է լինեն ոչ թե տխուր, այլ ուրախ հիշողություններ, նրա հետ կապված հետաքրքրաշարժ պատմություններ։  Նշեմ, որ հայրս այնքան հետաքրքիր կերպար էր, որ  մինչեւ օրս չկա մեկը, ով մտնի իմ աշխատասենյակ, տեսնի իր նկարն ու զարմանքով չհարցնի՝ թե արդյո՞ք նրա դուստրն եմ կամ իր հետ կապված որեւէ հետաքրքիր բան չհիշի։ Գրքում ես հորս նամակ գրեցի. թղթին հանձնեցի իմ հուզմունքները, փորձեցի թղթին փոխանցել այն,  ինչ իրեն չեմ կարողացել ասել։ Հիմա էլ, կյանքի տարբեր  իրավիճակներում, երբ մոտս հարցեր են առաջանում, հորս հարց եմ տալիս, պատահականության սկզբունքով բացում գրքի էջերից մեկը, որտեղից յուրաքանչյուրում իր խոսքերն են մեջբերված եւ ստանում  իր խորհուրդը։
Կա գիրք, որի հետ համամիտ ես, մյուսի հետ վիճում ես, մեկ ուրիշին փորձում ես հակատակը համոզել, գրքի միջոցով ճանապարհորդում ես, մասնագիտական գրքերն ասես ուսուցիչներդ լինեն, իսկ հորս մասին այդ գիրքը հետաքրքիր է նրանով, որ ինքս եմ մի բան թղթին հանձնել…
«Անվերջ վերադարձ». այդպես է կոչվում հորս մասին գիրքը։Կարելի է անվերջ վերադառնալ,  ոգեշնչվել մեզ համար թանկ եւ հարազատ մարդկանցով։
Ֆոտոշարքը՝ Ժաննա Կարգանյանի
Ֆոտոշարքն իրականացվել է «Ոսկեվազ Wine Time»  ռեստորանում

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...