Հայաստանում մեկնարկեց «Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն

Բրազիլաբնակ հայ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի լուսանկարներով Հայաստանում մեկնարկեց «Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն։

Տրիենալեն տեւելու է հուլիսից դեկտեմբեր եւ անցկացվելու է երեք փուլով։ Այն շրջիկ ցուցահանդես է, որը, կախված ցուցահանդեսի թեմայից, ամեն անգամ իր համար նոր ուղի է հարթում Հայաստանով մեկ։ Տրիենալեի անվանումը ներշնչված է 1924 թ.-ին տպագրվող «Ստանդարտ»՝ հայկական ավանգարդ պարբերականի անունից։

Տրիենալեն  կազմակերպել է Արվեստների հայկական խորհուրդը (ԱՀԽ)՝ ՀՀ Մշակույթի նախարարության, «Արվեստն աշխարհի համար» կազմակերպության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, «Հայկական արվեստի հիմնադրամի», այլ մասնավոր գործընկերների եւ աջակիցների հետ հատուկ համագործակցությամբ:

Արվեստների հայկական խորհրդի նախագահ Վարդան Կարապետյանը Wnews.am-ին պատմեց Տրիենալեի մասին.

«Այս անգամ ընտրվեց Հայաստանի երեք քաղաք՝ Երեւանը, Գյումրին եւ Սեւանը։ Ցուցահանդեսը մեկնարկում է Գյումրիից, որտեղ ներգրավված են 19-րդ դարի շինություններ, Երեւանում՝ 20-րդ դարի շինություններ։ Նպատակն է շեշտը դնել ճարտարապետությանը։ Տրիենալեն ձեւաչափ է ոչ միայն ստեղծելու արվեստագետի եւ տեղանքի միջեւ համագործակցություն, այլ նաեւ ընդգծելու տեղանքի ճարտարապետական կարեւորությունը մեր բոլորիս համար, հետեւաբար, այս երեք քաղաքներում նաեւ դա է շեշտվել։ Ընտրվել է խորհուրդ, որը քննարկել է տարբեր համադրողների առաջարկներ եւ ընտրվել Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, որը եղել է նաեւ 2015 թ. Վենետիկի 56-րդ բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը նվաճած Հայկական տաղավարի համադրողը։Ֆրանսիացի սյուրռեալիստ գրող եւ բանաստեղծ Ռընո Դոմալի (1908-1944) «Անալոգ լեռը» անավարտ վեպից ոգեշնչված՝ ՍՏԱՆԴԱՐՏ-ը տեղի կունենա Արարատ լեռան շուրջ տեղակայված ինքնատիպ պատմամշակութային վայրերում։

Տրիենալեի շրջանակներում ներգրավված են մոտ 30 արվեստագետների աշխատանքներ։ Բոլոր ցուցադրությունները հասանելի են հանրությանը. մուտքն ազատ է»։

Տրիենալեի համահամադրող Ռուբեն Արեւշատյանը Wnews.am-ի հետ զրույցում խոսեց Գասպար Գասպարյանի աշխատանքների մասին.

«Նա համաշխարհային ճանաչում ունեցող լուսանկարիչներից է։ Նրա լուսանկարներն ընգրկված են համաշխարհային կարեւորագույն թանգարանների հավաքածուներում։ Այդ թանգարաններից են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը, Լոնդոնի Tate Modern-ը եւ այլն։Նա այն լուսանկարիչներից է, ովքեր ձեւավորեցին բրազիլական լուսանկարչության մեջ նոր ալիք. խոսքը գնում է 40-50-ականների մասին։ Նրա ստեղծագործություններում կարելի է հետեւել ավանդական լուսանկարչական լեզվամտածողությունից անցումը մոդեռնիստական լեզվամտածողություն»։

Ներկայացնում ենք Տրիենալեի շրջանակում ցուցահանդեսների ցանկը.

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ԲԱՑՈՒՄՆԵՐԸ՝ 2017 Թ. ՀՈՒԼԻՍԻ 20-22-ԻՆ

Երեւան

– ԳԱՍՊԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ (Բրազիլաբնակ լուսանկարիչ, 1899-1966), Տարածական դրվագներ, մոդեռնիստի հետադարձ հայացք, ՀԲԸՄ-ի ցուցասրահում, Մելիք-Ադամյան փ. 2/2։ Համադրող՝ Ռուբեն Արեւշատյան։

– ԻԼՅԱ եւ ԷՄԻԼԻԱ ԿԱԲԱԿՈՎՆԵՐ (Ռուսաստան/ԱՄՆ), Մոցարտի երաժշտությունը լսելիս խնձոր վերցնելու 20 եղանակ եւ Համերգ ճանճի համար. ինստալացիաներ, Մաշտոցի պ. 7ա (ՀայԱրտ Մշակութային կենտրոն, նախկինում՝ Ժամանակակից արվեստի թանգարան)։ Բացման ընթացքում Երեւանի Չայկովսկու երաժշտական հատուկ դպրոցի սաները կենդանի համերգ կտան։

Գյումրի

– Արվեստի գործեր, պերֆորմանսներ եւ աշխատանոցներ, որոնք ստեղծվելու են Գյումրիի արվեստագետ հանրույթի հետ համագործակցությամբ։

Մասնակից արվեստագետներ՝ ԱՅՐԻՆ ԱՆԱՍՏԱՍ եւ ՌԵՆԵ ԳԱԲՐԻ (Պաղեստին/Իրան/ԱՄՆ), ՌԻԿԱՐԴՈ ԱՐԵՆԱ (Իտալիա), ԲԵՆՋԻ ԲՈՅԱՋՅԱՆ (Ֆինլանդիա/Պաղեստին), ՋՈՒԶԵՊԵ ԿԱԿԱՎԱԼԵ (Ֆրանսիա/Իտալիա), ՄԱՐՏԱ ԴԵԼ ԱՆՋԵԼՈ (Իտալիա), ՏԻԲՈ ԴԸ ՋԱԼԼՈՒԼԻ (Ֆրանսիա), ԱԼԵՔՍԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ (Հայաստան), ՄԻՔԱՅԵԼ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ (Հայաստան/Իտալիա), ԳՈՀԱՐ ՍՄՈՅԱՆ (Հայաստան), ՄԱՐԻԱ ՑԱԳԱՐԻ (Հունաստան) եւ այլք։

Ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան եւ Սերգեյ Մերկուրովի թանգարան, Հաղթանակի պող. 47։

– Արվեստագետ Վահագն Ղուկասյանի հետ համադրողական համագործակցությունը տեղի կունենա Երանուհի եւ Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում (Աբովյան փ. 242), որտեղ երկու նկարչուհիների մշտական հավաքածուի ընտրանին կզուգադրվի հետեւյալ արվեստագետների գործերի հետ՝ ՄԱՐՏԱ ԴԵԼ  ԱՆՋԵԼՈ, ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հայաստան/Իտալիա, ՌՈԶԱՆԱ ՓԱԼԱԶՅԱՆ (Բրազիլիա)։ Կցուցադրվեն նաեւ «Արվեստ՝ հանուն աշխարհի» արտադրության կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ ՄՈՒՐԱԼԻ ՆԱԻՐ (Հնդկաստան), ԻԴՐԻՍԱ ՈՒԵԴՐԱՈԳՈ (Բուրկինա Ֆասո), ՋԱՖԱՐ ՓԱՆԱՀԻ (Իրան), եւ ՋԻԱ ՋԱՆԳ-ՔԵ (Չինաստան)։

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. ԲԱՑՈՒՄՆԵՐԸ՝ 2017 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-13-14-ԻՆ

Երեւան

– ՖԵԼԻՉԵ ՎԱՐԻՆԻ (Շվեյցարիա), տեղայնացված ինստալացիա Երեւանի երկաթուղային կայարանում։ Կազմակերպիչ՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն։

Սեւանա լիճ

– Դեժա-վու ՍՏԱՆԴԱՐՏ, տեսաինստալացիաներ՝ ՋԵՐԱՐԴ ԲԸՐՆ (Իռլանդիա), ՅՈԶԵՖ ԴԱԲԵՐՆԻԳ (Ավստրիա), ԻԳՈՐ ԳՐՈՒԲԻՉ (Խորվաթիա), եւ ՄԱՐԿՈՒՍ ՇԵՐԵՐ (Ավստրիա), ինչպես նաեւ ճարտարապետական նախագծեր՝ Լեւոն ՉԵՐՔԵԶՅԱՆ (Հայաստան), Գեւորգ ՈՐԳ ՔՈՉԱՐ (Հայաստան) եւ ՄԻՔԱՅԵԼ ՄԱԶՄԱՆՅԱՆ (Հայաստան)։ Համադրող՝ Ռուբեն Արեւշատյան, վայր՝ Գրողների
ստեղծագործական տուն։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...