Ինչու մասնակցեցի «Միսս Հայաստան»-ին եւ ինչ տվեց այն ինձ. Անգելինա Բաբաջանյանի պատմությունը (Photo)

Ինչպես հայտնի է, երկար դադարից հետո, այս տարի Հայաստանում կրկին անցկացվելու է «Միսս Հայաստան» համահայկական գեղեցկության մրցույթը՝ Մշակույթի նախարարության, Սփյուռքի նախարարության  և «Փյունիկ» մարդկային ռեսուրների զարգացման հիմնադրամի աջակցությամբ։

«Միսս Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախագահը  «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Miss globe 2009» Գոհար Հարությունյանն է։

Մրցույթի կազմակերպման մանրամասներին Wnews.am-ն արդեն անդրադարձել է։

Wnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք՝ «Միսս Հայաստան»-ի թագը նվաճած գեղեցկուհիների հետ։

Այս անգամ մեր զրուցակիցը «Միսս Հայաստան 1997» Անգելինա Բաբաջանյանն է։

Անգելինան հաղթող է ճանաչվել նաեւ «Միսս Անդրկովկաս» մցրույթում։ Նա այժմ ամուսնացած է եւ զբաղվում է իր երեք երեխաների դաստիարակությամբ։

-Ինչպե՞ս կայացրիք «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթին մասնակցելու որոշումը, ո՞րն էր մասնակցության նպատակը։

-Այդ ժամանակ մայրիկիս հետ Թբիլիսիի հայկական թատրոնի հյուրախաղերով գտնվում էի Հայաստանում։ Անկեղծ ասած մրցույթին որոշեցի մասնակցել առանց որեւէ նպատակ հետապնդելու, 17 տարեկանում նպատակներս այլ էին։

-Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ընտանիքի անդամներն ու մտերիմները։

-Տան անդամները շատ հանգիստ վերաբերվեցին այդ ամենին եւ մաղթեցին հաջողություն, իսկ ընկերներիս եւ մտերմիների համար իմ մասնակցությունն անակնկալ էր։

-Ի՞նչ տվեց մրցույթին մասնակցությունը։ «Միսս Հայաստան» մրցույթից հետո ի՞նչ հնարավորություններ բացվեցին Ձեր առջեւ։

-Մրցույթը հնարավորություն տվեց մասնակցել եւ Հայաստանը ներկայացնել տարբեր երկրների միջազգային գեղեցկության մրցույթներում։

-Հաղթանակը սպասելի՞ էր, ինչպե՞ս մյուս մանսակիցներն ընդունեցին Ձեր հաղթանակը։

-Չգիտեմ՝ սպասելի էր, թե ոչ, բայց վերջին վայրկյաններին բեմի վրա հաղթանակը ցանկալի է դառնում։ Մյուս մասնակիցները շատ բարի գտնվեցին, շար երկար եւ անդադար ծափահարություններով ընդունեցին իմ հաղթանակը։

-Ի՞նչն է տպավորվել մրցույթից։ Ի՞նչ զգացողություններ ունեիք։

-Մրցույթը շատ գեղեցիկ էր կազմակերպված։ Ի դեպ, ասեմ, որ  1996-97-98 մրցույթներն ինձ համար անկրկնելի էին։ Հզոր մարդկանց ժյուրիի անդամներով, գեղեցիկ ռեժիսուրայով, սցենարով, գույներով եւ երաժշտությամբ։ Այդ ամենի համար շնորհակալ եմ Արա Երնջակյանին եւ Կամերային թատրոնի անձնակազմին։

-Ինչպե՞ս էին այդ տարիներին վերաբերում նման մրցույթին, ըստ Ձեզ, այժմ վերաբերմունքը փոխվե՞լ է։

-Կարծում եմ՝ վերաբերմունքը չի փոխվել։ Պահանջներն են ավելացել։

-Հայաստանում այս տարի կրկին անցկացվելու է «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը։ Արդյո՞ք տեսնում եք դրա անհրաժեշտությունը։

-Այո, ինչու ոչ։ Եթե մենք ունենք հայ աղջիկներին աշխարհին ներկայացնելու հնարավորություն։

Ի՞նչ խորհուրդ կտաք մրցույթին մասնակցող աղջիկներին։
-Հայ աղջիկներին մաղթում եմ հաջողություն եւ հաղթանակ։ Իսկ որպես խորհուրդ կասեմ, որ միջազգային մրցույթներին վստահ եւ համարձակ լինեն, քանի որ հայ աղջիկներն աշխարհի ամենագեղեցիկն են։


  

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...