Որն է իսկական կանացիությունը և ինչու արժե լինել առավել կանացի

Հենց սկզբից խոստովանեմ, որ շատ վատ վերնագիր եմ ընտրել հոդվածի համար, քանի որ այն միանգամայն հակասում է նրան, ինչ պետք է ասեմ: Ի՞նչպես լինել կանացի: Հնարավոր չէ դա սովորեցնել: Բայց հնարավոր է բացահայտել այն, ինչը բնությունը, վստահաբար, տվել է ամենքիս:
Ես այստեղ կարող էի շարադրել մտքեր այն մասին, որ կանացի լինելը նրբության, փափկության, տաք կոտլետների, ժանյակավոր ներքնազգեստի, նուրբ դիմահարդարման, զարդերի ու կիսաշրջազգեստների, մի քիչ կամակորության, որոշ դեպքերում կոկետության, հեզության և ժպիտի ու զրնգուն ծիծաղի ամբողջությունն է: Ու փորձել իմ օրինակը կամ հայտնի կարծրատիպերը ընդհանրացնել.. և կստացվեր հերթական հոդված ոչ մի բանի մասին.. իսկ մենք այսօր հանձն ենք առել խոսել երևույթի մասին՝ կանացիության:
Վերջերս շատ եմ տեսնում աղջիկների ու կանանց, ովքեր գեղեցիկ են, ճաշակով հագնվում են, հաճելի բուրում են, բայց կարծես անսեռ լինեն, և ոչ թե հրեշտակների նման, այլ հենց այդպես՝ առանց սեռի: Նման կանայք ոչ մի էմոցիա չեն արթնացնում, իսկ կանացիության սահմանումներից մեկն էլ ոգեշնչելն է: Ոգեշնչել տղամարդուն: Կանացիությունը իր ցանկացած դրսևորման մեջ առաջացնում է հիացմունք: Ե՞րբ են ձեզանով վերջին անգամ հիացել՝ ինչ սիրուն շոր է, ինչ համեղ է, ոչ, դրանք չեն անցնում: Իսկապես հիացել, ոգևորվել, ոգեշնչվել, սիրահարվել, հանձնվել, սրա մասին է խոսքը:
Ինչու լինել կանացի
Իսկապես որ, դա առաջ էր, երբ մուկ տեսնելուց հետո ուշաթափվելը բոլոր խնդիրները լուծում էր և միակ զբաղմունքը ասեղնագործելն ու սիրելիից նամակներ սպասելն էր: Իսկ հիմա՞:  Վերջերս ինձ հարցրեցին՝ չե՞ս սիրահարվում, ասեցի՝չէ, ժամանակ չունեմ.. ամենաարդիկան ու սարսափելի պատասխանը, որ ես կարող էի տալ, բայց իրականում դա այդպես է։ ժամանակակից կինը տղամարդուց ոչ պակաս, իսկ տեղ-տեղ առավել ծանրաբեռնված է և դա տալիս է իր արդյունքը՝ բավարարվածություն, հաջողություն, ապահովություն, ուրեմն այս շարքում, թվում է, թե, կանացիությունը դառնում է ոչ կարևոր, գուցե կասեք, որ որոշ դեպքերում դա անգամ դարձնում է ավելորդ խոցելի: Իրականում պետք է լինել կանացի, քանի որ դա մեր բնությունն է: Իսկ երբ դեմ ես գնում բնությանը, հոգնածությունը, մաղձը, նյարդային լարվածությունը դառնում են քրոնիկ:
Ինչու՞ է շատերի համար կանացիություն ձեռք բերելը դժվար
Հոգեբանները ցանկացած խնդիր վերլուծելիս սկսում են ուսումնասիրել հաճախորդի մանկությունը։ Եթե դուք գանգատվում եք կանացիության պակասից, կամ նրանից, որ տղամարդիկ չեն տեսնում ձեր մեջ այն, չնայած ձեր բոլոր ջանքերին, ապա պետք է հասկանալ, որ բացի արտաքին ատրբուտները՝ խնամված մարմին, հագուստ և այլն, կարևոր է նաև էներգիան, մտածելակերպը և, իհարկե, վարվելակերպը: Ասել է թե՝ պարտադիր է լինել հասուն: Սպասել ձիով արքայազնի, ոչինչ չանել ու սպասել, որ ձեզ համար անեն, լինել կամակոր, պահանջել, մանիպուլիացայի ենթարկել, անվերջ տրտնջալ ու նվնվալ.  այս ամենը վանում է և քիչ չէ՝ քողարկում է ձեր բնածին կանացի էներգիան, պղտորում է նաեւ տղամարդունը, ով չգիտի, թե ինչպես փախչի:
Կնոջ էներգիան տան նման է՝ խաղաղեցնող, հանգտսացնող, պահպանող: Տղամարդը պաշտպանում է, իսկ կինը պահպանում, սա է բանաձևը: Սրանք բնածին դերեր են, որոնք խախտելու դեպքում զույգը ներդաշնակությունից զրկվում է:
Բայց ո՞ր տեսակն է կանացին
Միամիտ ու անմեղ, նուրբ ու քնքուշ աղջնակի կերպա՞րը, ով կախված է ամեն ինչում իր տղամարդուց: Նպատակասլաց ու հասուն, բարձր IQ-ով բովանդակալից կինը, ինքնաբավ ու խորհրդավոր ճակատագրական կինը, թե՞ իդեալական տնային տնտեսուհին՝ համեղ ապուրներով, իսկ գուցե հմայիչ ու գայթակղիչ սեքսուալ տիկնի՞կը… համաձայնեք, որ նրանցից բոլորը կարող են ունենալ կանացիության հմայքը: Ուրեմն ո՞րն է այդ գաղտնիքը:
1.Չձևացնել, այլ լինել: Տղամարդուն գրավելու համար կարելի է ձևանալ, օրինակ միամիտ աղջնակ, սիրահարված թաց աչքերով, բայց եթե մի օր այդ նուրբ աղջիկը հեռախոսով իր ստորադասին պախարակի ու հրամաններ տա փոքրիկ ֆաշիստի նման, ամեն ինչ ջրի երես դուրս կգա, կամ եթե տվյալ տղամարդուն դուր գալու համար մեկը կարող է իմաստուն ու հասուն կնոջ կերպար ընդունել, բայց եթե կրկին մեկ այլ օր, այս մի կինն էլ, ժամը մեկ զանգահարի իր տղամարդուն ու ասի՝ո՞ւր ես, ե՞րբ կհասնես, բա ո՞վ էր այն աղջիկը, ամեն ինչ կփչանա: Ողջ կյանքդ չես կարող թաթերի վրա ու ներս քաշած փորով ապրել, մի օր դա կբացահայտվի և կունենա բնական վերջաբան՝ ՙԵս քեզ չեմ ճանաչել, դու սրիկա ես՚:
1.Ճանաչել քեզ: Եզակի դեպքերում է, որ կինը այլ մարդ է ներկայանում, դա թերևս տղամարդկանց ավելի հատուկ է, իսկ կանանց խնդիրն այն է, որ հաճախ  իրենք իրենց չեն ճանաչում ամբողջությամբ ու չեն գիտակցում, թե այս կամ այն իրավիճակում ինչպիսին կլինեն: Անծանոթ են իրենց բնությանը, ուստի մինչ իրենց գտնելը, հասցնում են թե իրենք դժբախտանան, թե իրենց տղամարդուն դժբախտացնեն, ով խոստացված կանացիությունն ու խաղաղեցնող էներգիան այդպես էլ չի ճաշակում: Այո, մենք բազմակողմանի ենք՝ կարող ենք այսպիսին էլ լինել, այնպիսին էլ, և դա է մեր հմայքը, բայց քիմիկոսը ինչքան էլ լավ պատրաստի ու ինչքան էլ լավ պարի, պարի մրցույթում և խոհարարական մրցույթում կպարտվի, այնինչ նա կարող էր լինել լավագույն քիմիկոսը, եթե մրցեր լաբարատորիայում, ոչ թե պարահրապարակում:
Երևի թե շատ կանայք են լսել, ի դեպ ինձ էլ են ասել՝ բոլորը կերազեին լինել քո փոխարեն, իսկ դու… Սկզբից մեղքի զգացումը գլուխ է բարձրացնում, հետո մի անգամից հասկանում ես, որ քո փոխարեն ոչ ոք չէր կարող լինել, դա կլիներ մեկ ուրիշը, բայց ոչ դու.. այնպես որ հանգիստ եղեք, մենք ամենքս ունենք մեր սեփական միջատները մեր ուղեղում և այն, ինչ մեզանից պահանջվում է՝ գտնել մեր յուրահատկությունն ու մեր հմայքը, խարիզման, հիմնել դրա վրա ու թողնել, որ բացահայտվի մեր կանացի բնությունը, որը այդքան հաջողությամբ ճնշում ենք արհեստականության, վախերի ու ուժեղ լինելու մահակով:

Կանացիությունը այն միակ զենքն է, որին տղամարդիկ պատրաստ են պարտվել:Այո, կին լինելը դժվար, բայց ուժեղ խաղաքարտ է:

Wnews.am-ի հատուկ թղթակից Արմինե Ճաղարյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...