Կին, ով կարդում է. Մարգարիտ Եսայան

Wnews.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակում հայտնի կանանց հետ զրուցում ենք բացառապես գրքերի մասին։ Այս անգամ մեր զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Տիկին Եսայանը չնայած  զբաղվում է քաղաքական ու հասարակական ակտիվ գործունեությամբ,  3 զավակների մայր է  և 4 թոռնիկների տատիկ,  միշտ ժամանակ է գտնում գիրք կարդալու համար:

-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին գիրքը: Ի՞նչ տպավորություն թողեց այն:

-Այո, հիշում եմ, քանի որ շատ փոքր հասակից ես գրքերի հանդեպ հատուկ սեր ունեի, դեռ հինգերոդ դասարանում էի, երբ կարդացի <Ռոբինզոն Կրուզո> -ն , կարդացի ու հասկացա կյանքի ամենակարեւոր դասը՝ մարդ բոլոր իրավիճակներից պիտի կարողանա ելք գտնել եւ չեն լինում անելանելի վիճակներ, հասկացա, որ բնության մեջ ամենաուժեղ եւ խելացի տեսակը մարդն է, աշխատասեր ու չհանձնվող մարդը եւ, անգամ այն պահերին, երբ թվում է կյանքդ անցնում է անհասկանալի վայրերում եւ դժվարությունների մեջ, պիտի կարողանաս ոտքի կանգնել, հավատաս ինքդ քեզ եւ վստահես քո սեփական ուժերին, նաեւ՝ ներդաշնակ լինես բնությանը, քեզ զգաս բնության մասնիկ եւ ուժեղ։

-Հիմա նույն գիրքը խորհուրդ կտա՞ք Ձեր զավակներին:

-Արդեն իմ զավակները այնքան գիրք են կարդացել, որ թվարկելն անհնարին է, այո’, խորհուրդ տվել եմ անշուշտ, բայց եւ անվիճելի է, մարդիկ իրենք պիտի գտնեն այն գրքերը, որ իրենց հարկավոր են, հիմա իմ զավակներն են ինձ խորհորդ տալիս կարդալ այս կամ այն գիրքը։

– Տարիների հետ ինչպե՞ս են փոխվել գիրք կարդալու Ձեր ժանրային նախասիրությունները:

– Առաջ ես ավելի հակված էի պոեզիա կարդալ, սիրում էի անգիր սովորել բանաստեղծություններ, հեքիաթներ, այո, ես մեծ թվով հեքիաթներ Հովհաննես Թումանյանի եւ Ա․Պուշկինի մշակումներով անգիր գիտեմ, մի տեսակ հաճելի զբաղմունք էր դա իմ մանկության եւ պատանեկության տարիներին, հետո, ավելի երիտասարդ տարիքում սկսեցի դրամաներ, պիեսներ կարդալ, օրինակ, <Տիկնիկների տունը> Իբսենի, ինձ համար շատ հարազատ է, հետո ես գերվեցի Ջեկ Լոնդոնով, բոլոր տասներկու հայերեն թարգմանված հատորները տարիներ շարունակ իմ սեղանի գրքերն էին, հետո՝ Ռեմարկին էի սիրահարված, հետո, երբ սկսեցի զբաղվել քաղաքական լրագրությամբ, անցա փիլիսոփաներին, քաղաքագետներին,մի քիչ հետ գնալով ասեմ, որ Ֆրեյդի գրքերը դեռ ուսանող տարիներին կարդում էի կրկնօրինակված տարբերակով, քանի որ այդ տարիներին, խորհրդային գրախանութներում անհնարին էր գտնել Ֆրեյդ։

-Որքան արգելում էին այդքան շա՞տ էինք կարդում : 

-Ինձ երբեք ոչինչ չեն արգելել, ես մեծացել եմ ազատ ու անկախ, երբմեն՝ ի զարմանս շրջապատի, չափազանց ազատ, բայց ինքս երբեք այդ ազատությունը չեմ շփոթել անարխիայի հետ, գուցե եւ այս մասին իմ սիրելի Ֆրեյդի հետ մի քիչ կարող եմ վիճել, բայց այո, ձեր հարցում կա ճշմարտություն, թեպետ եթե կեսկատակ ասեմ, դա ամենփոքրիկ երեխաներին է վերաբերում։

– Հեղինակներ, որոնց գրքերը հետևողական, իրար հաջորդելով կարդացել եք:

– Վիլյամ Սարոյան,Հոմեր, Ձոն Սթեյնբեք, Չեխով, Բուլգակով, Դիկկենս, Նարեկացի, Ռեմարկ, Էկզյուպերի, Յասունարի Կավաբատա, այսօր՝ Մուրակամի․․․․ շատ նոր եւ ինքնատիպ հեղինակներ կան, որոնց, ցավոք, չեմ հասցնում կարդալ, մեծ ափսոսանք կա․․․այսօր գրականությունն աշխարհում նույնքան արագ է զարգանում, որքան ՏՏ ոլորտը եւ դժվար է հասնել այս գրական բումի ետեւից, բայց պիտի հասնել․․․

-Գրքեր, որոնք կիսատ եք թողել և ո՞րն է պատճառը:

– Շատ են, լինում է, սկսում եմ գիրքը եւ կիսատ եմ թողնում, մի քանի պատճառով՝ չեմ ուզում ավարտվի, ուզում եմ երկար վայելել, կամ՝ դժվար եմ մարսում եւ հոգնում եմ կարդալիս, ծանրաբեռնում է, կարդում եմ ժամանակի մեջ, ընկալում է փոխվում, զգացողություն։

-Գրքի հերոսուհիներ, կերպարներ, որոնց մեջ Ձեզ տեսնում եք,նմանեցնում եք:

-Սովորաբար ինձ ավելի հոգեհարազատ են դառնում տղամարդկային կերպարները, օրինակ՝ Դոն Կիխոտ․․․․

-Որովհետր հաճախ եք զգում, որ կռվում եք հողմաղացների դե՞մ: 

-Եվ դա եւ այն, որ մտածում եմ մարդն իր միամիտ ազնվությամբ կկարողանա աշխարհն ավելի լավը դարձնել։

-Ձեր կարդացած սիրո պատմությունը, որին հավատում եք:

– Արդեն չեմ հիշում, որովհետեւ մարդկության կյանքում տեղի են ունենում վերաձեւակերպումներ եւ սիրո ընկալումը փոխվում է ժամանակի մեջ եւ եթե առաջ կասեի՝ Տրիստան եւ Իզոլդա, կամ՝ Մարգարիտ եւ Արման Դյուվալ, այսօր պիտի ասեմ, որ նաեւ դրանց չեմ հավատում, տեսեք, չեմ ասում Ռոմեո եւ Ջուլիետ, քանզի չեմ հավատում նաեւ այս գործին, Շեքսպիրն ինձ համար <Հենրիխ 4-րդ>-ն ու <Համլետն> է, <Լիր արքան> եւ ոչ թե Ջուլիետը, հանուն սիրո մեռնելը մերժում եմ․․․

-Գիրք, որի վերջաբանն այլ կերպ կգրեիք:

-Չկա, ամեն հեղինակ ինքն է ընտրում տվյալ պահի իր ապրումի եւ զգացողության հենքի հիման վրա, այսօր ես տպագրության եմ պատրաստում իմ՝ թվով չորրորդ գիրքը եւ ահավոր տքնում եմ հենց վերջաբանի վրա , հընթացս գրված վերջաբանը մի օր ջնջեցի, վիճեցի ինքս ինձ հետ, փորձեցի փոխել ու ընկա կրակը, քանի որ բավական երկար ժամանակ է, ինչ չեմ գտնում այլ վերջաբան եւ շարունակ վերադառնում եմ առաջին պահին գրածիս, այնպես որ եկեք հեղինակներին թողնենք իրենց վերջաբանների հետ, անշնորհակալ եւ տաժանակիր գործ է, ասում եմ որպես հեղինակ․․․

– Հիմա ի՞նչ գիրք եք ընթերցում:

-Վերընթերցում եմ ՀՀ Սահմանադրությունն եւ <Ընտրական օրենսգիրք>, շատ ընթեռնելի գրքեր են․․․․․

– 3 must-read գրքեր՝ Մարգարիտ Եսայանից:

1․<Փոքրիկ իշխանը>

2․Դոստոեւսկու <Ապուշը>

3․Դուգլաս․ Ադամս <Ավտոստոպով ճամփորդողի ուղեցույցը գալակտիկայում>, գիտաֆանտաստիկ գիրքը

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...