Կին, ով կարդում է . Հրաչուհի Ութմազյան

Wnews.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակում հայտնի կանանց հետ զրուցում ենք բացառապես գրքերի մասին։
Այս անգամ մեր զրուցակիցը հաղորդավարուհի, դերասանուհի Հրաչուհի Ութմազյանն է: Չնայած զբաղվածությանը՝  նա միշտ ժամանակ ունի գիրք կարդալու համար:

–Հիշո՞ւմ եք Ձեր առաջին գիրքը: Քանի՞ տարեկան էիք, երբ կարդացիք:

-Առաջին գիրքը, ինչպես և շատ երեխաների համար եղել է Այբբենարանը, երբ գնացի դպրոց: Իսկ հետո մանկական Աստվածաշունչը, արդեն ութ տարեկանում:

– Տարիքի հետ ինչպե՞ս է փոխվել գիրք կարդալու Ձեր ժանրային նախասիրությունները։

-Տարիքի հետ փոխվել է ընկալումս: Ես նույն գիրքը կարող եմ կարդալ կյանքիս տարբեր շրջաններում ու ընկալել նորովի: Հերոսներին ճանաչել նորից ու դիտարկել կյանքիս տվյալ շրջանի պրիզմայից:

– Հեղինակներ, որոնց գրքերը հետևողական, իրար հաջորդելով կարդացել եք:

-Շատ հեղինակներ կան, ում գրքերը կարդացել եմ մեկը մյուսից հետո: Հիմնականում դպրոցական տարիներին: Ռուսական գրականության պարագայում հատկապես. Գոգոլ, Չեխով, Տուրգենեվ ու այպես շարունակ…Երբ փոքր էի ու ինչ-որ նոր գիրք կարդալուց առաջ հարցնում էի ծնողներիս գրքի մանրամասների մասին, մինչ ինքս կկարդայի, երբեմն նրանք կարող էին ինձ պատասխանել, որ չեն հիշում, վաղուց են կարդացել: Ես էլ զարմանում էի. ինձ թվում էր, թե գիրքը մեկ անգամ կարդալուց հետո պետք է որ հիշես ողջ կյանքիդ ընթացքում ու մանրամասնորեն: Հիմա եմ միայն հասկանում ծնողներիս:

– Գրքեր, որոնք կիսատ եք թողել և ինչու:

-Ես աշխատում եմ կյանքում ոչինչ կիսատ չթողնել՝ առավել եւս գրքերը:

– Գրքի հերոսուհիներ, կերպարներ, որոնց մեջ Ձեզ տեսնում եք,նմանեցնում եք:

-Հետաքրքրիր է, բայց երբեք չեմ մտածել այդ մասին: Ես հերոսներին ընկալել եմ իրենց տեսակի մեջ, ինչպես եւ իրական կյանքում մարդկանց պարագայում. չէ՞ որ այդ հերոսները կյանքից են վերցված: Բայց ինքս ինձ հետ չեմ համեմատել երբեւէ:

– Ձեր կարդացած սիրո պատմությունը, որին հավատում եք:

-Ես հավատում եմ իմ կյանքի գալիք սիրո պատմությանը:

– Գիրք, որի վերջաբանն այլ կերպ կգրեիք:

-Իմ գրքի վերջաբանը, որը մի օր անպայման գրելու եմ:

–Գիրք, որը հիմնովին փոխել է Ձեր աշխարհայացքը։

-Չկա այդպիսի գիրք, որը լիովին ու հիմնովին փոխել է իմ աշխարհայացքը: Ամեն գրքի մեջ կա իր ճշմարտության հատիկը, որը վերցնում ես քեզ հետ, բայց դա չի կարող լիովին փոխել աշխարհի իմ ընկալումը ամբողջովին:

– Հիմա ի՞նչ գիրք եք ընթերցում:

-Այս պահին կարդում եմ Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վիպակը:

–Երեք must- read գրքեր՝ Հրաչուհի Ութմազյանից:

-Դժվար է առանձնացնել միայն երեքը, բայց կփորձեմ.

Աննա Գավալդա «Պարզապես միասին»

Նարինե Աբգարյան «Երկնքից ընկավ երեք խնձոր»

Վ. Սարոյան «Մարդկային կատակերգություն»

Դե իսկ Անտուան դը Սենտ-էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» պետք է կարդան բոլորը, շատ անգամներ, յուրաքանչյուր տարիքում ու ընկալեն այն փոքրիկ ճշմարտությունները, որոնք իրականում շատ կարևոր են ու ապրեցնող:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...