Կին, ով կարդում է. Գոհար Հայրապետյան

Wnews.am-ը շարունակում է հարցազրույցների շարք, որի շրջանակում հայտնի կանանց հետ զրուցում ենք բացառապես գրքերի մասին։
Այս անգամ մեր զրուցակիցը հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանն է: Գոհարն իսկական մոտիվացիա է բոլոր այն կանանց համար, ովքեր դժգոհում են, թե ոչինչ չեն հասցնում: Հաղորդավարուհին ոչ միայն ղեկավարում է մի քանի նախագծեր, ունի հրաշալի ընտանիք, փոքրիկ Եվայի մայրիկն է և ժամանակ է գտնում  գիրք կարդալու համար:

Հիշո՞ւմ եք Ձեր առաջին գիրքը: Քանի՞ տարեկանում էիք, երբ կարդացիք: 

– Ինչ հիշում եմ ինձ կարդում եմ, այդ պատճառով շատ վատ տեսողություն ունեմ: Բայց անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ առաջին գիրքը չեմ հիշում: Հավանաբար ինչ-որ հեքիաթի գիրք է եղել: Փոխարենը կարող եմ ասել, թե որ գիրքն եմ հստակ հիշում, և ինչն է ինձ դրդել կարդալ այն: Մեր բարեկամներից մեկը տանը պատահաբար ձեռքս վերցրի Իվան Եֆրեմովի «Թաիս Աթենուհին» գիրքը ու սկսեցի թերթել: 10 տարեկան էի: Մեր բարեկամն ասաց, որ ես շատ փոքր եմ այդ գիրքը հասկանալու համար: Բնականաբար, ինձ մոտ անմիջապես ցանկություն առաջացավ այն կարդալու: Մի շնչով կարդացի ու «մնացի» այդ գրքի տակ: Անպայման խորհուրդ եմ տալիս կարդալ:

-Հիմա նույն գիրքը խորհուրդ կտա՞ք ձեր դստերը կարդալ:

-Եվա բալան բոլորովին այլ ոճի բալա է: Չեմ կարծում, որ իրեն այդ գիրքը հետաքրքրի: Պետք է հաշվի առնենք նաև սերունդների տարբերությունը:

Տարիքի հետ ինչպե՞ս է փոխվել գիրք կարդալու Ձեր ժանրային նախասիրությունները։

– Օհ, շատ բան: Քանի որ ես տարիքով, ծեր կին եմ, այդ պատճառով հրաշալի հիշում եմ այն ժամանակները, երբ չկար ինտերներնետ, չկար kindle, չկար այն հսկա օնլայն գրադարանը, որն այսօր ընթերցասերների տրամադրության տակ է: Ու ես ստիպված գրանցված էի բոլոր հնարավոր գրադարաններում, քանի որ «խժռել» էի մեր և մեր ծանոթների գրադարակների պարունակությունը: Հիմա՝ այս թվային դարում, ես ավելի գուրման եմ դարձել: Նախընտրում եմ կարդալ պատմական վեպեր, գիտական ֆանտաստիկա: Ու նաև շատ եմ սիրում ժամանակակից գրողներին, որոնք մի տեսակ նոր լեզվով են գրում: Լեզու, որը սոցցանցերի հակիրճ ոճից է առաջացել:

Հեղինակներ, որոնց գրքերը հետևողական, իրար հաջորդելով կարդացել եք:

­– Այզեկ Ազիմովին սիրահարվեցի այդ տաղանդավոր հրեայն առաջին տողից ու կարդացել եմ նրա բոլոր գրքերը: Ի դեպ, հանճարեղ տիպ էր. սրանից դեռևս կես դար առաջ մարդը կանխատեսել էր ու իր գրքերում մանրամասն նկարագրել ինտերնետ կոչվող հրաշքը: Ու թեև գրել է ռոբոտների մասին, բայց նրա երկաթե մեքենաները հաճախ մարդկանցից ավելի մարդկային են: Մյուսը՝ Մարտա Կետրո: Ֆանտաստիկ կին գրող… երբ կարդում ես սիրո, հարաբերությունների, կանանց ու տղամարդկանց մասին նրա գրածները, ասում ես՝ ա՜խր ես հենց սա զգացել եմ, վերապրել եմ, բայց չեմ կարողացել դա այսպես ձևակերպել: «Դեպրեսիայի ժամանակ ես մազերս կարմիր ներկեցի, որ իմ դևերը հետքերս կորցնեն»: Չգիտեմ, ինձ դուր է գալիս նրա ոճը:

Գրքեր, որոնք կիսատ եք թողել:

– Գիրքը սիրավեպ չէ, որ կիսատ թողնես: Գիրքը չի կարելի կիսատ թողնել: Ցանկացած գիրք, որը ձեռքդ ես վերցրել, պետք է մինչև վերջ կարդաս: Ու կամ սիրես կամ մոռանաս այլևս դրա մասին:

–  Գրքի հերոսուհիներ, կերպարներ, որոնց մեջ Ձեզ տեսնում եք, նմանեցնում եք:

– Ես ինձ դժվարանում եմ որևէ հերոսուհու նմանեցնել: Բայց ընկերներս հաճախ նմանեցնում են Սքարլետ Օ’Հարային՝ «Քամուց քշվածները» գրքից:

-Սքարլետը չափազանց հակասական կերպար է՝ ուժեղ, ինքնուրույն, միևնույն ժամանակ էգոցենտրիկ, իշխող, հատկապես, ո՞ր հատկանիշն են ձեզ նմանեցնում:

-Նույն հարցը իրենց եմ տվել: Ասել են՝ հենց այդ հակասությունը, կյանքի հանդեպ սերը ու ոչ մի գնով չհանձնվելու համառությունը:

Ձեր կարդացած սիրո պատմությունը, որին հավատում եք:

– Նաբոկով «Լոլիտա»: Էդուարդ Լիմոնով «Ես Էդիչկան եմ»:

-Անսպասելի էր: «Ես Էդիչկան եմ» չեմ կարդացել, բայց «Լոլիտա»-ն բավական սկանդալային գիրք է՝ պեդոֆիլիկ կոնտեքստով: Ինչո՞ւ հենց այդ սերը: 

-Իմ մագիստրական  աշխատանքը հետևյլան էր՝ «Մանկության թեման Նաբոկովի ստեղծագործություններում»: Բավականին մազ եմ ճերմակացրել այդ ամենն ուսումնասիրելով ու գիտեմ, թե ինչ գրքեր են նախորդել Լոլիտային: Ցավոք, այն բոլորովին այլ՝ պեդոֆիլիկ կոնտեքստում է ընկալվում շատերի մոտ: Բայց դա այդպես չէ: Ամեն ինչ ավելի խորն է: Չեմ ուզւոմ երկար բացատրել, պարզապես ասեմ, որ ես ավելի հավատում եմ տարիքով տղամարդու ու դեռահաս աղջկա այդ սիրո ռեալ պատմությանը, քան երկու դեղնակտուց երիտասարդների մտացածին սիրուն:  Ի՞նչ սեր է: Իրական, քայքայիչ, կործանիչ: Որվհետև իրական, մեծ սերը հեփի էնդ չի ունենում: Ու չի ավարտվում «Օջախ» ռեստորանում հարսանիքով ու հետագայում հիփոթեքի համատեղ ձևակերպումով: Ու Էդիչկայում նույն այդ սերն է, ինչ որ Լիլիտայում:

 – Գիրք, որի վերջաբանն այլ կերպ կգրեիք:

Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի վերջաբանը կփոխեի: Անարդար է, Ջրահարսիկը չպետք է դառնար ծովի փրփուր, իսկ երես առած արքայադուստրը նրա փոխարեն վայելեր արքայազնին: Մանկուց ատել եմ այդ արքայադուստրին:

Գիրք, որը հիմնովին փոխել է Ձեր աշխարհայացքը։

Մի գիրք չի կարող փոխել մարդու աշխարհայացքը: Այդ գործընթացին շատ գրքեր են մասնակուցում:

Հիմա ի՞նչ գիրք եք ընթերցում:

– Ջեֆրի Եվգենիդիս «Միջին սեռ»:

Երեք must- read գրքեր՝Գոհար Հայրապետյանից

Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան», Նարինե Աբգարյան «Երկնքից երեք խնձոր ընկավ», Օմար Խայամի քառյակները կամ, ինչպես ինքն էր կոչում, Ռուբայները:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...