Կին, ով կարդում է. Էլինար Վարդանյան

Wnews.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակում հայտնի կանանց հետ զրուցում ենք բացառապես գրքերի մասին։
Այս անգամ մեր զրուցակիցը  Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանն է։ Կին քաղաքական գործիչը՝  չնայած  իր զբաղվածությանը , երկու զավակների մայր լինելու փաստին, միշտ ժամանակ  ունի գիրք կարդալու համար:
-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին գիրքը: Քանի՞ տարեկանում եք կարդացել եւ ի՞նչ տպավորություն  է թողել Ձեզ վրա։
-Առաջին գիրքը, որ կարդացել եմ եղել է ՛՛Չիպոլինոյի արկածները՛՛: Կարդացել եմ հինգ տարեկանում: Քանի որ քույրս մեծ է երկու տարով, ես տառերը սովորել եմ իր հետ, և արդեն հինգ տարեկանում վարժ կարդում էի: Երբ քրոջս համար գրադարանից վերցրել էին առաջին գիրքը, մայրս ինձ համար վերցրել էր ՛՛Չիպոլինոյի արկածները՛՛, վստահ լինելով, որ հակառակ դեպքում քրոջս գիրքն եմ ձեռքից վերցնելու: Գրքից ստացած տպավորությունը չեմ հիշում, բայց հիշում եմ, որ այդուհետ գիրք կարդալը դարձավ կենսական պահանջ:
Տարիքի հետ ինչպե՞ս է փոխվել գիրք կարդալու Ձեր ժանրային նախասիրությունները։
-Առաջին, երկրորդ դասարանում կարդացել եմ բոլոր հնարավոր հեքիաթները, դրանք բարի էին, իմաստուն: Երբ հեքիաթները սպառվեցին, սկսեցի կարդալ արկածային գրականություն, ինչպես երևի այդ տարիքում շատ-շատերը: Իսկ հետո եկան դետեկտիվները, գիտաֆանտաստիկ ժանրը, պատմավեպերը, հին դիցաբանությունը, ռուսական դասական գրականությունը։ Եվ իհարկե կարդացել եմ դպրոցի համար պարտադիր հայ հեղինակների ստեղածագործությունները: Տարիքի հետ անցում կատարեցի դեպի մասնագիտական գրականություն:
Հեղինակներ, որոնց գրքերը հետևողական, իրար հաջորդելով կարդացել եք:
-Նրանք շատ են, բնականաբար Շեքսպիր, Ագաթա Քրիստի, Բուլգակով, Մարկես, Հեմինգուեյ… հաշվի առնելով, որ ժամանակին վաճառվում էին հավաքածուներ, հնարավորություն եմ ունեցել կարդալ բազմաթիվ հեղինակների գրքեր:
Գրքեր, որոնք կիսատ եք թողել և ո՞րն է պատճառը:
-Չեմ հիշում որևէ գիրք, որ կիսատ եմ թողել; Իհարկե, եղել են գրքեր, որոնք մի փոքր բարդ է եղել ընթերցելը, երկար եմ ընթերցել, բայց անպայման վերջացրել եմ: Օրինակ՝ Մաքիավելիի ՛՛Տիրակալը՛՛ բավականին վաղ տարիքում եմ կարդացել, երևի դա էր պատճառը, որ յուրաքանչյուր դարձվածք երկար վերլուծում էի:
Գրքի հերոսուհիներ, կերպարներ, որոնց մեջ Ձեզ տեսնում եք, նմանեցնում եք:
-Ինձ պետք չէ նմանեցնել որևէ կերպարի, որովհետև ես կարդալու ընթացքում վերապրում եմ հերոսի ապրումները, որոշումները:
Ձեր կարդացած սիրո պատմությունը, որին հավատում եք: 
Կարդացածս սիրո պատմությունը, որին հավատում եմ Ջեյն Օսթինի ՛՛Հպարտություն և նախապաշարմունքն՛՛ է:
-Այսինքն սեր՝ բացարձակ  տարբեր  մարդկանց մի՞ջև:
-Այսինքն սեր՝ վեր նախապաշարմունքներից՝ հաղթահարելով հպարտությունը։
Գիրք, որի վերջաբանն այլ կերպ կգրեիք:
-՛՛Գիքորը՛՛. հիշում եմ, թե որքան եմ լաց եղել այն կարդալիս:
– Որովհետև happy end-ի էիք սպասո՞ւմ:
Ոչ, այնպես չէ, որ ամեն ինչում happy end եմ սպասում, բայց կարծում եմ երեխաների դեպքում happy end- ը պարտադիր է։ Ճիշտ է, երբեմն իրականությունից չես փախչի, բայց երեխաները միշտ հուսալի ապագայի հնարավորություն պետք է ունենան։
-Գիրք, որը հիմնովին փոխել է Ձեր աշխարհայացքը։
-՛՛Փոքրիկ իշխանը՛՛. յուրաքանչյուր տարիքում այն յուրովի ես ընկալում: Ես նույնիսկ դեռ չէի կարդացել, բայց սիրահարվել էր այդ ստեղծագործությանը: Հիշում եք մի ժամանակ տներում կային ռադիոընդունիչներ, և հաղորդումներից մեկում մաս-մաս կարդում էին այս հրաշք ստեղծագործությունը: Ես նույնիսկ կրկնություններն էի լսում: Հետո, երբ ինքս կարդացի, հայտնագործեցի մեկ ուրիշ փոքրիկ իշխան, երեխաներիս համար կարդալիս, նա բոլորովին ուրիշ է:
Հիմա ի՞նչ գիրք եք ընթերցում:
-Հիմա ավելի շատ օրենքի նախագծեր և քաղաքագիտական վերլուծություններ եմ կարդում: Բայց եթե մի քանի րոպե ազատ ժամանակ եմ գտնում, փորձում եմ գեղարվեստական գիրք էլ կարդալ: Հիմա կարդում եմ Կուրտ Վոննենգուտի ստեղծագործությունները:
– Ինչո՞վ է ձեզ հետաքրքրել Վոննենգուտի  գիտաֆանտաստիկ գրականությունը:
– Վոննենգուտի ստեղծագործություններում ինձ գրավել է գրոտեսկի, այլաբանության և նաև սև երգիծանքի նուրբ դրսևորումները:
  -Երեք must- read գրքեր՝ Էլինար Վարդանյանից։
-Յուրաքանչյուր գիրք ունի իր խորհուրդներն ու պատասխանները, որոնք դու ստանում եմ քո կյանքի որոշակի փուլում, առաջնորդվում ես դրանցով կամ մերժում դրանք: Եթե փորձեմ առանձնացնել երեքը, որոնք իմ կյանքում ունեն իրենց կարևոր տեղն ու դերը, ապա դրանք են Էքզյուպերիի ՛՛Փոքրիկ իշխանը՛՛, Մարկեսի ՛՛Հարյուր տարվա մենությունը՛՛ և Բուլգակովի ՛՛Վարպետը և Մարգարիտան՛՛:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...