Ինչու չարժե համացանցում կիսամերկ լուսանկար տեղադրել

Սոցիալական ցանցերում օրեցօր ավելի հաճախ կարելի է հանդիպել աղջիկների, ովքեր էջերում տեղադրում են իրենց համարձակ, կիսամերկ լուսանկարները։ Շատերն անգամ դիմում են «պրոֆեսիոնալ» լուսանկարիչների ովքեր նրանց համար հատուկ ֆոտոշարք են անում։
Խոսքը, բնականաբար, մոդելների մասին չէ։
Հոգեբան Սոնա Մարտիրոսյանը Wnews.am-ի հետ զրույցում նշեց, որ դա իրենից հոգեբանական որոշակի խնդիր է ներկայացնում.

nkae1

«Գեղեցկությունն իհարկե հիանալի է, սակայն այն չպետք է լինի աղջիկների ինքնավստահության միակ միջոցը։ Աղջիկը կարող է լինել գեղեցիկ, իդեալական կազմվածքով, նա կարող է հայելու առջեւ հիանալ իրենով, քայլել փողոցում եւ իր հասցեին գեղեցիկ խոսքեր լսել, սակայն նա պետք է հիշի, որ իդեալական մարմինը բավարար պատճառ չէ կիսամերկ լուսանկարներ հրապարակելու համար»,- նշեց հոգեբանը։
Նրա խոսքով, օրինակ, գեղեցիկ կրծկալով կամ թափանցիկ վերնաշապիկով լուսանկարը միեւնույնն է, աղջկան մոդելի չի վերածում։
«Եթե նման կերպ լուսանկարվում եք եւ դրա համար գումար չեք վաստակում, ապա դա էժանագին քայլ է»,- ասում է նա։

kk
Հոգեբանի պնդմամբ, նման աղջիկները թերարժեքության եւ ինքնահաստատման խնդիր ունեն։
«Ֆեյսբուքյան լայքերը ստիպում են ավելի ինքնավստա՞հ զգալ, դիմեք հոգեբանի ոչ թե ֆոտոապարատի օգնությանը։ Սեփական արժանապատվության զգացողությունը պետք է գա մարդու ներսից։ Ավելի պարզ արտահայտվելու համար օրինակ բերեմ. որեւէ բրենդային լողազգեստով «պրոֆեսիոնալ» լուսանկարը դիտող անծանոթները կմտածեն, որ մոդել եք եւ դրա համար գումար եք ստանում։ Ձեզ պետք է վճարեն, սակայն եթե մերկացնում եւ ցուցադրում եք մարմնի ինտիմ մասեր անվճար, ապա գիտակցեք, որ դա ապարդյուն է։ Մոդելներն աշխատում են, իսկ ի՞նչ եք անում Դուք…»։
Հոգեբանը խորհուրդ է տալիս չզբաղվել ինքնախաբեությամբ, քանի որ լուսանկարները հավանում եւ դրանց տակ մեկնաբանություններ են թողնում ոչ թե նրա համար, որ Ձեզ սիրում են, այլ որովհետեւ նրանք նույնն անում են մյուս բոլոր կիսամերկ լուսանկարների դեպքում։
«Եթե ցանկանում եք մոդել դառնալ, ապա պորտֆոլիո հավաքեք ու դիմեք համապատասխան մոդելային գործակալության, հակառակ դեպքում ստացվում է, որ Ձեր ինքնագնահատականն եք փորձում բարձրացնել բոլորովին անտրամաբանական մեթոդով։
Դուք կարող եք դառնալ այն, ինչ ուզում եք. մոդել, դերասանուհի, լրագրող, բժիշկ եւ այլն, պարզապես պետք է ձգտել եւ իսկապես ցանկանալ դա։
Շարժվեք սեփական արժանապատվության զգացողությամբ, մի վաճառեք Ձեր հանդեպ հարգանքը, որը նման քայլերով հավասարվում է գրեթե զրոյի»,- եզրափակեց հոգեբանը։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...