Մայա Պողոսյանի գեղեցկության գաղտնիքները

Գեղեցկուհի Մայա Պողոսյանը վստահեցնում է, որ երբևէ վիրատահական միջամտության չի դիմել։ Wnews.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց արտաքին տեսքի խնամքի իր միջոցները։ Խոսելով մաշկի խնամքի մասին` Մայա Պողոսյանն ասաց, որ թեպետ իր մաշկը երբեւէ պրոբլեմատիկ չի եղել, այնուամենայնիվ զբաղվում է մաշկի ընթացիկ խնամքով ինչպես տնային պայմաններում, այնպես էլ երբեմն գեղեցկության սրահ այցելելով։ «Օգտվում եմ մաշկի խնամքի համար նախատեսված հիմնականում ճանաչված ապրանքանիշերի միջոցներից։ Դրանցից են ”Maystar”-ը (պաշտոնապես ներկայացված է նաեւ Հայաստանում), ”Lierac”-ն, Algotherm-ը»,- նշեց նա։

 

Հարցին, թե արդյո՞ք ինքնուրույն պատրաստում է բնական միջոցներից դիմակներ, Մայա Պողոսյանը պատասխանեց, որ ուսանողական տարիներին պատրաստում էր, իսկ այժմ ժամանակի սղության պատճառով չի հասցնում։ Խոսելով վարսերի խնամքի մասին, Մայա Պողոսյանն ասաց, որ օգտվում է հիմնականում ՛՛Kerastase” ապրանքանիշից։

«Վարսերիս մեծ ուշադրություն եմ դարձնում, քանի որ բաց երանգի են եւ պահանջում են հետեւողական եւ ուշադիր խնամք՝ հատկապես երբ ծով եմ գնում կամ լողավազան այցելում։ Ժամանակ առ ժամանակ մազերիս արմատներին քսում եմ երիժակի յուղ (репейное масло)»,- ասաց նա։

Մայա Պողոսյանի վստահեցմամբ՝ հաճախ ընդհանրապես չի դիմահարդարվում.

«Եթե չունեմ կոնկրետ միջոցառում կամ արարողություն, որին պետք է ներկա գտնվեմ, առօրյայում շատ հաճախ առանց դիմհարդարման եմ լինում»։ Մայա Պողոսյանը, ով աչքի է ընկնում սլացիկ կազմվածքով, պատմեց նաեւ իր սննդակարգի մասին.

«Կարծում եմ, որ ցանկացած կին պետք է միշտ հետեւի իրեն եւ խնամված լինի։ Ինքս երբեւէ դիետաների կամ հստակ սննդակարգի չեմ հետեւել, սակայն երբ զգում եմ, որ ցանկանում եմ 2 կգ-ով նիհարել, պարզապես մի քանի օր քիչ եմ սնվում եւ շատ շարժվում՝ արագ հասնելով իմ ուզած արդյունքին»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը պատմեց նաեւ, որ արդեն մի քանի ամիս է հաճախում է ՛՛Lady space՛՛ ֆիտնես ակումբ, սակայն դա անում է ոչ թե քաշը նվազեցնելու, այլ զուտ ձիգ կազմվածք ունենալու համար։ «Ինձ շատ է դուր գալիս սպորտով զբաղվելը, փորձում եմ սպորտը դարձնել իմ ապրելակերպի մի մասը»։

Մայա Պողոսյանը ժամանակ առ ժամանակ այցելում է նաեւ սպա կենտրոններ. «Իհարկե դա էլ ժամանակ է պահանջում եւ չեմ հասցնում շատ հաճախ այցելել, սակայն կարծում եմ, որ մարմնի մաշկը եւս խնամք է պահանջում»,- նշեց նա։

Հարցին, թե արտաքնի խնամքի հարցում ի՞նչ խորհուրդ կտա իգական սեռի ներկայացուցիչներին Մայա Պողոսյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ ցանկացած կին ամենալավն ինքն է ճանաչում իր օրգանիզմը: Նա պետք է հետեւողական լինի եւ կգտնի իր համար ամենաճիշտ սննդակարգն ու ապրելակերպը, որպեսզի ունենա իր ցանկացած արտաքինը։ Հասկանալի է, որ շատերը զբաղված են լինում, ունեն ընտանիք, երեխաներ, աշխատանք, բայց ցանկացած կին պետք է լինի խնամված, ինչը պայմանավորված չէ մեծ ֆինանսների հետ։ Եթե կինը ցանկանում է նիհարել, մեծ ցանկության ու կամքի ուժ դրսևորելու դեպքում իր մոտ կստացվի»։

Հարցին, թե արդյո՞ք կողմնակից է արտաքինում վիրահատական միջամտություններին, Մայա Պողոսյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր մարդ պետք է ապրի այնպես, ինչպես ցանկանում է։ Բնականաբար պետք է հաշվի առնել ռիսկային հավանականությունն ու առողջական վիճակը, սակայն եթե մարդուն անհանգստացնում է իր արտաքին տեսքը եւ նա բավարարված չէ դրանով, ապա կարող է դիմել վիրահատական միջամտության։ Մայա Պողոսյանը հերքեց լուրերը, թե ինքը դիմել է պլաստիկ վիրահատության.

«Ես ոչ մի վիրահատության չեմ դիմել, անկեղծ ասացի, որ խնամքի միջոցների դիմում եմ, սակայն վիրահատության չեմ դիմել, հետագայում, եթե դրա կարիքը լինի, հնարավոր է, դիմեմ»,- եզրափակեց նա։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...